Անհրաժեշտ է լրջորեն հաշվի առնել սփյուռքի՝ հայ ժողովրդի այդ ահռելի զանգվածի գործոնը:

Մենք, իհարկե, հաճախ ենք համոզվում, որ օրինակ ՀՀ Սփյուռքի նախարարությունը, թվում է, թե հենց Սփյուռքում է, բայց որ հայկական սփյուռքի ներկայությունը մեզանում հետզհետե ավելի ակնհայտ է դառնում՝ վկայեցին հուլիսյան վերջին զարգացումները:

Ամեն դեպքում, ապստամբության առնչությամբ ընթացիկ վերլուծությունները, նախաձեռնության գաղափարական <<հայրերի>> մասին մտասևեռումները ի հայտ են բերում այնպիսի կերպարների, ինչպիսիք են՝ Սեֆիլյանը, Ենիգոմշյանը, այլք...Իհարկե, չեմ կամենում և բարոյական իրավունք էլ չունեմ անձերի մակարդակով պարզունակացնել այն մեծ ընդվզումը, որն առկա է վերջին օրերին...

Բայց ակներև է, որ սփյուռքում ևս լուրջ դժգոհություններ կան Հայաստանի իշխանությունների վերջին տարիների քաղաքականության վերաբերյալ, ավելին, արտերկրում ապրող մեր հայրենակիցները վիրտուալ և այլ հարթակներում պարբերաբար սատարում են <<Սասնա ծռերին>>, կամ, գոնե, արտահայտում են բացասական վերաբերմունք երկրի ղեկավարների ինչ-ինչ գործողությունների նկատմամբ...Սա փաստ է, և բնական տուրևառություն:

Չէ՞ որ սփյուռքը, հայկական համայնքները մեզ համար զուտ ֆինանսական կամ Հայ դատի մասով քարոզչական օջախներ չեն: Այնտեղ էլ ապրում են Հայաստանից արտագաղթած մարդիկ, տարբեր հայրենակիցներ, որոնց կապը հայրենիքի հետ սերտ է, և որոնք, որպես կանոն, նյութական աջակցություն են ցուցաբերում այստեղ գոյող բարեկամներին ու ընկերներին: Ասել է թե՝ որոշակիորեն ծանոթ են մեր երկրի անմխիթար վիճակին, բոլոր բնագավառներում տիրող թշվառությանն ու հավատի ու հույսի ճգնաժամին:

Այնպես որ, օր առաջ պետք է ոչ միայն ներքին ազդակները հաշվի առնել, այլև՝ արտաքին իմպուլսները, որպեսզի Հայաստանը չսպառի հավատի, միասնականության ու մարդկային վերջին ռեսուրսները...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել