Պարույր Հայրիկյանի հետ տեղի ունեցածի մասին կարծիքս հայտնեցի ու նրա առաջ քաշած հիմնական վարկածը՝ ռուսական իմպերիալիզմի մեղսակցության մասին, հիմնազուրկ համարեցի դեռ այն ժամանակ, երբ նա հանրային ուշադրության կիզակետում էր: Եվ, քանի որ նախորդ դիտարկումս ճիշտ դուրս եկավ, կարող եմ ինձ թույլ տալ կատարել կարճ վերլուծություն նաև քաղաքական այս ներկայացման երկրոդ ակտի վերաբերյալ:
Հրապարակ նետված այն տեղեկատվությունից, թե Պարույր Հայրիկյանն ամերիկյան բանկերից 50.000 դոլարի փոխառություն է ստացել ու մինչ օրս չի մարել, նաև իր այն հայտարարությունից, որ արդյունավետ քարոզարշավի համար իրեն վճարովի եթերաժամեր են հարկավոր, ինչի համար նա գումար չունի, դժվար չէր եզրակացնել, որ Հայրիկյանն այդկերպ ազդարարեց հրապարակային աճուրդի սկիզբը: Բայց երբ պարզ դարձավ, որ ոչ ոք չի շտապում արձագանքել նրա այդ կոչին, այդժամ նրան էլ ոչինչ չէր մնում, քան ասել, որ առողջական վիճակը վատացել է, և չի բացառվում, որ դիմի ՍԴ՝ ընտրությունները հետաձգելու խնդրանքով: 
Ուզում եմ հիասթափեցնել Պարույր Հայրիկյանին. գումար տվող չի լինելու: 
Բանն այն է, որ նա առավելագույնը կարող է ընտրությունները հետաձգել երկու շաբաթով, ոչ ավելին: Նոր ընտրությունների հրավիրման գործընթաց ինքն ի վիճակի չէ սկսել: Քանի որ նախ պետք է դիմի ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու մասին դիմումով, և միայն դրանից հետո, եթե անհաղթահարելի խոչընդոտը չվերանա, նոր միայն կարող ենք խոսել 40 օրով ընտրությունների հետաձգման ու նոր առաջադրումների մասին: Մի բան, որ տվյալ պարագայում անհնարին է, քանի որ ընտրություններին մեկ շաբաթ կա, երկու շաբաթով էլ եթե հետաձգվի, բնական է, որ բժշկական հետազոտությունը կապացուցի, որ վերացել է անհաղթահարելի խոչընդոտը: 
Իսկ մրցող թիմերի ներկա կազմով երկշաբաթյա հետաձգումը ի՞նչ է տալու մասնակիցներին, որպեսզի նրանք Հայրիկյանի նման քայլը «արժևորեն»: Իսկ ընտրություններում նոր մասնակիցներ ներգրավելուն, ասել է թե՝ նոր ընտրություններ նշանակվելուն, Հայրիկյանը կարող է հասնել միայն հետմահու, ինչն էլ ենթադրում եմ, որ այդքան էլ նրա սրտովը չի լինի, որպեսզի ինքը դա նախաձեռնի: Բայց, եթե անգամ նոր առաջադրումներ էլ լինեին, ապա դա ի՞նչ էր փոխելու: Հիմնական մրցակիցներ համարվողներից՝ Լևոն Տեր-Պետրոսյա՞նն էր երիտասարդանալու, Ռոբերտ Քոչարյա՞նն էր հայտարարելու, թե ինքն այլևս ղարաբաղցի չէ, թե՞ Գագիկ Ծառուկյանի համար այս երկու ամսում մի այնպիսի շեշտակի փոփոխություն է կատարվել, որ այլևս պատրաստ է առաջադրվելու: 
Հիմա ումի՞ց է գումարն ակնկալում հարգարժան Հայրիկյանը. գերտերությունների՞ց, ինչն առնվազն ծիծաղելի է, ներհայաստանյան այն ուժերի՞ց, ովքեր իբր շահագրգռված են ընտրությունների տապալմամբ, ինչը լուրջ չէ, ընտրությունների իր մրցակիցների՞ց (բացի իշխանական թեկնածուն), ինչն առնվազն ծիծաղելի է, իշխանության թեկնածուի՞ց, ինչն ուղղակի անիմաստ է: Չմոռանանք, որ ով Հայրիկյանի հետ գործարքի գնալու փորձ արեց, նա էլ մեղադրվելու է նրա դեմ կատարված մահափորձի մեջ, իսկ դա առավելապես վերաբերում է իշխանություններին, քանի որ առանց այն էլ քիչ չեն կատարվածի հետևում իշխանական հետք որոնողները: Իսկ ընտրությունները միայն փետրվարի 18-ով չեն ավարտվում. հետընտրական զարգացումներ կան, միջազգային հանրության գնահատականներ կան, որոնք պակաս կարևոր չեն: Այնպես որ, ոչ մեկն իր նախաձեռնությամբ սեփական վզի համար օճառած պարան չի գնի:
Գիտեմ, որ խորհուրդ տալն անշնորհակալ գործ է, բայց կփորձեմ դա անել՝ հաշվի առնելով պահի լրջությունը, և ասել հարգարժան Հայրիկյանին, որ ավելի լավ է շուտափույթ փակի՝ լոտը 100.000 դոլար հայտարարված հոլանդական աճուրդը, ու չհետաձգի դա մինչև կիրակի, քանի որ նրա գինն ընկնում է շեշտակի արագությամբ, և, եթե նա մի քանի օր առաջ անկախության խորհրդանիշ էր որակվում, ապա հիմա այլևս դարձել է քաղաքական քայլող օղորմածիկ, իսկ ի՞նչ կդառնա մի քանի օրից…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել