«Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնի շրջանակներում երեկ կայացավ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերան։ Արցախցի ռեժիսորը, ով անցել է պատերազմի միջով, այս անգամ ևս ներկայացնում է մարդկային պատմություն պատերազմի դաշտից։ Ֆիլմի երաժշտությունը գրել է Սերժ Թանկյանը։

Ալեքսանդր Խաչատրյանի, Սոս Ջանիբեկյանի, Սանդրա Դաուկշայտե Պետրուլենեի և Հոմայուն Էրշադիի մասնակցությամբ ֆիլմը նախատեսված է ինչպես հայկական, այնպես էլ միջազգային հանրության համար։ Ֆիլմը ստեղծմանը մասնակցել է մի քանի երկիր՝ Լիտվա, Շվեդիա, Լիբանան։ Ռեժիսորը չցանկացավ խոսել ֆիլմի մասին, միայն  շնորհակալություն հայտնեց ֆիլմի ստեղծմանը մասնակցած երկրներին և բոլոր նրանց, ովքեր օգնել էին ֆիլմը կյանքի կոչել:

Գյուղի վերջին բնակիչին՝ Աբգարին մարմնավորող դերասան Ալեքսանդր Խաչատրյանը BlogNews-ի հետ զրույցում ասաց, որ ֆիլմին գնահատական տալ չի կարող, քանի որ չի կարողանում օբյեկտիվ նայել իր ու իր ընկերների աշխատանքին։ «Կարծում եմ՝ ֆիլմն արժանի է բարձր գնահատակի։ Այստեղ կտրուկ չի դրված ազգերի միջև եղած կոնֆլիկտը, քանի որ այստեղ շատ ավելի կարևոր են մարդկային հարաբերությունները և մարդու՝ մարդ մնալու խնդիրը»,- ասաց նա։

Դերասան Սոս Ջանիբեկյանին ֆիլմում տեսնում ենք բացասական կերպարով։ Նա մարմնավորում է դաժան ադրբեջանցու։ «Ինձ համար  շատ բարդ էր արդարացնել մի կերպար, որին ամբողջ հոգով, սրտով, գենով  չեմ կարողանում ընդունել, բայց քանի որ ստեղծագործ մարդ եմ, հասկացա կերպարիս՝ իր բարդույթներով, ցանկություններով, մանկությունից եկած տրավմաներով և կարողացա կերտել։ Կարծում եմ՝ վերապրել ու կերպավորել էդ դերը սուտ իր իրական դերասանության սահմանին, որովհետև «խարակտերային» կերպարներն ավելի դժվար են, պետք է ինչ-որ վառ հատկություն ունենան, իսկ դա, հնարավոր է, տանի գրոտեսկի»,- ասաց դերասանն ու հավելեց, որ ֆիլմին գնահատական տալ չի կարող, քանի որ շատ լարված է դիտել, պետք է երկրորդ անգամ էլ տեսնի։

Հերոսուհուն Յուրգային մարմնավորած լիտվացի դերասանուհի Սանդրա Դաուկշայտե Պետրուլենեն էլ նշեց, որ ֆիլմն իրեն շատ է դուր եկել և շատ տպավորված է։

    

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել