«Ես կարոտում եմ երգելուն, հանդիսատեսին, չէ՞ որ իրականում մենք դրա համար ենք։ Երջանիկ է այն արտիստը, ով շատ ելույթներ է ունենում, հաճախակի է հանդիպում իր հանդիսատեսին»,- երեկ կայացած համերգի ժամանակ BlogNews-ի հետ զրույցում ասաց երգիչ Արսեն Սաֆարյանը՝ նշելով, որ շուտով կբացվի «Սաֆքլաբը» և ինքն էլ հանդիսատեսին հանդիպելու առիթներ հաճախ կունենա. «Մի քիչ ավելի փոքր մասշտաբներով, սակայն լավ մենահամերգներ կունենամ»։

Արսենը չթաքցրեց, որ իր համերգները քչացել են նաև արտրեկրում։ «Ամեն ինչ տանում է դեպի թվացյալ կոմերցիա։ Ինչու թվացյալ, որովհետև շատերն այսօր մոլորության մեջ են»,- ասաց նա, իսկ դիտարկմանը, որ շոու բիզնես այդպես էլ երկրորդ շնչառություն չի ստանում, արձագանքեց, որ շոու բիզնեսը ստեղծում են ոչ միայն երգիչները, այլև ինֆորմացիոն միջոցները։ «Այն, ինչ այսօր կատարվում է, մեր ինֆորմացիոն միջոցների շնորհիվ է։ Իհարկե, ամեն տեղ թելադրող ուժը գումարն է, սակայն ամեն ինչում չափ ու սահման պետք է լինի։ Թող ոչ ոք չզարմանա, այն, ինչ այսօր ունենք, բոլորիս շնորհիվ է, որևէ մեկը դրսից չի եկել, էդպես արել, մենք ենք դա ստեղծել, ճանապարհ տվել։ Դա չի նշանակում, որ իրենք ինձ խանգարում են, չէ , ինձ չեն կարող խանգարել, սակայն դաշտում արդեն շատ է այս ամենը։ Այս դաշտը մենք ենք սարքել էսպիսին»,- կարծում է երգիչը։

Միևնույն ժամանակ նա նշեց, որ եթե իրենք որակով արտադրանք տան, հանդիսատեսը գնալու է դեպի իրենց։ «Հաճախ ասում են՝ դե ինչ ուզում են, էդ ենք անում, էդ ո՞վ է գնացել, հարցրել, թե՞ եթե հարսանիքին «տաշի-տուշի» են ուզում, դա պահանջարկ է։ Էդպես չէ, ես էլ եմ պարում այդ երաժշտության տակ, բայց չի կարելի ասել՝ դա է պահանջարկը, դա ուրախության, խնջույքի երաժշտություն է և վերջ։ Ես դեմ  չեմ որևէ մեկի արվեստին կամ երգեցողությանը, սակայն ամեն մեկը պետք է իր տեղում լինի։ Մեզ մոտ ամեն ինչ խառնվել է իրար»,-ասաց Արսենը, իսկ հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է ինքը լռում, արձագանքեց. «Ես չեմ լռում։ Այս ընթացքում նոր բան էի կառուցում։ Ես էլի ստեղծագործում եմ, նոր երգեր կան, ուղղակի դրանց նկարահանումներն ու դեպի հանդիսատես ճանապարհը հեշտ չեն։ Այն, ինչ դու ծախսում ես և այն քանակությունը, որ տեսնում ես հեռուստատեսությամբ, անհամաչափ են։ Մյուս կողմից, իհարկե, հիմա «Յութուբը», սոցիալական ցանցերը հեշտացրել են աշխատանքը, ում հետաքրքիր է, գտնում  է քեզ»։

Արսենից հետաքրքրվեցինք նաև՝ ինչո՞վ է զբաղվում, այլ աշխատանք ունի՞, ի վերջո, ընտանիք է պահում։ «Ես կառուցում եմ ռեստորան-քլաբ, որը սեպտեմբերից կգործի։ Ես ինձ շատ ապահով եմ զգացել և կարիք չեմ ունեցել ինչ-որ տեղ աշխատելու։ Ընթացքում լինում են կորպորատիվ միջոցառումներ։ Դրանք շատ չեն, սակայն բավարարում են ինձ։ Ինձ քիչ բան է պետք երջանիկ լինելու համար։ Միայն այն, որ հանգիստ լինեմ, ազատ, ընտանիքս ապահով լինի, ես ուրախանամ իմ ծառերով...»,- նշեց նա։

Երգչի երեխաները բավականին  մեծացել են, աղջիկը 14 տարեկան է, որդին՝ 10։ Հայրիկից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ նախընտրություններ ունեն նրանք, ի՞նչ դեր ունի երաժշտությունը նրանց նախասիրություների մեջ։ «Երկուսն էլ օժտված են երաժշտական լավ լսողությամբ, շատ մաքուր են երգում, բայց ես դեռ չեմ ուզում մտածել այդ մասին, որովհետև չեմ ուզում երեխայի ձեռքից զոռով բռնել, տանել դաշնամուրի։ Ընտրությունն իրենցն է, եթե ցանկանան գնալ այս ուղղությամբ, ես ոչ մի դեպքում դեմ չեմ լինի։ Իմ դեպքում էլ ոչ ոք դեմ չի եղել, ես ինչի՞ պիտի դեմ լինեմ իմ երեխայի ընտրությանը, սակայն առայժմ իրենք պետք է շատ լավ սովորեն, ինքնակրթությամբ զբաղվեն։ Դատարկ մարդը չի կարող երգել»,- ասաց երգիչը։

Ի դեպ, Արսենը նշեց, ու ինքն ու կինը մտածում են նաև երրորդ երեխան ունենալու մասին։)

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել