Հարգարժան տիար նախագահ, սույնով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին» թիվ N1169-Ա որոշման համաձայն պատմության պետական թանգարանին թույլատրվել էր ՀՀ տարբեր մարզերից 2012թ. սեպտեմբերին Երևան տեղափոխել պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ` հնագույն կոթողներ, խաչքարեր, ճարտարապետական մանրամասներ, բեկորներ և թանգարանի բաց սյունասրահում կազմակերպել ՀՀ անկախությանը նվիրված ցուցադրություն: Արդյունքում թվով 51 պատմամշակութային հուշարձաններ տեղափոխվեցին պատմության թանգարան: Դրան հաջորդեց մասնագետների, հանրության, ինչպես նաև տեղաբնակների բողոքը: Անցկացվեցին բողոքի ակցիաներ, մամուլի ասուլիսներ, հարցը քննարկվեց Հանրային Խորհրդում: Նամակ-պահանջագիր ուղարկվեց ՀՀ կառավարությանը և Մշակույթի նախարարությանը, սակայն ստացվեց ոչ բավարար պատասխան: Ընթացքի մեջ է ստորագրահավաքը:

Վերոնշյալ որոշումը հղում է կատարում «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի վրա, որի 21-րդ հոդվածում ասվում է՝ «Հանրապետական և տեղական նշանակության հուշարձանների տեղափոխումը, հանրապետական նշանակության հուշարձանների փոփոխումը կարող են կատարվել միայն բացառիկ դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ, իսկ տեղական նշանակության հուշարձանների փոփոխումը՝ պետական կառավարման տարածքային մարմինների թույլտվությամբ»: 
Համարվում էր, որ հուշարձանների ցուցադրությունը բացառիկ դեպք է: Սակայն վերջերս պարզեցինք, որ ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2338-Ն որոշումով հստակեցվել է «բացառիկ» բառի բացատրությունը: Մեջբերում ենք այդ որոշման 2-րդ կետը՝ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխումը կատարվում է ԲԱՑԱՌԻԿ՝ նրա զբաղեցրած տարածքի բնակլիմայական, երկրաբանական պայմանների վատթարացման (հեղեղատներ, սողանքներ, նստվածքներ, փլուզումներ և այլն) հետևանքով հուշարձանի կորուստը կանխելու և (կամ) հուշարձանի զբաղեցրած տարածքը պետական կարևորություն ունեցող արդյունաբերական, հիդրոտեխնիկական, ինժեներատրանսպորտային հաղորդակցության և այլ քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով օգտագործման ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում»:

Մենք համոզված ենք, որ այդ 51 հուշարձաններից և ոչ մեկին վտանգ չէր սպառնում և Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ վերոնշյալ գործունեությունը տեղի է ունեցել օրենքի կոպիտ խախտման արդյունքում: Խնդրում և պահանջում ենք, որպեսզի Դուք՝ որպես ՀՀ օրենքի պահպանման երաշխավոր, հետամուտ լինեք թիվ N1169-Ա որոշման չեղյալ համարելու և հուշարձանների վերադարձի հարցերում: Ինչպես նաև պատկան մարմիններին հանձնարարություն տալու, որպեսզի տեղում կազմակերպեն հուշարձանների վերականգման և պահպանման աշխատանքները:

Ակնկալում ենք հարցի շուտափույթ լուծում: 

«Պատմական հուշարձանների պահպանություն» նախաձեռնություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել