Բաքվի միջազգային առևտրային նավահանգստի և Ղազախստանում կառուցվող Կուրիկ նավահանգստի միջև գործելու են նոր լաստանավային փոխադրումներ:Նախատեսվում է Կուրիկում՝Բաքվի նավահանգստի նման ազատ տնտեսական գոտի ստեղծել, իսկ այդ նոր ղազախական նավահանգիստն օրը սպասարկելու է մինչև հինգ լաստանավ, այսինքն տարեկան չորս միլիոն տոննա բեռ:
Ադրբեջանա-ղազախական քաղաքական, տնտեսական կապերը միշտ էլ եղել են բարձր մակարդակի վրա՝երկու երկրները թյուրքախոս երկրների կազմակերպության անդամ են, Կասպից ծովում հարևաններ են, իսկ Ադրբեջանը Ղազախստանի համար այլընտրանքային ուղի է Կովկաս, Թուրքիա և Եվրոպա դուրս գալու համար այդ թվում նոր թափ հավաքող Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի օգնությամբ, որն անցնելու է Չինաստան-Ղազախստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ուղղության վրա:
Այս պահին այդ ուղղությամբ ակտիվ բեռնափոխադրումներ են կատարվում՝Բաքվի նավահանսգտի ու ղազախական Աքթաու նավահանգստի միջև՝այդ քաղաքում ադրբեջանական կողմը ստեղծել է համապատասխան պահեստներ՝իր գյուղատնտեսական և այլ ապրանքները ղազախական և կենտրոնականասիական շուկաներ արտահանելու համար: Ղազախստանին ձեռնտու է Ադրբեջանի հետ առևտրա-տնտեսական կապերի ընդլայնումը՝ՌԴ-ից անկախ նոր լոգիստիկ հնարավորություններ ունենալու համար արևմտյան ուղղությամբ:
Ղազախական նավթն ադրբեջանական տարածքով՝այդ երկրի նավթամուղերով արտահանվում է դեպի վրացական սևծովյան նավահանգիստներ, իսկ միասնական մաքսային սակագների և մեկ պատուհանի սկզբունքի կիրառման պարագայում ադրբեջանա-ղազախական տրանսպորտային միջանցքը առանցքայինը կդառնա թուրքական ապրանքների համար՝Կովկաս-Կենտրոնական Ասիա ուղղության վրա, ինչպես նաև Չինաստանի Մետաքսի ճանապարհի համար կլինի տրանսպորտային միջանցքի օղակներից մեկը՝կենտրոնական, ցամաքային ուղղության վրա, քանի որ Մետաքսի ճանապարհն ունի նաև ծովային բաղադրիչ, ինչպես նաև հյուսիսային բաղադրիչ, որն անցնելու է ՌԴ-ով:
Այս տարի նախատեսվում է Ղազախստանի նախագահի այցն Ադրբեջան, որը երկու երկրների ռազմավարական հարաբերությունները կբարձրացնի որակական նոր մակարդակի՝համալրելով նաև էներգետիկ, տրանսպորտային, առևտա-տնտեսական նոր բովանդակությամբ:Ադրբեջանի կարևորության պատճառով է, որ Աստանան շատ հաճախ հանդես է գալիս ՀՀ-ի շահերին հակասող դիրքոշմամբ՝թե միջազգային կառույցներում Ղարաբաղի հարցով քվեարկություններում, թե ԵԱՏՄ-ին անդամակցելու ժամանակ ղարաբաղյան հարցը կրկին մեջտեղ հանելով ու այն ադրբեջանանպաստ երանգներով շահարկելու տեսանկյունից:
ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի անդամ Ղազախստանի համար Ադրբեջանն ունի ավելի մեծ նշանակություն ու տնտեսական, աշխարհաքաղաքական նշանակություն ու դեր, քան ՀՀ-ը, ինչը խոսում է հայկական դիվանագիտության պասիվ աշխատանքի մասին ղազախական ուղղությամբ, այդ թվում տնտեսական գրեթե զրոյական կապերի, տեղի հայ համայնքի ներուժը չօգտագործելու, ինչպես նաև ղազախական կապիտալը ՀՀ-ի տնտեսական որևէ ճյուղերից մեկում ներգրավվելու տեսանկյունից, ինչն անդրադառնալու էր նաև Աստանայի միակողմանի ադրբեջանանպաստ դիրքորոշման և ուղենիշի փոփոխության կամ գոնե բալանսավորման վրա:
Թուրք-ադրբեջանական լոբբին Ղազախստանում հզոր է, ունի տնտեսական, գաղափարական ՝պանթուրքիզմ, պանիսլամիզմ հիմքը, ինչպես նաև թյուրքական կապիտալն ակտիվորեն ներկայացված է ղազախական տնտեսության բոլոր ճյուղերում: ՀՀ-ը, նրա բինզես շրջանակները պետք է ավելի ակտիվ աշխատեն ղազախական ուղղության վրա, առաջին հերթին այդ հարուստ երկրի ներդրումները ՀՀ-ի գոնե ազատ տնտեսական գոտիներ ներգրավվելու կամ մարզերում որևէ խոշոր համատեղ ծրագիր կյանքի կոչելու համար: Տնտեսական համագործակցությունն է ծնում քաղաքական համատեղ շահեր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել