Արցախի հողն աշխարհին բազմաթիվ տաղանդավոր դեմքեր է տվել։ Բայց նաև ապաշնորհներ կան, որոնք ծննդով արցախցի են։ Դժբախտության համար լուրջ հիմք հանդիսացող այդ հատկանիշը ոմանց մոտ ի ծնե է, ոմանք էլ այն ձեռք են բերում իրենց կյանքի ընթացքում։

Վահան Բադասյան անուն-ազգանունը համայն մարդկությանը գուցե հայտնի չէ, բայց հայության շրջանում տեղյակ են այդ մարդու մասին։ Մարդ, որն օժտված է կազմակերպչական որոշ գծերով, սակայն արցախցու ասած՝ «կետու մկրատ» բառերով բնորոշվող հատկության առկայության բերումով մշտապես կորուստներ է ունենում։ Նշված արտահայտությունը լայն կիրառում ունի․որոշ իմաստով նշանակում է ինքնուրույն, ինչ-որ տեղ էլ այդ բառերով բնութագրում են անհիմն, իմաստազուրկ կամակորություն դրսևորող մարդուն։ Ավա՜ղ, Բադասյանը «կետու մկրատ» է երկրորդ իմաստով։ Նրան այդ հատկությունն ուղեկցել և ուղեկցում է ողջ կյանքի ընթացքում և առայժմ որևէ շոշափելի կամ երևացող հաջողության չի բերել։

Վահան Բադասյանը տարբեր ժամանակահատվածներում զբաղեցնելով ինչ-ինչ պատասխանատու պաշտոններ և ստանձնելով որոշակի պարտավորություններ, այնուամենայնիվ, գրեթե միշտ նախընտրել է կես ճանապարհից հետ դառնալ ու կտրուկ փոխել իր վերաբերմունքը նախկին աշխատանքային մթնոլորտի, գործընկերների մասին, նրանց հիմնականում մեղադրելով դավաճանության, ծախվածության և այլ մեղքերի մեջ։

Կարելի է ենթադրել, որ Բադասյանը կամ իսկապես ամեն տեղ հանդիպում է դավաճանների, կամ ձգտում շրջապատի մարդկանց մեջ տեսնել միայն դավաճանական գծեր։ Դա հոգեբանության մեջ բնութագրվում է, որպես հետապնդման մանիա, և նման մարդիկ աստիճանաբար ընկնում են ամենախոր դեպրեսիվ իրավիճակ։ Բադասյանի գործունեության առանձնահատկությունները դիտարկելիս, կարելի է հանգել նման եզրակացության։ Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, բերենք հետևյալ օրինակը։ 2014 թվականի սկզբին ԼՂՀ ԱԺ պատգամավոր Բադասյանը առաջարկել էր ստեղծել ՀՀ քաղաքացիներից եւ արցախահայերից կազմված պաշտպանական ջոկատներ եւ մեկնել Սիրիա՝ քեսաբահայությանը օգնության ձեռք մեկնելու համար: Կոչը չունեցավ ակնկալվող ջերմ արձագանքը, քանի որ ողջամիտ մարդիկ հաշվի առան միջազգային քաղաքական իրավիճակը և զինված ջոկատների՝ այլ պետության ներքին գործերին այդօրինակ կերպով միջամտելու հետևանքները։

Փոքրաթիվ մի խումբ կազմելով՝ Բադասյանը մեկնեց Սիրիա, որտեղ իր ծավալած գործունեությունը ամենևին էլ հիացմունքի գիրկը չնետեց տեղի գործիչներին: Գուցե դա է պատճառը, որ սիրիական արկածների մասին նա չի սիրում շատ ծավալվել, չնայելով ամեն կերպ ճանաչելի դառնալու երազանքին։
Հանրային ճանաչման հասնելու նպատակով է, որ Բադասյանը պարբերաբար հանդես է գալիս գործող իշխանությանը պախարակող կտրուկ հայտարարություններով։ Պարզապես, այդ հայտարարությունները հնչում են առատորեն, և նույն հանրությունը չի հասցնում կարոտել բադասյանական հերթական մերկացմանը․․․ Բադասյանը իր դաժանախոս ճշմարտությամբ կա ամենուր և ամեն ժամ։ Խնդիրը նրանում է, որ Բադասյանի հնչեցրած հայտարարությունները հեգնական ժպիտ առաջացնելուց բացի այլ արձագանք չեն բերում։ Եվ դա ամենանվաստացուցիչն է, որ կարող է պատահել իրեն քաղաքական գործիչ հռչակած մարդու մոտ։

Նույն այդ հանրային ճանաչում ունենալու փափագը Բադասյանին նետում է հայության տարբեր «թեժ» կետեր, լինի դա Քեսաբում, Երևանում, կամ Հադրութի «Ջրաշխարհին» մերձակա անտառներում։ Ճանաչման համար է, որ «Սասնա ծռեր»-ի մասին Բադասյանը հայտարարում է, թե՝ «եթե տղաները հանձնվեն, չպետք է դատվեն» (այնինչ, «Ծռեր»-ը ծռավարի գոռում են, որ հանձնվողը չեն)։ Ճանաչվելու նպատակով է նրա աղաղակը՝ ՊՊԾ զորանոցի տարածքը «Ծռերից» մաքրելու նպատակով Արցախից հատուկջոկատայիններ են բերվել Երևան։ Եվ այլն, և այլն․․․ Տպավորություն է ստեղծվում, որ Բադասյանը հոգեբանորեն մնացել է դեռահասի տարիքում և գերխնդիր է դարձրել ինանահաստատումը, որ այդպես էլ տեղի չի ունենում։ Թվարկված հանգամանքներից բացի, Բադասյանին հետապնդում է երկրորդական լինելու և հարկադրաբար՝ ստվերից գործելու փաստը, ինչն իր հերթին հանգեցնում է ավելի խոր բարդույթների։ Բացի այդ, Բադասյանի, եթե կարելի է այսպես ասել, հիստերիան չունի և չի կարող ունենալ այն եռանդը, որ կա իր երիտասարդ թիմակիցների մոտ․ դա նույնպես ձախողվելու ծանրակշիռ հիմքեր է ստեղծում։

Այսպիսով, քննության առնելով Վահան Բադասյանի բնավորության և դրան համահունչ գործունեության ծավալման այս առանձնահատկությունները, անհրաժեշտ է փաստել, որ նրա ընտրած ժանրի հասարակական-քաղաքական գործիչ լինելու ճակատագիրն ի սկզբանե դատապարտված է տապալման այն պարզ պատճառով, որ Բադասյանը չունի համապատասխան ինտելեկտուալ տվյալներ և բարոյալքման անբավարար աստիճան։ Իսկ ծանրումեծ քաղաքականությամբ զբաղվելու մասին անգամ խոսելն ավելորդ է։
Թեև, անբավարար չափով բարոյալքումն ուղղվելու հույսեր կարող է ներշնչել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել