Հիշում եմ՝ ինչ անտանելի դանդաղ էր անցնում ժամանակը, երբ փոքր էի... Ընդհանուր առմամբ էլ էր շատ դանդաղ անցնում, բայց հատկապես արձակուրդները ոչ թե պարզապես դանդաղ էին անցնում, այլ կարծես ընդհանրապես չէին անցնում. մի տաղտկալի հավերժություն՝ մեկը մյուսից չտարբերվող օրերով, անելիքի, իրադարձությունների, հնարավորությունների ու հավեսի իսպառ բացակայության խտացմամբ։ Չգիտեմ՝ ուրիշների մոտ ինչպես էր, բայց քանի որ մենք գրեթե երբեք չէինք գնում որևէ տեղ հանգստանալու, ու արձակուրդներն անցնում էին տանը թթված, ես, որ մինչ այդ անհամբեր սպասում էի դասերի վերջանալուն, արձակուրդների սկսվելուց շատ չանցած՝ արդեն սկսում էի օրերը հաշվել, թե երբ եմ նորից դասի գնալու։ Նույնիսկ հիշում եմ օրագրերս, որոնցում հաճախակի գրում էի. «Ե՞րբ են վերջապես ավարտվելու այս անիծյալ արձակուրդները...» կամ «Դասերի սկսվելուն մնացել է էսքան օր»։

Ժամանակի ընթացքը կտրուկ արագացավ դպրոցն ավարտելուցս հետո։ Ի տարբերություն շատերի՝ չեմ կարող ասել, թե ուսանողական տարիներն իմ կյանքի ամենահետաքրքիր կամ ամենահաճելի կամ ամենաանմոռաց տարիներն են եղել։ Չէ, իրականում շատ հեռու էին էդպիսին լինելուց։ Էնտեղ էլ տաղտուկը քիչ չէր, թեև, իհարկե, չէր կարող համեմատվել դպրոցական տարիների տաղտուկի հետ։ Բայց, չգիտես ինչու, ժամանակը սկսել էր սլանալ կատաղի արագությամբ։ Չգիտեմ՝ ինչն էր պատճառը, բայց էնքան հստակ եմ հիշում ժամանակի տեմպի էդ կտրուկ փոփոխությունը, էն անսովոր զգացողությունը, որ աչքդ թարթում ես, մեկ էլ տեսնում ես՝ էս մի ուսումնական տարին էլ անցավ–գնաց։ Ու էդ շրջանից սկսած՝ ժամանակի արագությունը գնալով մեծանում է, անընդհատ, էն որ շունչդ կտրվում է, չես հասցնում հասկանալ, թե ինչը երբ եղավ, ոնց եղավ... Միայն մի բան կա, որի հետ կապված կուզենայի արագացնել ժամանակը, մնացած բոլոր առումներով ուզում եմ հնարավորինս դանդաղեցնել։ Ոնց որ չհասցնես հետևել սեփական կյանքիդ ընթացքին։ Երբ տասը տարի առաջվա Ակումբային հանդիպման նկարները նայելիս թվում է, թե մեկ–երկու տարի առաջ էր, երբ գիտակցում ես, որ տղադ արդեն դպրոց պիտի գնա, բայց ախր կարծես բոլորովին վերջերս էր ծնվել... Ուսանողական տարիներին բոլորովին էլ դեմ չէի ժամանակի էդ արագ ընթացքին, բայց հիմա մի տեսակ չեմ ուզում, որ էսքան արագ անցնի, ուզում եմ կանգնեցնել, ինձ թվում է՝ չեմ հասցնում ամեն ինչ լիարժեք ապրել։ Երբեմն նայում եմ տղայիս համով մռութին ու ուզում եմ մտապահել, ինչ–որ կերպ հավերժացնել էդ աննկարագրելի պուպուշությունը, էդ տարիքին բնորոշ առանձնահատուկ վիճակները՝ խոսելաձևը, ընկալումները, մտածելակերպը, միամտությունը, հետաքրքրասիրությունը, հավեսը, որ մի օր անցնելու են, վերափոխվելու են, հիմիկվանը չեն լինելու...

Ես վաղուց մոռացել եմ, թե ինչ է ձանձրույթը. ուղղակի չկա էդ երևույթն իմ կյանքում, ու պատճառը բնավ զբաղված լինելը չի։ Ոչ միայն պարտականություններն ու անհրաժեշտ գործերը, այլև էն բաները, որոնցով ուզում եմ զբաղվել, էնքան շատ են, որ ուղղակի չեմ պատկերացնում, թե ոնց է հնարավոր ձանձրանալ։ Հակառակը՝ անընդհատ մտածում եմ՝ ո՞նց հասցնեմ անել էն բոլոր բաները, որոնք ինձ հետաքրքրում են, հաճելի են, օգտակար են։ Ժամանակն ինձնից փախչում է, իսկ ես անընդհատ փորձում եմ նրան բռնել ու կազմակերպել ուզածիս պես։ Դեռ չի հաջողվում։ Ամենաշատն անհանգստանում եմ, որ որոշ բաներ չեմ հասցնի ժամանակին անել, իսկ հետո արդեն ուշ կլինի։

Մեկ էլ շատ հուսով եմ, որ դեռ երկար կամ, ավելի լավ է, միշտ, ինձ քսան տարեկան կզգամ, ինչպես հիմա։ Որ չեմ կորցնի էն հավեսը, որ ունեմ հիմա մի շարք զբաղմունքների ու երևույթների նկատմամբ՝ անկախ նրանից, թե ժամանակն ինչ արագությամբ կվազի։ Ու որ ծովափին հետաքրքիր ու սիրուն խճաքարեր ու խեցիներ հավաքելը երբեք անիմաստ զբաղմունք չի թվա, այլ միշտ նույնքան հավես կլինի, որքան երեսուն տարի առաջ էր կամ թեկուզ հիմա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել