Ես պատմագիտությունից մի քանի բան եմ սովորել, որոնք օգնում են կողմնորոշվելու քաղաքական իրավիճակներում (պատմությունն ու քաղաքականությունը համարյա նույն բանն են): Հասկանալու համար մի պատմական իրավիճակ, պետք է ոչ թե մանրամասների մեջ խորանաս, այլ՝ 1. Նախեւառաջ իրավիճակի լայն կոնտեքստը նայես, 2. Հնարավորինս բացառես՝ մարդիկ գիժ են կամ հիմար են բացատրությունը, 3. Գործող անձանց եւ խմբերի նպատակների մասին դատես ոչ թե ըստ խոսքերի, այլ գործերի եւ արդյունքների, 4. Միշտ հարցնես՝ ինչո՞ւ այստեղ ու ինչու՞ այսօր:
Հիմա, եթե նայենք այսօրվա իրավիճակին, ապա, մանրամասների մեջ բազմաթիվ հարցեր կան, որոնք պատասխաններ չունեն: Չեն էլ կարող ունենան, որովհետեւ դրա համար պետք է ունենաս լուրջ ինֆորմացիաներ: Բայց մանրամասները չպետք է խանգարեն տեսնելու խոշոր գծերը, ընդհանուրը՝ համաձայն իմ ասած պատմագիտական մեթոդի: Եվ այդ դեպքում որոշ բաներ քիչ թե շատ պարզ են, գոնե ինձ համար: Բայց ինչ որ հիմա կգրեմ, իհարկե, պնդում չէ, այլ ընդամենը բարձրաձայն մտածել, վարկած:
Ես առայժմ միայն մեկ արդյունք եմ տեսնում այս խռովության: Հայաստանի որպես պետության կարգավիճակի հարցն է վիճարկվում: Հիմնավորվում է, որ Հայաստանը ոչ թե "իսկական", այլ բանանային պետություն է, չկայացած պետություն, որն ի զորու չէ լուծել զինված խռովության խնդիրը մայրաքաղաքի կենտրոնում:
Պետությունն ունի բռնության մենաշնորհ: Իհարկե, խոսքն օրինական բռնության մասին է: Վիճարկվում է այդ մենաշնորհն այն հիմքով, որ իշխանությունը բազմիցս չարաշահել է այդ մենաշնորհը՝ անօրինական բռնության միջոցով: Դա իրոք այդպես է:
Բայց նենգությունն այն է, որ երբ իշխանության անօրինականությունը վկայակոչելով, հիմնավարում ես հասարակության հակաօրինական բռնությունը, ապա տուժողը ոչ թե իշխանությունն է, այլ պետությունը, նրա կարգավիճակն արտաքին աշխարհում: Այս տրամաբանությունը իրականում նման է հետեւյալին՝ եթե իշխանությունը մարդ է սպանում, ապա ես էլ եմ դուրս գալիս փողոց ու մարդ սպանում, ու մեղավորն իշխանությունն է: Արդյունքում դու ոչ թե լավացնում ես վիճակը, այլ վատթարացնում՝ վերածելով իրավիճակն անիշխանականի: Մենք որքան ուզես կարող ենք քննադատել Հայաստան պետության թերիները: Բայց մենք նախ՝ իրավունք չունենք մոռանալու, որ Հայաստանի պետությունը հայերիս անվտանգության միակ երաշխիքն է, եւ նույնիսկ չաղ ու բախտավոր սովետում, երբ սովետին պետք էր լինում, հայերի անվտանգությունը երաշխավորված չէր՝ վկա Սումգաիթյան եւ այլ ջարդերը:
Երկրորդ՝ երբ Հայաստանն իրապես բանանային պետություն ճանաչվի եւ դառնա, ապա նա աշխարհի տեսակետից այլեւս ոչ մի իրավունք չի ունենա ոչ միայն ազատագրված տարածքներն, այլեւ Ղարաբաղը պահելու: Ես չեմ վախեցնում, ես ասում եմ գուցե էս էմոցիոնալ վիճակում շատերին համար ոչ դուրեկան, բայց տրամաբանական փաստեր: Դրանք հնարավոր չէ հերքել լոզունգենրով միայն:
Հասանք, ուրեմն իրավիճակի կոնտեքստին: Պարզ է, որ դա ապրիլյան պատերազմն է, եւ դրան հետեւած իրավիճակը: Ոււրեմն, պետք է հասկանանք, թե այդ կոնտեքստում ո՛ւմ եւ ինչո՛ւ կարող է պետք գալ Հայաստանի պետության ապալեգիտիմացումը: Կապը բռնազբոսիկ չէ, այլ անմիջական: Պատերազմում Հայաստանն ապացուցեց, որ չնայած բոլոր խնդիրներին, Հայաստանը պետություն է, եւ ունի որոշ ամուր հաստատություններ, որոնք գործում են: Հայաստանի թույլ կետը ռազմաճակատում չէր, այլ իշխանություն-հասարակություն հարաբերություններում: .....Այստեղ կանգ առնեմ: Կշարունակենք հետո, որ աառանց այդ էլ երկարած ասելիքս, ավելի չերկարի: Բայց նպատակը միշտ պահենք մտքներումս՝ իշխանափոխության նպատակ չկա այստեղ: Կա պետության կարգավիճակն իջացնելու, պետությունը "սուչիտ" անելու նպատակ:
Հ.Գ. Բանավեճի մեջ մտնելու հնարավորություն եւ ժամանակ շատ քիչ ունեմ: Կներեք, եթե չհասցնեմ պատասխանել բոլորին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել