ՀՈՎՎԻ ԿԱՄՈՒՐՋ (Վերին Բասեն, Դալիբաբա)

Պապական գյուղս եղել է վերին Բասենի ամենամեծ գյուղերից մեկը՝ Դալիբաբան։ Ահա, այն ամենը, ինչ կարողացել եմ պարզել պապական գյուղից։ Այստեղ-այնտեղ հարցուփորձ անելով՝ վերջապես գտա որոշ տեղեկություն Դալիբաբայի մասին։ Ցավոք, չեմ տեսել պապիկիս կամ նրա հարազատներից որևէ մեկին, ով ավելի շատ տեղեկություն կտար պապական գյուղի մասին, քան այս 2 տողն է։ Ինչևէ...

 
Դալիբաբան վերին Բասենի ամենամեծ բնակավայրերից մեկն էր: Այստեղով է անցել տարանցիկ ճանապարհը սկսյալ Պարսկաստանից՝ Թավրիզ-Մակու-Բայազետ-Էրզրում-Տրապիզոն։ Գյուղը հայտնի է նաև Մենուա արքայի (մ.թ. ա. 810-786 թթ.) սեպագիր արձանագրության առկայությամբ։ 
Պապերիս գյուղն այսօր անվանափոխվե է, դարձել՝ Արաս, այսինքն՝ Արաքս։ 
Սա մի գյուղ է լեռների վրա՝ Արաքսի աջ ափին, «Խելառ հայր» լեռնանցքին մոտիկ, որտեղից էլ ստացել է իր անվանումը։ Ըստ հողի գույնի՝ ամեն մի արտ ուներ իր անվանումը՝  Սև արտ, Կարմիր արտ, Վերի սարի արտ, Գյադուկի ետև։ Կարմիր արտը շատ մեծ էր և շատ բերքառատ։
1875 թ-ին  Ղուկաս Ղուկասյանի ջանքերով ստեղծվում է գյուղի դպրոցը։ 1888 թ. 120 աշակերտ ունեցող այս դպրոցում, որը կոչվում էր Մուրացյանվարժարան դասավանդվում էր երեք լեզու ՝ հայերեն, ֆրանսերեն և թուրքերեն։ Հետագայում նաև անգլերեն։
Գյուղում ամեն գերդաստան իր անունն ուներ՝ Դիլբարենք, Ղուկասենք, Նաչարենք (սա մեր գերդաստան է եղել), Գալոյենք, Այվազենք, Նալբանդենք, Ծառուկենք, Աջամենք, Տերտերանք, Պալանենք...վերջիններս շատ էին սիրում ուրիշներին ծաղրել։ Յոթ եղբայրով մի զույգ կոշիկ ունեին, ով որ տնից առաջինն էր դուրս գալիս, նա էր հագնում։ Բեղերին էլ յուղով փայլ էին տալիս ։)
Իսկ գյուղի մեջտեղից հոսում էր գետը։ Դա յն գետն էր, որ խառնվում էրՄուրցին, Մուրցն էլ՝ Արաքսին, որ նաև Բասենի ջուր էր կոչվում։ Իսկ Արաքսն անցնում էր կամրջի տակով և դարերի ընթացքում քանի անգամ էր ստիպել, որպեսզի վերականգնեն։
Ըստ Սուքիաս Էփրիկյանի «Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան»-ի՝ «Հասանգալեի կողմանց բնակիչք ավանդաբար կպատմեն այժմյան Չոբան Քյոփրուսի (Հովվի կամուրջ) ըսված տեղը քանի անգամ որ կամուրջ շինած են, անհամբեր Երասխը գլորեր է, քանդեր ու տարեր է։ Հետո հովիվ մը հնարքով մը  հաջողած է այժմյան կամուրջի հիմնաքարինքը ձգել, որու վրա տեղացիք կրցած են դյուրությամբ կամուրջ շինել յոթ քարաշեն կամարներով»։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել