«Սասնա Ծռերի» երևույթը պետականության և ազգայինի տեսակետից

Դեպքերի կապակցությամբ հանրությունը կարծես մասնատվել է երկու հատվածի, մի մասը պաշտպանում է Սասնա Ծռերին մեղադրելով իշխանությանը, մյուս մասը պաշտպանում է իշխանությանը անվանելով այդ գործողությունները ահաբեկչական: Ցավոք սրտի, հիմնական դերակատարները կամ իշխանամետ են կամ դեմ իշխանությանը, մեր հանրային դիսկուրսում բացակայում է Սասնա Սռերի երևույթի մոտեցումը և վերլուծությունը պետականության կառուցման տեսակետից:

Ղարաբաղյան հիմնահարց.

Ղարաբաղյան հիմնահարցի բանակցային գործընթացում անընդհատ շեշտվում է Արցախի ու արցախցիների մասնակցության խնդիրը, և որ առանց Արցախի այդ բանակցությունները ոչ մի տեղ չեն տանի: Սակայն, իրականում խնդիրը ավելի խորն է: Ղարաբաղյան հակամարտության հաղթող կողմը դե ֆակտո եղել է հայ ժողովուրդը և ոչ թե Հայաստանի Հանրապետությունը կամ ԼՂՀ-ն: Որքան էլ 91 թվականից արդեն կար անկախ ու ճանաչված Հայաստանի Հանրապետություն, այն բավարար հզոր չէր որպեսզի պատերազմեր: Դա է պատճառը, որ պատերազմը հիմնականում կառավարվում էր կամավորական ուժերի կողմից: Այսօր, ողջ հակասությունը ոչ այնքան նրանում է, որ Արցախը չի մասնակցում բանակցային գործընթացին, այլ ավելի շատ նրանում, որ պատերազմը հաղթեց ազգը, իսկ բանակցում է պետությունը: Չնայած նրան, որ մեր պետական համակարգում ղարաբաղյան պատերազմի մասնակիցների պակաս չկա, այնուամենայնիվ բանակցում է պետությունը, ելնելով աշխարհաքաղաքական իրողություններից և սեփական հզորություններից: Եվ դա բնական է, ցանկացած միջպետական բանակցային գործընթաց, այն էլ միջազգային կոնֆլիկտներին վերաբերվող, հիմնականում իրականացվում է փակ և գաղտնի: Այսպիսով, կարող ենք փաստել, որ Սասնա Ծռերի երևույթը այս հակասության նկատմամբ բողոքի արտահայտումն էր:
Սա մեծ հաշվով կարող է խաղաթուղթ դառնալ մեզ համար ղարաբաղյան հարցով բանակցելիս, կամա թե ակամա, Սասնա Ծռերի շնորհիվ, Հայաստանի և Ղարաբաղի ժողովուրդը հայտնվեց բանակցային սեղանի շուրջ:

Ահաբեկչություն թե հերոսություն

Սասնա Ծռերի գործողությունները շատ թե քիչ աջակցություն գտան հասարակության բոլոր շերտերի կողմից: Նույնիսկ ամենաիշխանամետ խմբերը եթե նույնիսկ բարձրաձայն լոյալություն չարտահայտեցին, ապա գոնե ըմբռնումով մոտեցան ակցիային՝ հստակ հասկանալով պատճառները:
Բանը նրանում է, որ ազգային տեսակետից նրանց գործողությունները անվանել ահաբեկչական առնվազն ճիշտ չէ: Իվերջո, խումբը իր առաջ դրել էր բացառապես ազգային խնդիրներ, համենայնդեպս այն ինչ մենք գիտենք: Որքան էլ փաստ է, որ ԱՍԱԼԱ-ի գործողությունները ահաբեկչական էին, մենք նրանց անվանում ենք հերոսներ, քանի որ այդ գործողությունների միակ նպատակը ազգային խնդիրների լուծումն էր: Նույնքան սխալ է պետականության կառուցման ճանապարհին նման գործողությունները հերոսացնելը: Որքան էլ ֆրանսիացիների «սրտով լիներ» թուրքական դեսպանների սպանությունները, նրանք պարատավոր են դա անվանել ահաբեկչություն, քանի որ ոչ մի պետություն իրավունք չունի թույլ տալու, որպեսզի երկրի ներսում կիրառվի ոչ լեգիտիմ կամ չսանկցիավորված բռնություն:
Պետությունը ինքն է պատասխանատու հանրության մեջ ձևավորվող նախադեպերի համար: Ենթադրենք Սասնա Ծռերի և հանրության ճնշումների ներքո Սերժ Սարգսյանը հրաժարական տար, ձևավորվեր ազգային համաձայնության կառավարություն և ընտրվեր նոր Ազգային Ժողով ու նախագահ: Եթե նույնիսկ ազգային համաձայնության կառավարությունը ղեկավարեր Տեր Քրիստոսը իր 12 աշակերտներով (մեղա քեզ Տեր), ակնհայտ է, որ մեր երկրում խնդիրները այնքան խորն են, որ դրանց լուծումը կպահանջի առնվազն 10 ցավոտ տարիներ: Այս պարագայում, հենվելով նախադեպի վրա, ցանկացած ուժ ստանում է նախադեպային իրավունք (հանրային սանկցիա, բարոյական) հարձակվել և գրավել օրինակ կառավարության շենքը և պահանջել նույնը, ինչ Սասնա Ծռերը պահանջեցին հուլիսին: Եվ այսպես շարունակ:
Հետևությունը այն է, որ պետությունը իրավունք չունի որևէ դեպքում արդարացնել Սասնա Ծռերի գործողությունները, բայց պարտավոր է կատարել անհրաժեշտ փոփոխություններ, մասնավորապես օրինական իշխանության ձևավորման և ուժի կիրառման իրավականության առումով:
Այնպես ինչպես ԱՍԱԼԱ-ն է, ձևակերպենք այսպես, անօրինական ուժ, անօրինական էր նաև Սասնա Ծրռերի կիրառած ուժը, բայց բոլորս հասկանում ենք դրդապատճառները. և պետության կառուցման ճանապարհին, պետք է բոլորս միասին ձգտենք, որ այդպիսի ուժի կիրառման կարիք չլինի: Միակ լուծումը, որը պետք է գտնել առաջիկա 10 տարիներին, դա իշխանության և ժողովրդի նույնացումն է օրինական ընտրությունների միջոցով, այլապես կստացվի այնպես, որ մեր պետության ապագա ղեկավարությունը երանի կտա Սասնա Ծռերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել