Դերասանուհի Լիա Զախարյանը տևական ժամանակ առաջ BlogNews-ի հետ զրույցում ասել էր, որ ընտրյալ ունի։ Վերջին շրջանում, սակայն, խոսակցություններ կան, որ նրանք բաժանվել են։ Լուրը փորձեցինք ճշտել Լիայից, սակայն նա ասաց, որ անձնական կյանքի վերաբերյալ հարցազրույց չի տալիս՝ ըստ էության ոչ հերքելով, ոչ էլ հաստատելով լուրը։ Նշենք, որ Լիայի ֆեյսբուքյան էջից ջնջված են իր և Միշայի լուսանկարները։

Սերիալային դերասանուհու հետ խոսեցինք նաև գործունեության մասին։ Տևական դադարից հետո Լիան կներկայանա «Շանթ» հեռուստաընկերության նոր հեռուստասերիալում, որի նկարահանումներն այս օրերին խլում են նրա ամբողջ ժամանակը։ ««Շանթից» առաջարկ ստացա, փորձեցի դերը և հավանեցի, իրենք էլ իմ խաղը հավանեցին և համաձայնության եկանք։ Կարոտել էի նկարահանումներն ու աշխատանքս, մեծ հաճույքով կրկին եթեր եմ վերադառնում։ Սերիալի զարգացումները մի քանի հոգու շուրջ են պտտվում, ես մարմնավորում եմ գլխավոր կերպարներից մեկին։ Հեռուստադիտողներն ինձ նորովի կտեսնեն։ Կերպարս կրկին դրական է, սակայն ինձ համար նոր են կերպարի տեսակն ու հոգեվիճակը։ Կարծում եմ՝ հետաքրքիր կլինի»,- ասաց Լիան։

Նոր հեռուստասերիալում Լիան և սերիալային դերասանուհի Եվա Բաղդասարյանը կրկին ընկերուհիների են մարմնավորում։ Դեռևս «Եռաչափ սեր» հեռուստասերիալի ժամանակ ասեկոսեներ կային, որ նրանց հարաբերությունները կադրից դուրս այնքան էլ լավ չեն, կա որոշակի լարվածություն։ «Ես անակնկալի եկա, երբ առաջին օրը նկարահանման հրապարակում հանդիպեցի Եվային ու պարզվեց, որ միասին պետք է խաղանք։ Մեր լարված հարաբերությունների մասին  խոսակցություններ ես էլ եմ լսել։ Հավանաբար պատճառն այն էր, որ «Եռաչափ սիրո» ավարտից հետո մենք չենք շփվել։ Այն ժամանակ կադրից դուրս էլ չէինք շփվում, միայն գործնական շփում ունեինք, հիմա նաև գործնականից դուրս ենք շփվում։ Հիմա ավելի մտերիմ ենք, գուցե մեծացել ենք, հասունացել, ավելի շատ ենք իրար օգնում, իրար հասկանում ու կիսվում իրար հետ։ Համեմատած «Եռաչափ սիրո», հիմա մեր ընկերությունը նաև կադրից դուրս է շարունակվում»,- եզրափակեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել