Ակնհայտ է, որ լիբանանյան քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջանի Բեյրութի և ներկայիս Հալեպի զուգահեռների հիշատակումը վերջին երկու շաբաթների ընթացքում Երևանում գրանցված ճգնաժամային իրավիճակի հետ համեմատության համատեքստում, ըստ էության, երկակի մեկնաբանության որևէ լուրջ տեղ չի թողնում և առավել ևս չի պարունակում այդ քաղաքներին կամ դրանց բնակչությանը, ի դեպ, անհասկանալի է, թե ի՞նչ հիմնավորմամբ, վերագրվող իբր քամահրական լիցք:

Կասկած չկա, որ հենց նշված զուգահեռների մատնանշումը պայմանավորված է քաղաքացիական պատերազմի տարիների Բեյրութի և այժմյան Հալեպի համար հատկանշական ներերկրային առճակատմանը բնորոշ զինված պայքարի արմատական գործելաոճի մի տարատեսակի՝ Երևան ներմուծման փորձն առավել շոշափելի և ընկալելի կերպով ի ցույց դնելու նպատակով լոկ:

Այս համատեքստում տարաբնույթ և որոշ դեպքերում միգուցե նաև լրացուցիչ օգտակար նկատառումներ պարունակող կարծիքները, որոնցում փորձ է կատարվում վերոնշյալ համեմատության եզրերի մեջ տեսնելու, վերևում նշվածից բացի, որևիցե այլ՝ հատկապես «թաքնված» կամ «դավադիր» ենթատեքստ, չեն կարող ի բնե դիմանալ քննական մոտեցման, որովհետև դրանցում վերլուծվում է այն, ինչն, ըստ էության, ո՛չ հնչեցվել է, ո՛չ էլ՝ դատելով տեքստից, նկատի ունեցվել:

Ուստի, կարծում եմ, խնդրո առարկա կոնկրետ տեղիները ուղղակի պետք է դիտարկել առարկայորեն և հենց այնպես, ինչպես դրանք ներկայացվել են, ինչը միանշանակորեն թույլ կտա խուսափել թյուրընկալումներից և երկմտանքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել