Երկու մարդու հարցնես, թե հիմա ինչ է կատարվում Հայաստանում, լրիվ տարբեր մեկնաբանություններ կտան: Զինված խմբի անդամները ամենասկզբից շատ լոկալ պահանջ էին դրել, բայց մի տեսակ մարդիկ դա չընկալեցին: Նույնիսկ ձևակերպումները, թե ծայրահեղ քայլի գնացած ահաբեկիչներ են, մարդկանց չկանգնեցրեց: Մարդկանց ուղղակի ազդակ էր պետք՝պոռթկալու: Ֆորմատը ծնում է պահի լրջությունը:

Ինչ են կոնկրետ ուզում Խորենացի փողոցում հավաքված մարդիկ, ինձ համար հստակ չէ: Ամեն մեկն իր ԻՆՉՈՒ-ն ունի, ընդ որում խիստ անձնական ու անհատական: Ամեն մեկը մի առանձին պատմություն կպատմի։ Դրա համար էլ հախուռն է ամեն ինչ։ Թիրախն է նույնը՝հասարակության հետ իրեն որևէ կերպ չասոցացնող ու հանրությանը միայն քամելու օբյեկտ տեսնող իշխանության քայլերը, որոնք ինչ ասես կարող են ի վերջո ծնել:
Ինձ թվում է, որ մեծամասամբ մարդկանց մոտ զգացողությունն է նույնը՝ այսպես երկար շարունակվել չի կարող, ընդ որում ոչ միայն այս պայթյունավտանգ իրավիճակի,այլև ավելի գլոբալ Հայաստանի ապագայի առումով:

Հ․Գ․ Սերժ Սարգսյանն ասում է, թե հիմա պատճառների մասին խոսելու ժամանակը չէ. դասեր քաղելու ժամանակն է: Ապրիլից դեպքերից շատ քիչ ժամանակ է անցել. իսկ արդյոք կար ավելի լուրջ դաշտ հանրության հետ պատճառների մասին խոսելու, քան հետապրիլյան օրերն էին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել