«Այսօր փետրվարի 8-ն է, երկուշաբթի»,- առավոտյան արթնանալիս տարօրինակ ինչ-որ զգացողության պատճառով ցանկություն ունեցա ինձ համար ճշտել ամիսը, օրը: Արևկող իմ սենյակը ողողված է ձմռան համար արտասովոր լուսավորվածությամբ ու ջերմությամբ, իսկ գուցե տաքությա՞մբ: Այո, այո, նույնիսկ ամառային տաքությամբ: Ասես քնել էի մի ամբողջ ձմեռ ու գարնան մի տաք օր արթնացել` արջի պես (հիմա ես նրան լավ եմ հասկանում):

«Այսօր փետրվարի 8-ն է, երկուշաբթի: Իսկ ինչո՞ւ է  ինձ թվում, թե գարնան այն օրն է, երբ դպրոցական տարիներին` արձակուրդից հետո, կրկին դասի էինք շտապում»,- դարձյալ ինձ հարց տվեցի, երբ բացեցի պատուհանը և արևի տաքությունը` ապակու միջնորդությունից զերծ, զգացի դեմքիս ու պարանոցիս: Կանաչ գույնի ակնկալությամբ բնազդաբար նայեցի շուրջս և գորշ մոխրագույնից սթափվեցի իսկույն. «Փետրվարի 8-ն է, երկուշաբթի»:

Փողոցում մի մարդ ավտոմեքենա է լվանում, մեքենայից գոլորշի է բարձրանում, իսկ թրջված ասֆալտը բուրում է գարնանային թացությամբ:

«Որտեղի՞ց ձմռան մեջ այս գարունը»,- զարմանում եմ ես:

«Է՜հ, Աստվա´ծ խերն անի»,- իմաստուն խորհրդավորությամբ կասեն տարեցները, կհամրեն թազբեհն ու միաբերան կհաստատեն. «Աստվա´ծ խերն անի»:

…. Աշխատանքի եմ գնում ու մտքում այսօր օրհնում իմ ամենօրյա` ոտքի երկար ճանապարհը: Չեմ շտապում, վայելում եմ ձմռան մեջ այս գարունը: Իսկ արևն ասես պահմտոցի է խաղում`մի տան հետևից գլուխն ուրախ թեքում է դեպի ինձ ու աննկատելիորեն անցնում մյուս տան հետևը: Եվ այսպես մինչև կանգառ: Ու ա՜յ քեզ հրաշք, չլինի՞ աչքիս է երևում, մի՞թե այս կնոջ ձեռքին ձնծաղիկներ են: Մոտենում եմ.

- Որտեղի՞ց այս ձնծաղիկները:

- Բյուրականից, ջուր չի եղել, հողը չոր է, դրա համար էլ կարճ են: Մի´ զարմացիր, դեռ դեկտեմբերին էին գլխիկները դուրս հանել:

Ու ես գնում եմ գարունը` ամփոփված մի փոքրիկ, նրբագեղ ու դյութիչ փնջում: Ակամայից հիշում եմ «Տասներկու ամիսներ» հեքիաթը: Քմահաճ արքայադուստրը ոսկի է խոստանում նրան, ով Ամանորի գիշերը իրեն ձնծաղիկներ կբերի, իսկ մի խորթ մայր իր խորթ աղջկան ձմռան բքին ուղարկում է անտառ և հրամայում առանց ձնծաղկի չվերադառնալ: Աղջիկն անտառում հանդիպում է տասներկու եղբայր-ամիսներին, որոնք կարեկցում են դժբախտին և որոշում օգնել: Նրանցից յուրաքանչյուրը որոշ ժամանակով զիջում է իր տեղը հաջորդին, և Մարտը ձնծաղիկներ է պարգևում աղջկան:

Տեսնես այս տարի ո՞ւմ խնդրանքն են կատարում եղբայր-ամիսները:

Երևի յուրաքանչյուրս մեր կյանքում գոնե մի անգամ համոզվում ենք, որ հեքիաթները բնավ հորինված ու շինծու չեն, որ դրանք կարող են մի օր իրականանալ, և որ կյանքի հրաշքն ամենամեծ ու ամենաիմաստուն հրաշքն է, այդ հրաշքով ապրելը` ամենավեհ կարողությունը: Վկա` ձմռան մեջ այս գարունը:

Այսօր փետրվարի 8-ն է, երկուշաբթի: Իսկ ինձ թվում է, թե գարնան այն օրն է, երբ դպրոցական տարիներին` արձակուրդից հետո, կրկին դասի էինք շտապում:

Տեսնես այս տարի ո՞ւմ խնդրանքն են կատարում եղբայր-ամիսները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել