Մի քանի օր առաջ՝ հուլիսի 8-9-ին, Վարշավայում տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովը, որն արձանագրեց ՆԱՏՕ-ՌԴ ռազմաքաղաքական ու պաշտպանական մրցակցության նոր փուլի մեկնարկը, որտեղ շեշտադրումներն արվել են Դաշինքի արևելյան սահմանների (Բալթյան երկրներ, Լեհաստան) պաշտպանական ներուժի ավելացման վրա:

2010թ-ի վերջին Լիսաբոնի գագաթաժողովից հետո ՆԱՏՕ-ի ու ՌԴ-ի միջև ձևավորված «որոշակի հավասարակշռությունը» ի չիք դարձավ «ուկրաինական» ճգնաժամի ու դրան հետևած գործընթացների արդյունքում: Նման պայմաններում, երբ ՌԴ-ն հստակ ուրվագծելի հավակնություններ ներկայացրեց ընդդեմ ամերիկյան մենիշխան դոմինանտության, պարզ դարձավ՝ սառըպատերազմայան մրցակցությունը, որը տարիների ընթացքում որոշակիորեն մեղմվել էր, նոր թափ է հավաքելու: Դուրս գալով ԵՍԶՈՒ պայմանագրից, ինչպես նաև իրականացնելով բանակային ռեֆորմներ, փորձելով առավել ակտիվ ներգրավվել, ինչպես մերձռեգիոնալ, այնպես էլ առավել հեռու տարածաշրջաններում առկա խնդիրների լուծմանը(էսկալացմանը)՝ ՌԴ-ն փորձում է ինքնությունության հայտ ներկայացնել միջազգային անվտանգության օրակարգում: Նման վարքի հիմնական «մեսիջը» հետևյալն է. չնայած ԱՄՆ-ը միակ գերտերությունն է աշխարհում, սակայն առանց որոշ գործընկերների՝ այդ թվում ՌԴ-ի, Չինաստանի, միգուցե Հնդկաստանի, Վաշինգտոնը կարծես ունակ չէ արդյունավետորեն լուծել նորօրյա մարտահրավերները:

Նման հավակնությունները, որոնք սրվեցին հատկապես «սիրական» ճգնաժամի ներքո ձևավորված ռուս-թուրքական լարման պայմաններում, ՆԱՏՕ-ի համար հստակ ազդակ էին, որ ներկայիս պուտինյան Ռուսաստանը, չնայած խորը տնտեսական ճգնաժամին, քաղաքական ճնշումներին, ներքին լրջագույն խնդիրներին կարող է պոտենցիալ վտանգի աղբյուր լինել: Իսկ որպես վտանգի ամենից արդիական դրսևորում՝ կարող է դիտարկվել անկանխատեսելի ու անվերահսկելի զարգացումները Դաշինքի հարևան տարածաշրջաններում/երկրներում, որոնք ուղղակիորեն կապված են ՆԱՏՕ-ի հավաքական անվտանգության ապահովման հետ: Ուստի նախկին՝ դեռ 1999թ. վաշինգտոնյան դեկլարացիայի մոտեցումները հավանաբար պետք է վերախմբագրել:
Ըստ «նոր» մոտեցումների, Դաշինքի համար հիմնական և հավանաբար երկարաժամկետ մարտահրավեր դառնում է Ռուսաստանը, ում «ռազմաքաղաքական ախորժակը» էլ ավելի է մեծանալու հատկապես «երկրորդային» ու «երրորդային» աշխարհաքաղաքական դաշտերում:

ՀՀ-ն, լինելով ՆԱՏՕ-ի գլխավոր սպառնալիք ՌԴ-ի ռազմավարական գործընկերը, ունենալով բավական սերտ հարաբերություններ Դաշինքի հետ, լինելով Անհատական գործակցության գործողությունների ծրագրի անդամ, Դաշինքի հետ գործակցության ներքո ունենալով խաղաղապահության փորձառություն և միաժամանակ լինելով ՀԱՊԿ հիմնադիր-անդամ երկիր, այնուամենայնիվ իր վրա զգալու է այդ մրցակցության անդրադարձները:

Եվ խոսքը միայն ԼՂ խնդրի վերաբերյալ ՆԱՏՕ-ի հռչակագրերում՝ թուրքական հովանավորչությամբ «տարածքային ամբողջականության» սկզբունքին աջակցելու դրույթների մասին չէ: Խոսքը առավել լայն սպեկտրի ու տարանջատման մասին է, որն իր մեջ կներառի միջպետական շփումների ու հանրային համագործակցության ամենալայն ու ամենտարբեր ոլորտները: Որոշակի կաշկանդվածությունը, որ էլ ավելի տեսանելի կլինի ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններում, իհարկե, օբյեկտիվորեն պայմանավորված իրողությունների արդյունքն է լինելու, սակայն հեռանկարում կարող է գործոն դառնալ ՀՀ-ի համար սեփական ռազմաքաղաքական ու քաղաքակրթական զարգացման տեսլականի վերախմբագրման, ազգային շահերի առավել հարմար մոտեցումների մշակման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել