ՀԱՐՑ ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՀՈՎՆԱՆՅԱՆԻՆ

ՀԱՐՑ
Ոմանք մեղադրում են Գրիգոր Լուսավորչին՝ պնդելով, որ ավերեց, հողին հավասարեցրեց մեր կոթողները և ստիպողաբար ընդունել տվեց քրիստոնեությունը։ 

ՊԱՏԱՍԽԱՆ։
Նախ Գրիգոր Լուսավորիչը, որպես անհատ, չէր կարող նույնիսկ մի գյուղական տաճար գետնին հավասարեցնել, ուրեմն նրա հետ կային մարդիկ, որոնք, համախոհ լինելով նրան, իրականացնում էին ավերածությունները, ուրեմն Գրիգոր Լուսավորչի վրա չբարդենք ամբողջ կատարվածը։ Երկրորդ՝ ի՞նչ արեցին կոմունիստները, երբ եկան իշխանության գլուխ։ Կործանեցին այն, ինչը պատկանում էր նախորդ գաղափարախոսությանը։ Միայն Գոշավանքում հայ կոմունիստների ձեռքով 5000 ձեռագիր այրվեց, ովքե՞ր էին այրողները, այդ ձեռագրերը ստեղծողների զավակները կամ էլ անհայտ անձինք, որոնք հայության անվան տակ մտել էին Հայաստան և կործանում էին այն, ինչը մերն էր՝ ազգային։ Ուրեմն յուրաքանչյուր հեղափոխություն իրականացնելուց առաջ մարդուն պիտի հասցնես այնպիսի հոգեվիճակի, որ նա անցյալից չուզենա որևէ բան թողնել (եթե անշուշտ այն եղել է), որպեսզի անցյալի հիշողությունները մի օր չվերարթնանան։ Սակայն զարմանալին այն է, որ անցյալի արժեքների վերազարթոնքը արթնացնում ենք ոչ թե մենք, մեր իսկ գիտակցությամբ, այլ արթնացնում են ուրիշները, քանի որ դրա մեջ թաքնված է մի նոր ջարդարարության տրամադրություն, ոչ թե նյութական տաճարային կործանարարության, այլ հոգևոր տաճարի փլուզման։ Քանի որ այսօր ջանք չի խնայվում հայ մարդու ներաշխարհը ջախջախելու տարբեր միջոցներով։ Նույն ձեռը մե՛կ հայտնվում է որպես աղանդավորական շարժման պրոպագանդիստ, մե՛կ արվոմոլական, մե՛կ ազատամտական գլոբալիս, մե՛կ բազմաստված, մե՛կ պայքարող ընդդեմ ազգային ավանդությունների՝ «քյառթույության» և այսպես շարունակ։ Հնարավոր է դպրոցը պահի ազգային գիտակցությունը և դեմքը, անշուշտ, սակայն անմիջապես կլսեք մի աղաղակող ձայն. «Ազգային արժեքը սուտ կատեգորիա է»։ Չեմ զարմանում, որ այս քաոսային ժխոռի մեջ հնչի նաև բազում նմանատիպ տեսակետներ, քանի որ մեր իրականության մեջ, որպես մեր շուքը, մեզ հետևում է Լորենս |Արաբիացու զավակների ներկայությունը ինչպես երեկ, այնպես էլ՝ այսօր։ Որոնք չտեսնվող ձեռքի այն ձեռնոցներն են, որոնք անտեսանելի են դարձնում հենց այդ ձեռքերը իրենց «ազգային» կերպարաներկայությամբ… 

ՀԱՐՑ
Մեր հասարակության մեջ թափ է ստանում այն ալիքը, թե բազմակնությունն է միակ փրկությունը, այդ կերպ բազմանալով քանակ ապահովելու։ Ես սա գրում եմ ցավ ապրելով, քանի որ հասկանում եմ, քանակը դեռ որակ չէ, որ մեզ օգնի որակյալ քանակ ապահովելու։ Ցավում եմ, որ հեռանում ենք ինքներս մեզնից...

ՊԱՏԱՍԽԱՆ
Բազմակնություն։ Հիշում եմ՝ մի առիթով, երբ հարևաններից մեկը այդ մասին իր կարծիքը բարձրաձայնեց, նրա կինը կողքին կանգնած հարևանուհու ականջին փսփսացել էր. «Հլա մի հարցրու՝ իր մի հատ կնոջ հետ ինչ ա անում, որ մի քանիսի հետ ինչ անի»։ 
Միակ բանը, որ ինձ հետաքրքրում է, այդ հարցը բարձրացնողները կանա՞յք են, թե՞ արյունը գլուխում կենտրոնացրած երիտասարդներ, որոնց ուղեղները, մեր որոշ գրողուհիների նման, միայն մի ուղղությամբ է դեռ զարգացած։ Զավակներ ունենալու համար կարիք չկա մի քանի կին ունենալ, որպեսզի յուրաքանչյուրից մեկ ու կես զավակ ունենան։ Ինչպես Ֆրանսիայում էին հաճախ նշում, թե ֆրանսիացիների ծնելիության տոկոսը մոտ 1.75% է։ Մարդիկ մոռացել են, թե ինչ է նշանակում ամուսնություն, ինչի համար է այն, մոռացել են, որ Աստվածաշնչում աստվածային մի հրահանգ կա՝ «Աճեք, բազմացեք և լցրեք երկիրը ու տիրեցեք դրան», քանի որ այսօր «քյառթույությունը», այսինքն՝ ազգային արժեքները պահելը մոդա չէ, այլևս չեն ուզում մտաբերել մեր պապերի հրաշալի օրհնություն դարձած դարձվածքը՝ «Յոթը զավակով սեղան նստես»։ Ամոթ է նման բանը, այլ ճիշտ հակառակը մոդեռն լինելու համար, ինչպես մեր «մեծ» բանաստեղծուհիներից մեկը նշեց, դեմոկրատիկ ազգ լինելու համար պետք է, որ «Ժորժիկը սեղան նստի Մայքլիկի հետ» մի բարձի ծերանալու պայմանով։ Ցավալի է, որ մեր իմաստուն ժողովուրդը դեռ երբեք այս աստիճան ապազգային և հայատյաց չի եղել։ Հայատյաց չի նշանակում այս կամ այն անձ հային ատել, այլ հայի արժեքները ատել։ Արտառոցություններ չի նշանակում արևմտյան արժեքներ, արևմտյան արժեքի մեջ առավել ևս բազմակնությունը համարվում է հակաքրիստոնեական։ Ես մի ծանոթ ունեմ, որի տիկինը, հայ չլինելով հանդերձ, իր ամուսնուն պարգևեց յոթերորդ զավակին։ Ես նման կին կուզենայի, որ մեր մեջ ևս լիներ և լինեին, որոնք չխորշեին զավակ ծնելուց։ Բազմակնությունը հարցի լուծում չէ, մենք հաճախ արտաքին երևույթի մեջ ենք փնտրում ներքին իմաստը։ Ճիշտ չէ՞…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել