Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում գիշերը խաղաղ է անցել. գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի ու ոստիկանության միջև կրակոցներ կամ փոխհրաձգություն տեղի չի ունեցել:

Խորենացու փողոցում համեմատաբար անդորր էր, բերման ենթարկվածներ չկային: Հանրահավաքը տեղի ունեցավ Ազատության հրապարակում, որտեղից այս անգամ մարդիկ ուղևորվեցին դեպի Բաղրամյան փողոց: Սակայն հորդառատ անձրևի տակ հասնելով Ֆրանսիայի հրապարակ՝ Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկ, որոշ ժամանակ կանգ առան և կրկին վերադարձան հրապարակ:

Արմեն Մարտիրոսյանն Ազատության հրապարակում հավաքվածներին տուն ուղարկեց և տեղեկացրեց, որ այսօր ժամը 19:00-ից ևս հավաքվեն Ազատության հրապարակում:

Ըստ նրա՝ իրենք նախատեսել էին փողոցներ փակել և ապա երթով գնալ դեպի Խորենացի փողոց, սակայն չստացվեց՝ առաջին հերթին եղանակի պատճառով:

Ազատության հրապարակում երեկվա հանրահավաքից հետո «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարեց, որ Հյուսիսային պողոտայի հարակից տարածքից բերման է ենթարկվել «Հիմնադիր խորհրդարան»-ի աջակից Վահրամ Պետրոսյանը, որն իր անձնական մեքենայով տեղափոխում էր Ազատության հրապարակում տեղի ունեցող խաղաղ հավաքի տեխնիկան։ ՃՈ ոստիկանները բերման են ենթարկել Վահրամ Պետրոսյանին տեխնիկայի հետ միասին։

Բացի դա, երեկ գիշերը խուզարկություն է տեղի ունենեց «Սասնա ծռերի» նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանի բնակարանում։ Վերջինս ձերբակալված է և պահվում է ԱԱԾ-ում:

Ըստ ԱԱԾ-ի՝ Ալեք Ենիգոմշյանը բերման է ենթարկվել կազմակերպված խմբի կողմից զենքի կիրառմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքերը և շինությունները զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ու կասկածվում է օժանդակելու մեջ։ 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություն է հրապարկել, որ արդեն երկու օր է՝ վերսկսվել են բանակցությունները իշխանության և զինյալների միջեւ: Դարձյալ պրոցեսը գտնվում է գեներալ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի ձեռքին: Փորձ է արվում համոզել «Սասնա ծռեր»-ին` հանձնվել իշխանություններին, որպեսզի բախումներ չլինեն և քաղաքակիրթ բանակցություններ սկսվեն՝ առանց զենքի:

ՊՊԾ գնդի տարածքում գտնվող 2 բժիշկներն ու մեկ բուժքույրը շարունակում են մնալ գնդում: Երեկ «Շտապ օգնության» բրիգադի բժիշկներին սնունդ ու դեղորայք է փոխանցվել:

ՊՊԾ գունդը գրաված խմբի հիմանական պահանջը մնում է նույնը՝ իշխանությունների հրաժարական, ինչպես նաև՝ հնչեցված առաջին պահանջը` Ժիրայր Սեֆիլյանի և մնացած բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը:

ՊՊԾ գնդի փոխհրաձգության արդյունքում ծանր վիրավորված Պավլիկ Մանուկյանը հացադուլ է հայտարարել «Էրեբունի» հիվանդանոցում ու հրաժարվում է ցավազրկող դեղորայքից՝ ի նշան իր հանդեպ ոստիկանների գործողությունների: Նրա որդի Արամը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»:

Նշենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբի 31 անդամներից այս պահին Երևանի Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդում շարունակում են մնալ 24 անձ:

Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործողությունների արդյունքում հուլիսի 17-ի առավոտյան զոհվեց նշված ՊՊԾ գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը, իսկ երեք ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը վիրավորվեցին: Իսկ «Սասնա ծռերից» վիրավորվեց ջոկատի անդամ, 26-ամյա Թաթուլ Թամրազյանը:

Նշենք, որ իրավիճակը, հատկապես, լարված էր հուլիսի 20-ին, երբ ցուցարարների ու ոստիկանների միջև տեղի ունեցան կոշտ բախումներ, կիրառվեցին լուսաձայնային նռնակներ, այն բանից հետո, երբ ցուցարարներից ոմանք քարեր ու «պուգաչներ» նետեցին ոստիկանների ուղղությամբ:

Այս գործողությունների հետևանքով հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը մայրաքաղաքի տարբեր բուժկենտրոններ «գազային թունավորում» և «սալջարդ» ախտորոշումներով տեղափոխվեց 51 անձ՝ ոստիկաններ ու քաղաքացիներ, որոնց կյանքին, բարեբախտաբար, ինչպես հաղորդվեց, վտանգ չի սպառնում:

Անազատության մեջ պահվող ոստիկաններին ազատ արձակելուց 1 օր առաջ, հիշեցնենք, Հայաստանի Հանրապետության Նախագահը, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության, Դատախազության և Քննչական մարմինների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցությունից հետո հայտարարեց, որ Հայաստանում բռնի ուժով, հարձակումով և պատանդ վերցնելով հարցեր չեն լուծվելու և կոչ արեց զինված խմբին՝ ժամ առաջ վայր դնել զենքը:

«Եվ դա երբեք մենք թույլ չենք տալու: Այս իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի Հայաստանի և մեր հասարակության, պետության հասունության կարևորագույն քննություն: Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված զինյալներին կոչ եմ անում ցուցաբերել զսպվածություն և իրենց սադրիչ գործողություններով չվտանգել ուրիշների կյանքը»,-կոչ արեց Նախագահ Սերժ Սարգսյանը:

Իսկ իրավապահ մարմինների ղեկավարներին էլ հանձնարարվեց գործունեությունը շարունակել խստագույն զսպվածությամբ՝ օրենքի շրջանակներում, ինչպես նաև՝ ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցներն իրավիճակին վերջնական խաղաղ հանգուցալուծում տալու համար:

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր տեսակետը ներկայացրեց նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով հույս է հայտնեց, որ «Հիմնադիր խորհրդարանի»՝ ավելի վաղ կալանավորված անդամ Ժիրայր Սեֆիլյանը սառը կդատի ու ողջամիտ որոշումներ կկայացնի խնդրի վերաբերյալ։

Մովսես Խորենացի փողոցում կատարվող իրադարձությունները ունեցան նաև ակտիվ միջազգային արձագանք. եղան ՀՀ ԵՄ պատվիրակության, ՌԴ ԱԳՆ-ի և ԱՄՆ Պետքարտուղարության արձագանքները, որոնցում դատապարտվում էր զենքի միջոցով ոստիկանական շենքի գրավումը: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել