BlogNews.am-ը որոշել է օգնել այն մարդկանց, ովքեր տատանվում են, թե որտեղ են ցանականում անցկացնել իրենց ամառային հանգիստը։ Մենք առաջարկում ենք անել դա Արցախում ու որոշել ենք Ձեզ զբոսաշրջիկի ուղեցույց պատրաստել: Եվ այսպես՝  ուղղություն առաջին-Շուշի:

Շուշի - Բերդաքաղաք Արցախում: Ծովի մակարդակից բարձր է 1500 մ և շրջապատի վրա ունի կարևոր ռազմավարական իշխող դիրք: Աննկարագրելի գեղեցկության, պատմամշակութային արժեքների ու հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմանների շնորհիվ Շուշին վերջին տարիներին դեպի Արցախ մեկնող տուրիստների ամենապահանջված ուղղությունն է: Ստորև դիտեք այն բոլոր վայրերը, որոնք անպայման պետք է տեսնի Շուշի մեկնած ամեն մի զբոսաշրջիկ:

Ղազանչեցոց Մայր տաճարը. Շուշիի ճարտարապետական գերիշխող կառույց է համարվում 40մ բարձրությամբ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը անվանում են նաև Ղազանչեցոց: Այն կառուցվել է քաղաքի կենտրոնի լայն հրապարակում 1888 թվականին:

Քաղաքը ունի բազում հուշարձան-աղբյուրներ, ճարտարապետական կոթողներ: Տուրիստների համար հատկապես սիրելի վայր է քաղաքի շուկայի հրապարակը:

Շուշիի Կանաչ ժամը. անունը ստացել է այն պատճառով, որ ժամանակին եկեղեցու գմբեթը եղել է կանաչ գույնի։ Եկեղեցին կառուցվել է 1818 թ. Ղարաբաղցոց նախկին փայտաշեն եկեղեցու փոխարեն: Պատերի մեջ տեղադրված էր նախկին եկեղեցու արձանագրությունը:

Շուշիի պատմությանը, մշակույթին, արհեստենրին  ու ավանդույթներին կարող եք ծանոթանալ՝ լինելով քաղաքի թանգարաններում:

Լինել Շուշիում ու չայցելեց Հունոտի կիրճ (Ջդրդուզ)՝ կնշանակի չտեսնել արցախյան բնության ամենաշքեղ գոհարներից մեկը:  Ջդրդուզի ամենաբարձր կետից դուք կարող եք տեսնել կիրճի 250մ բարձրությամբ պատերը:

Կիրճի ներսում խորհուրդ է տրվում շրջել ոտքով, այդպես դուք հնարավորություն կունենաք տեսնել բազմաթիվ աղբյուրներ, քարանձավներ, անտառներ, ջրվեժներ, հին կամուրջներ, նախկին գյուղ-բնակավայրի արդեն ավերված տներն ու ջրաղացը:

ԼՂՀ տուրիզմի վարչությունը  Արցախ այցելած զբոսաշրջիկների համար դեպի  Հունոտի կիրճի  տեսարժան վայրերը հեշտացնող 3 ուղի է առաջարկում, որոնց մանրամասներին կարելի է տեղեկանալ՝ ձեռքի տակ ունենալով հատուկ  քարտեզ-ուղեցույցը:

Ջրվեժ Մամռոտ Քար (հայտնի է Հովանոց և Զոնտիկ անվանումներով).  աղբյուրը սկիզբ է առնում կիրճի ներսից և հոսելով մամռով պատված քարի վրայով,  մշտական ջրվեժ է ձևավորում՝ հովանոցի տեսքով:

Հունոտ Գյուղի Ավերակները. Կարկառ գետի ձախ ափին է գտնվում Հունոտ գյուղը, որը հիմնադրվել է 18-րդ դարում, իսկ 20-րդ դարում՝ լքվել: Այդ փոքրիկ գյուղի ավերակները այսօր զբաղեցնում են մոտ մեկ ու կես հեկտար տարածք: Այստեղ այցելուները կտեսնեն հին շինությունների և գերեզմանների ավերակները:

Քարանձավ Ավանա Կարան.  գտնվում է Շուշիի հարավ-արևմուտքում գտնվող դժվարանցանելի մի վայրում, որը կոչվում է Ավանի Քերծ: Քարանձավը ունի մոտ 75մ խորություն և մինչև 15մ հասնող լայնություն, իսկ բարձրությունը 7-10մ է:

Քարանձավ Ալեքսանա Ղուզե. հայտնաբերվել է  Քարինտակ գյուղի հարավ-արևմուտքում: Այն գտնվում է Կարպեն Քերծ սարի ստորոտում՝ Զառ գետի ձախ ափին: Այս քարանձավը ունի մոտ 50մ խորություն և շուրջ 7 առանձնացած սրահներ:Ժամանակին քարանձավը հանդիսացել է հեթանոսական պաշտամունքի վայր: 

Կատարոտ:  Շուշի քաղաքի եզրին՝ ժայռերի հենց գագաթին է գտնվում Կատարոտ կամ Ջդրդուզ կոչվող դաշտավայրը: Կիրճի հիասքանչ պատկերով և ներքևվում գտնվող Կարկառ գետի հովտի պատկերով այս 5 հեկտար տարածքի վրա ձգված վայրում ամենաշատն են սիրում նկարվել Արցախ եկած տուրիստները:

Շուշիում հանգիստն ու սնունդը բավականին մատչելի են, քաղաքի  հյուրանոցները այցելուներին զարմացնում են իրենց հրաշալի սպասարկմամբ ու բավականին մատչելի գնացուցակներով: Բացի հյուրանոցային սննդից, քաղաքի այցելուները օգտվում են նաև արցախյան կերակրացանկով ու կոլորիտային խոհանոցով հարուստ ռեստորաններից, որտեղ ևս հասանելի գներ են բոլորի համար: Օրինակ՝ ահա այս ճաշացանկի համար մենք վճարեցինք ընդամենը 2500 դրամ: Այն ներառում էր ղարաբաղյան թթուների ասորտի(500 դրամ), խոզի մսով ղարաբաղյան կորկոտ (մեկ չափաբաժինը 1200 դրամ), մեկ ժենգյալով հաց (500 դրամ) ու ղարաբաղյան թոնրի հաց (մեկ չափաբաժինը 300 դրամ):

Հյուրանոցային գները: Կարելի է ասել՝ ցանկացած գրպանի համար տեղի հյուրանոցներն ունեն առաջարկ: Մեկ անձի համար վճարը սկսվում է 7000 դրամից և կարող է հասնել մինչև 25 000՝ կախված այն բանից, թե կոնկրետ ինչ հյուրանոց կնախընտրեք Դուք: Հարկ է նշել, որ մինիմալ վճարով հյուրանոցային համարները ապահովում են հանգստի ու ժամանցի համար բոլոր անհրաժեշտ պայմանները՝ նախաճաշ, լոգարան, հեռուստացույց  և անվճար Wi-Fi:

Քաղաքի առօրյային ու կենսաձևին ծանոթանալու համար ընդամենը պետք է մի փոքր շրջել Շուշիի փողոցներով ու շփվել  հյուրասեր ու գրկաբաց շուշեցիների հետ:

Եվ վերջապես ամենակարևոր հարցը. ինչպե՞ս մեկնել Արցախ: Տարբերակները չորսն են. Դուք դա կարող եք անել սեփական մեքենայով (վառելիքի համար կվճարեք մոտ 10 000 դրամ),  օգտվելով գոյություն ունեցող բազմաթիվ տուրերից (գները տատանվում են 30 000-40 000-ի սահմաններում), վարձելով տաքսի (Երևանից Ստեփանակերտ տաքսու մեկ անձի վճարը 8000 դրամ է), կամ էլ օգտվել Երևան-Ստեփանակերտ և հակառակ ուղղությունը սպասարկող հանրային ուղևերափոխադրման ծառայություններից (Մեկ ուղղությամբ տոմսի արժեքը 5000 դրամ, երթուղին իրականացվում է Ford մակնիշի միկրոավտոբուսներով, ինչպես նաև հարմարավետ ավտոբուսներով: Մեկնելու վայրը՝ Երևանի կենտրոնական ավտոկայան (չշփոթել կայարանի հետ):

Շուշիի տարածքում, ինչպես նաև դեպի Ստեփանակերտ Դուք կարող եք շրջել բացառապես երթուղային ավտոբուսներով: Շուշի-Ստեփանակեր երթուղու արժեքը ընդամենը 200 դրամ է, սակայն այս դեպքում պետք է հստակ իմանալ երթուղիների ժամանակացույցը: Դեպի Հունոտի կիրճ արգելանոց տանող երթուղիները ևս անհավանական մատչելի են: Մանրամասներին ծանոթանալու համար ընդամենը պետք է տեղ հասնելուն պեզ զանգահարել ԼՂՀ տուրիզմի վարչություն և բոլոր հարցերի պատասխանները կստանաք վայկյանների ընթացքում:Ահա այսպիսին է Շուշին՝ հնի ու նորի, կառուցվողի ու ավերվածի, անցյալի ու ապագայի խաչմերուկում հավերժ կանգուն  անառիկ բերդաքաղաքը:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ Աշոտ Երամիշյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել