Աբխազիայում հայերը հաստատվել են վաղ միջնադարից։ Հետագա դարերում էլ պատմական հանգամանքների բերումով հայերի հոսքը Աբխազիա շարունակվել է։ Աբխազիա եկած հայերի հիմնական զանգվածը համշենցիներ են, որոնք 1879-ից ընտանիքներով, հաճախ կահ-կարասիով և նույնիսկ անասուններով գաղթել են Սև ծովի հարավ-արևելյան ափերից՝ Տրապիզոնի, Օրդուի և Աամսոնի շրջաններից։

Հայերի գաղթը Արևմտյան Հայաստանից տվյալ տարածաշրջան հատկապես ակտիվացավ 1895-1896-ին և 1915-ի հայկական կոտորածների ժամանակ։ Դեռևս 19-ի վերջերին Աբխազիայում հիմնադրվել են հայկական կենտրոններ և գյուղեր՝ Լաբրա, Արագիչ, Աթարա (հայկական), Դրանդի և այլն։ Երկրում բնակվում է 48 հազար հայ, նրանք հիմնականում ծովափնյա դաշտային մասերում զբաղվում են գյուղատնտեսությամբ, մշակում մերձարևադարձային պտուղներ և ծխախոտ, որ բերել և տարածել են Սև ծովի կովկասյան ափերին։ Հայերի մի մասն ապրում է քաղաքներում՝ Սուխումում, Օչամչիրայում զբաղվում գլխավորապես արհեստներով։

Համշենահայերը Աբխազիայում կառուցել են եկեղեցիներ, հիմնել կրթօջախներ, որոնք պահվել են հայ համայնքների ու գյուղերի նյութական միջոցներով։

1911 թվականին ուսուցիչ Խաչատուր Ավդալբեգյանի ղեկավարությամբ կենտրոնացվել է դպրոցական գործը, իսկ Սուխումում բացվել թ գրախանութ, նա նաև ստեղծել է հայկական տպարան, հրատարակել հայերեն թերթեր։ 1912-13-ին հրատարակվել է «Լույս» գրական շաբաթաթերթը։

Աբխազահայերի վիճակն արմատապես փոխվել է սովետական ժամանակահատվածում։ Հայությունը հատկապես մեծ ավանդ է ունեցել տնտեսության մեջ, ավելի կոնկրետ՝ ծխախոտագործության բնագավառում։

1934-ին Գագրայի շրջանի Ալախաձե գյուղի հայ ծխախոտագործները մշակել են ծխախոտ հավաքելու նոր եղանակ, որի շնորհիվ 4-7 անգամ բարձրացել է աշխատանքի արտադրողականությունը։ Նոր եղանակը, ի պատիվ ստեղծողի, ստացել է «Բոստանջյանի մեթոդ» անունը, արագորեն տարածվել ԽՍՀՄ ծխախոտագործների շրջանում։

Սուխումում ստեղծվել է նաև հայկական թատրոն, որը հետագայում դերասաններ Շահեն և Էլզա Շահինյանների ջանքերով վերածվել է հայկական պետական թատրոնի (1928-30)։

Հետխորհրդային ժամանակահատվածում արդեն որոշակի զարգացումներն ու տարածաշրջանային ցնցումներն իրենց հետքը թողեցին նաև համշենահայության վրա: Նշածս ակներև էր հատկապես մինչև 2008 թվականի օգոստոսյան պատերազմը: Վրացական իշխանություններն Աբխազիայի տարածքում բացահայտ հակահայ քաղաքականություն էին տանում:

Մեր ժամանակներում, մանիպուլյացիոն տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց, հաճախ զանգվածային լրատվամիջոցները հանդես են գալիս ոչ այնքան հասարակական կարծիքն օբյեկտիվ արտահայտողի, որքան այդ կարծիքը ձևավորողի դերում։ Աբխազահայության անվտանգության և ՀՀ պետական շահերի տեսանկյունից, անշուշտ, խիստ վտանգավոր է հայ-աբխազական հակասությունների հրահրումը, դրանց ամեն տեսակ դրսևորումներն ու անցանկալի զարգացումները։

Հակահայկականությունը դրսևորվում է մի շարք խնդիրների համատեքստում, որոնց զգալի մասն արդեն ավանդական դարձած մեղադրանքներ են հայության նկատմամբ. հայության «նկրտումները» Թիֆլիսի նկատմամբ, հայկական գերակայություն հաստատելու «ձգտումները», ջավախահայութան «անջատողականությունը», հայերի ծրագրերը Վրաստանի տարածքի մի մասում «Մեծ Հայաստանի» ստեղծման նպատակով, ինչպես նաև՝ վերջերս բավական հաճախակիացած նյութերը, որոնցում հեղինակները վրաց հասարակությանը տեղեկացնում են վրացական պատմության և մշակույթի նկատմամբ հայերի ունեցած «հավակնությունների» մասին։

Շարունակելի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել