Քարի քարին դնելով են պատ կառուցում ...
Մի անգամ ընտանիքիս հետ տեղ պետք է գնայի ու տաքսի կանչեցի: Տաքսին մոտեցավ, նստեցինք, բարևեցինք, վարորդը, որ մոտ 30 տարեկան երիտասարդ էր, պատասխանեց.
- Փարև եղփայր, դեպու ու՞ր կերթանք:
Պատասխանեցի նրա հարցին ու հետաքրքրվեցի.
- Սիրիայի՞ց ես, եղբա՛յր:
- Այո եղփայր, Հալեպեն:
Ներքուստ ուրախանալով այն հանգամանքից, որ Սիրիայից մեր հայրենակից երիտասարդը հասկանալի հանգամանքների բերումով եկել է Հայաստան և տաքսի է վարում, սկսեցի հետաքրքրվել նրանից, թե որքա՞ն ժամանակ է Հայաստանում, մենա՞կ է եկել, թե՞ ընտանիքով, ինչպե՞ս ստացվեց որ տաքսի է վարում և այլն:
Երիտասարդը սկսեց հակիրճ պատմել իր ընտանիքի հետ կատարվածը Սիրիայում ու ասեց, որ ընտանիքով այնտեղ թողել են ամեն ինչ ու հասել Հայաստան:
Հաջորդիվ հարցրեցի.
- Իսկ ինչպե՞ս եք այստեղ տեղավորվել, բարեկամներ ունե՞ք, իշխանություններն օգնեցի՞ն Ձեզ ինչ որ հարցով:
Հնչեց անկեղծ պատասխան.
- Եղբա՛յր, Հալեպում ես, եղբայրս ու հայրս մեծ արտադրամաս ունեինք ու քաղաքի համար մայթեզրերի բորդյուրներ էինք պատրաստում: Շատ լավ էր ամեն ինչ, շատ լավ գումար էինք վաստակում, շատ հարուստ էինք, ամեն ինչ ունեինք: Սակայն մինչև հիմա Հայաստան չէինք եկել ու մեր հարստության չնչին մասով անգամ մեր հայրենիքին չենք օգնել: Մեր հայրենիքին միայն հեռվից ենք հետևել ու կեղծ հայրենասիրություն ենք դրսևորել. Սուրբ Արարատ, Մայր Հայրենիք և էդպիսի բաներ: Հիմա եկել ենք Հայրենիք, ու Հայրենիքն է մեզ օգնում ինչքան որ կարող է: Փառք Աստծուն, բնակարան են տրամադրել, ինձ ու կնոջս աշխատանք են տրամադրել միանգամից, երեխաներիս անվճար ուսման են ընդունել... իսկ եղբայրս իր ընտանիքով մեկնեց Բելջիք /Բելգիա/, հիմա էնտեղ փախստականի նման յոլա է գնում: Ու ես հիմա ամաչում եմ, որ հայրենիքիս համար ոչինչ չեմ արել, ու բարոյական իրավունք էլ չունեմ ինչ որ բան պահանջեմ...
Հ.գ. հայկական սփյուռքի սիրելի հայրենակիցներ, քույրեր ու եղբայրներ, հային բախտ վիճակված ճակատագրի բերումով ձեզանից ամեն մեկը հայտնվել է աշխարհի տարբեր մասերում. լավ օրից չէ:
Այո՛, լավ օրից չէ, որ հայտնվել եք այդտեղ, ոչ լավ օրից եք պանդուխտ ու տարագիր դարձել:
Այո՛, Հայրենիքում շատ բան լավ չէ, շատ բան փոխելու ու իսպառ վերացնելու կարիք կա:
Այո՛, վստահ եմ, բոլորդ հեռվից սրտացավորեն եք տրամադրված Հայրենիքի հանդեպ ու անկեղծ ցանկանում եք օգնել Հայրենիքին:
Այո՛, վստահ եմ, Հայրենիքում առկա անօրինությունների դեմ ընդվզող ձեր եղբայրներին ու քույրերին աջակցելու ու օգնելու ձեր մղումներն արդար են ու անկեղծ:
Այո՛, ձեր բարոյական օժանդակության ու աջակցության կարիքը մենք իսկապես ունենք:
Քավ լիցի, օգնե՛ք, բայց ոչ էմոցիոնալ պորթկումներով. ճակատագրական պահերին դրանք կործանարար հետևանքներ կարող են ունենալ:
Օգնե՛ք, բայց ոչ պաթեթիկ ու պետականության հիմքերը խալխլող կոչերով, օրհասական իրավիճակներում դրանք կարող են եղբայրասպանության հանգեցնել:
Ձեր անգնահատելի ներուժն ու նվիրումը շարունակեք օգտագործել առաջին հերթին երկիրն արտաքին քաղաքական ոտնձգություններից ապահովագրելու գործընթացում. հակահայկական լոբբինգի դեմ պայքարում ձեր ավանդն անուրանալի է:
Ձեր ջիղն ու ազնիվ նկրտումներն ուղղեք բացառապես երկրում գաղափարական պայքարը հաջողելուն և Հայրենիքը հզորացնելուն ուղղված գործընթացներն արագացնելուն միայն. մեր պետությունը դրա կարիքն իսկապես ունի:
Ցավոք, շատ են դրսից այնպիսի ուժերը, որոնք պարզապես տենչում են Հայաստանը Լիբիայի ու Սիրիայի վերածել, Հայաստանում մայդանի օջախներ բորբոքել` երկրում որոշ ազնիվ մարդկանց կողմից մղվող գաղափարական ու կառուցողական պայքարը փորձելով ուղղորդել ջարդել-փշրելու տրամաբանության շրջանակներում. նրանց ջրաղացին ջուր մի լցրեք:
Հայաստանում շատ բան կա փոխելու, բայց նույնիսկ այն երկրներում, որտեղ դուք հաստատվել եք, ոչինչ կատարյալ չէ:
Հայաստանն այսօր ընտրել է բարեփոխումների ուղին, միանգամից ոչինչ չի լինում, միայնակ ոչնչի չեն հասնում:
Ամեն ինչ անել է պետք քարը քարի վրա դնելով, իսկ դրսից շպրտած ցանկացած քար մի քանի քարի հիմք է խարխլում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել