Մի երկրում, որտեղ իշխում էր բավականին կոռումպացված վարչախումբ, որտեղ օլիգարխիան ու սոցիալական անհավասարությունը զզվացրել էր բոլորին, անգամ` որոշ օլիգարխների ու վարչախմբի ներկայացուցիչների, և որտեղ ժողովուրդը մոլորվել էր երկրի արտաքին քաղաքականության վայրիվերումներում, մի օր դժգոհություն սկսեց և մարդկանց փոքր խումբ ընդվզեց վարչախմբի դեմ։

Այդ մի երկրում սկզբում ամեն ինչ լոկալ մասշտաբներ էր կրում և թվում էր, թե իշխող վարչախումբը արագ կլուծի այդ հարցը, կամ էլ ձեռք չի տա ակտիվիստներին և նրանք վաղ թե ուշ կցրվեն տներով։

Այդ երկրում ոստիկանությունն այնքան երկար էր գործել բռի ու բիրտ մեխանիզմներով, որ թվում էր, թե մոռացել են, թե ոնց են գործում ոչ բռի ու ոչ բիրտ։ Մի գեղեցիկ օր, այդ երկրի ոստիկանությունը հրաման ստացավ ուժային մեթոդներով ցրել հավաքված մարդկանց։ Ցրելը ցրեցին, բայց այնքան մեծ դաժանությամբ, այնպիսի սարսափելի սադիզմի դրսևորումներով, որ հաջորդ օրը մի քանի հայրյուր հոգու տեղը տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց, որովհետև այդ մարդիկ ուղիղ եթերով ու համացանցով հետևում էին բռնության այդ չարդարացված ալիքին։

Այս ողջ ընթացքում այդ երկրի սոցցանցերն ալեկոծվում էին։ Այլ հարց է, որ ալեկոծումը պատահական չէր ու մեծապես ենթարկվում էր տարատեսակ ֆեյքերի ու կասկածելի սուբյեկտների կետային ազդեցությանը։ Բայց քանի օր մարդկանց մոտ օբյեկտիվ դժգոհությունը տարիների ընթացքում կրիտիկական աստիճանի էր հասել,նրանք հեշտ էին տրվում ցանկացած ապատեղեկատվության, միակողմանի շեշադրման։ Էլ չասեմ, որ ռեժիմի գործողություններից շատերն ինքնին բավական էին ալեկոծում առաջացնելու համար։

Այդ երկրում իշխանությունները երկար ժամանակ իներտ էին ու լուռ։ Իսկ մարդիկ օրստօրե կուտակվում և ավելանում էին, իսկ ամբոխի ու սոցցանցերի ակԾիվիստները օր օրի ավելի մեծ ատելություն էն սերմանում ոստիկանների նկատմամբ՝ ցուցարարների մոտ, ցուցարարների նկատմամբ՝ ոստիկանների մոտ, այս հավաքն ու այս հավաքում հնչող հռետորաբանությունը չընկալով ու չընդունող քաղաքացիների նկատմամբ՝ էլի ցուցարարների մոտ։

Հետո սկսեցին սիստեմատիկ բախումները՝ զոհերով ու վիրավորներով, բայց ինչ-որ մի կետից ոստիկանների զոհերի ու վիրավորների թիվը ոչ մեկին չէր էլ հետաքրքրում, որովհետև ցուցարարների մոտ արդեն դյուրամարս էր դարձել այն, որ ոստիկանին հենց սատկացնել ու վնասել է պետք, իսկ այ ակտիվիստի՝ երբե՛ք։

Հետո սկսեցին պատմել, որ այ էսինչ գիշերը Ռուսական ալֆան է գալու ու իրականում ով դեմ է կատարվողին, նա կամ ռուսական ագենտ է, կամ էլ ռեժիմի, իսկ միակ փրկությունը ցանկացած գնով ազնիվ քաղաքացիներին փողոց հանելն է։

Այդ մի երկրում վերջը հասան նրան, որ ատելի ռեժիմը փախավ։ Ճիշտ է, մինչև փախչելը հարյուրավոր զոհեր եղան, իսկ փախած ռեժիմի փոխարեն եկած նոր, ազատական, հեղափոխական ռեժիմը էլ ավելի վատն էր քան նախկինը, բայց գնացքն արդեն գնացել էր։ Կորցրեցին երկրի տարածքներ՝ մեղավոր նշանակեցին դրսի ուժերին։ Կորցրեցին տնտեսությունը՝ մեղավոր նշանակեցին դրսի ուժերին ու ռեժիմին։ Ընկան քաղաքացիական պատերազմի գիրկը և կորցրեցին հազարավոր կյանքեր՝ մեղադրեցին դրսի ուժերին ու ներսի տականքին (որը ոչ մի դեպքում իրենք չէին)։ Մի խոսքով․․․

Այդ մի երկրի անունը Ուկրաինա էր։ Բոլոր շարադրված դեպքերն ու զարգացումները իրական են և տեղի են ունեցել 2013-ի նոյեմբերից առ այսօր ընկած ժամանակահատվածում։

Բոլոր համընկնումները մեր իրականության հետ պատահական են (հա՞ որ)։

Հ․Գ․ Պայքարող ու ազատատենչ քոմմենթչինե՛ր, ֆա՛ս, կարող եք սկսել հոշոտել ինձ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել