Հազարամյակներ շարունակ` փաստորեն իր ողջ տեսանելի պատմության ընթացքում, Հայ Ժողովուրդը մշտապես կենաց-մահու պատերազմներ է մղել այս մեղավոր երկնքի տակ իր ֆիզիկական գոյությունը պահպանելու համար և անկախ ոսոխի ով լինելուց, իր նկատմամբ նրա ունեցած մարդկային և ռազմական ռեսուրսների գերակայության աստիճանից՝ Հայը ամենաանհույս վիճակներում անգամ, միշտ, գոնե բարոյապես, հաղթել է թշնամուն ու կարողացել է մոխիրներից անգամ հառնելով հասնել այսօրվան: Ավարայրի ճակատամարտից առաջ և հետո, Սարդարապատից, Մեծ Հայրենականով մինչև մերօրյա, դեռ չավարտված Ղարաբաղյանը` անխտիր բոլոր մեր մղած պատերազմներում միշտ նույն, ոչ ինչ-որ մանր-մունր, չնչին տակտիկական` ասենք ջրի, հողի, օգտակար հանածոյի կամ նավթի պատկանելության հարցեր են լուծվել, այլ արդեն մեզ համար սովորական դարձած` հայ տեսակի լինել-չլինելու խնդիրն է դրված եղել զոհասեղանին: Այո, Հայ Ազգի լինելիության հարցը կարմիր թելով անցնում է մարդկության պատմագրության բոլոր էջերով: 
Այս բոլոր պատերազմները մի կարևոր ընդհանրություն ևս ունեն` դա ճակատային գծի առկայությունն է, այսինքն՝ թշնամին միշտ երևացել է, տեսանելի է եղել, գտնվել է ռազմաճակատային գծից անդին, մեզանից «դուրս» լինելով՝ միշտ ճանաչելի է եղել: 
Մեր բոլոր հաղթանակների հիմնական և միակ գրավականը եղել և մնում է ամեն գնով Ազգային ԷՈՒԹՅԱՆ, մեր սեփական ԻՆՔՆՈՒԹՅԱՆ, Հայ տեսակի պահպանման գիտակցումը` «ՄԱՀ ԻՄԱՑԵԱԼ ԱՆՄԱՀՈՒԹԻՒՆ Է…»: 
Սակայն այսօր մենք ինքներս, գիտակցաբար թե չգիտակցված, մեզ զրկում ենք մեր հիմնական և միակ զենքից: Մենք սկսել ենք վիճարկել Սեփական Ուղու գոյության, ազգային ԻՆՔՆՈՒԹՅԱՆ պահպանման կարևորությունը: Այսօր մեզանում արհամարհված են հազարամյակների ընթացքում ձեռք բերված բոլոր կարևորագույն մարդկային արժեքները, դրանք համարված են որպես հետամնացության դրսևորումներ, մեր «առաջընթացը» խոչընդոտող հասկացություններ: Ամեն սրբություն կորսված ու ծաղրանքի առարկա է դարձված, փոխարենը գերագույն արժեքներ են հայտարարված նյութն ու փողը, դատարկ բարեկեցությունն ու սուտ բարգավաճությունը, սեռական ազատականությունն ու մարմնապաշտությունը: Երիտասարդությանն արդեն կոչ է արվում` «Վայելիր կյանքը, քանի դեռ երիտասարդ ես, կուսությունը մեծ առասպել է»: Այսօր մենք ապրում ենք մի նոր Ավարայրի ժամանակաշրջան, սակայն այս ճակատամարտը հազարապատիկ ավելի ծանր է, քան Հայ իրականությամ մեջ վարված բոլոր մեր ճակատամարտերը միասին վերցրած, քանզի այստեղ բացակայում է ճակատային գիծը: Ավելի ճիշտ այն լղոզված, դիֆերենցված է, այն ամենուր է, այն հայտնվում է ամենաանսպասելի տեղերում, այն անցնում է մեր բնակարաններով, մեր աշխատավայրերով, մեր մանկապարտեզներով ու դպրոցներով, վերջապես ամեն մեկիս ներսով: Եվ կռիվն էլ ամենուր է, այն մարդկային հարաբերությունների բոլոր ոլորտներում է, ամեն տեսակ գործողություններում, հայրերի և որդիների, պապերի և թոռների, ճշմարիտ պահպանողականների և «առաջադիմականների» միջև է, այն մեր երկփեղկված մտածողության մեջ է ընթանում: 
Եթե նախորդ բոլոր ճակատամարտերում, պատկերավոր ասած, վտանգված էր Հայ ազգի ՖԻԶԻԿԱԿԱՆ գոյությունը, ապա այսօր վտանգված է նրա ՈԳԵՂԵՆՈՒԹՅՈՒՆԸ, նրա հոգևոր լինելիությունը և պարտությունը այս կռվում, արդեն առանց արտաքին «ռազմական» միջամտության, կբերի Հայ տեսակի վերացմանը աշխարհի երեսից: Այս թշնամին հազարապատիկ ավելի զորավոր է բոլոր նախորդներից: Նա օգտագործում է մարդու ներսում առկա բոլոր անկատարությունները, նրա բնական բոլոր բնազդների հետ խաղալով սանձում ու իրեն է ենթարկում յուրաքանչյուրին, մարդու սնվելու անհրաժեշտությունը դարձնելով որկրամոլություն, “սև” օրվա համար ինչ որ բան կուտակելու մարդկային ձգտումը` վերածելով ընչաքաղցության, սերունդ ունենալու բնական ցանկությունը` սեռական սանձարձակության, ժամանակ առ ժամանակ հանգիստ առնելու մարդկային տենչը` ցոփության ու շվայտության և այլն, և այլն: Այնպես որ, սա մեր վերջին ճակատամարտը կարող է լինել: Ուրեմն ի զեն և միշտ հիշենք. «ՄԱՀ ԻՄԱՑԵԱԼ ԱՆՄԱՀՈՒԹԻՒՆ Է…»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել