Բնականաբար այս օրերին բոլորի ուշադրությունը կենտրոնացած է Էրեբունու դեպքերի վրա: Սակայն իրենց բնականոն աշխատանքով են զբաղված բոլոր կառույցները: Այս օրերին՝ գործադիր մարմնի հերթական նիստում ընդունվեց որոշում՝ պետական բյուջեի ծախսերը, հետևաբար նաև բյուջեի պակասուրդը մոտ 10,4 մլրդ դրամով կրճատելու մասին:
Ըստ կառավարության հիմնավորման, այդքան ծախսերի կրճատման որոշումն ընդունվել է նախարարություններից և գերատեսչություններից ստացված ՝ պետական բյուջեով նախատեսված հատկացումների կրճատման վերաբերյալ առաջարկություններով:

Այսպիսով, ընդհանուր առմամբ կրճատվող 10 մլրդ 362 մլն դրամից մոտ 2 մլրդ դրամ կրճատվելու են ընդհանուր բնույթի հանրային ծախսերից, մասնավորապես պետական կառավարման մարմինների պահպանման՝ էներգետիկ, կապի, տրանսպորտային նյութերի, մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգումների, համակարգչային, տեղեկատվական, ներկայացուցչական ծառայությունների, աշխատակիցների հավելավճարների, արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների, արտասահմանյան և ներքին գործուղումների և այլ ծախսերը:

Մոտ 1 մլրդ դրամ է կրճատվում տնտեսական հարաբերություններ ոլորտից, 650 մլն դրամ է խնայվելու առողջապահության ծախսերից, հանգիստ, մշակույթ, կրոն բաժնից կրճատվելու է մոտ 300 մլն դրամի ծախս, կրթության ոլորտից 1,4 մլրդ դրամի կրճատումներ են լինելու: Ամենամեծ կրճատումները լինելու են համապատասխանաբար բյուջեի ամենածախսատար՝ սոցիալական պաշտպանություն ոլորտից՝ 4,5 մլրդ դրամ: Բնականաբար, թոշակների և նպաստների հետ այդ կրճատումները կապ չեն ունենալու. հիմնականում լինելու են այս ոլորտը սպասարկող ծառայություններում խնայողության հաշվին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել