Վերջին մի քանի տասնամյակներին հարավկովկասյան տարածաշրջանը կարծես դարձել է համաշխարհային քաղաքական խաղացողների և հեգեմոն ուժերի համար շահերի բախման կիզաակետ: Բոլորն այստեղ ինչ-որ բան են փնտրում, ավելին, նրանք ասես լուրջ ու անլուծելի հարցերի մի ամբողջ շղթա ունեն:

Կփորձեմ ներկայացնել տարածաշրջանային հակամարտությունների շուրջ մի քանի դիտարկում և հնարավորինս մատչելի մատուցել հակամարտությունների գենեզիսը, զարգացման փուլերը և ներկայումս ինչ կարգավորման կամ էսկալացիոն փուլում են գտնվում: Մի փոքր խոսենք վրաց-աբխազական խնդրի մասին:

Աբխազիան ընկած է Հարավային Կովկասի հյուսիս-արևմտյան հատվածում, Սև ծովի ափին` Կոլխիդայի իջվածքում: Աբխազներն իրենց երկրին անվանում են Ապագանիա, ինչը թարգմանաբար նշանակում է «ոգիների երկիր»:

Աբխազիան մի տեսակ կամուրջ է հանդիսացել Հյուսիսային Կովկասի և Սև ծովի միջև, այստեղ էին խաչվում Եվրոպայի և Ասիայի, Մերձավոր Արևելքի և Ռուսաստանի առևտրային ճանապարհները: Աբխազիայի քաղաքական կարգավիճակը բազմիցս փոփոխվել է. այն գտնվել է Պոնտական թագավորության գերիշխանության տակ, հետո Բյուզանդական կայսրության կազմում, այնուհետև նվաճել են արաբները, ապա` թուրքերը:

Աբխազական թագավորությունը 8-րդ դարում որոշակի ինքնուրույնություն է ձեռք բերել, այն ավելի հզորացել է 10-րդ դարում, իր մեջ ներառելով նաև որոշ վրացական հողեր: 19-րդ դարասկզբին աբխազական իշխանությունները մտել են ցարական Ռուսաստանի կազմի մեջ: Մինչև 1864 թվականը աբխազական իշխանությունները կարողացել են պահպանել իրենց ինքնուրույնությունը:

Հարկ է փաստել, որ Ռուսաստանի կողմից աբխազները ենթարկվում էին քաղաքական և մշակությանին լուրջ ճնշումների: Այդ փոխհարաբերությունների ողբերգությունը կայանում էր նրանում, որ ցարիզմն իր հարավային սահմաններն ամրացնելու նպատակով որոշել էր ազատվել բնիկ լեռնաբնակներից: Հենց այդ ժամանակահատվածում 150 հազար աբխազներ իրենց հայրենիքից վտարվեցին, և այսօր դա է պատճառներից մեկը նաև, որ ավելի քան մեկ միլիոն էթնիկ աբխազ բնակվում է բուն երկրի սահմաններից դուրս:

Ցարական Ռուսաստանը նպաստում էր լեռնաբնակների՝ Թուրքիայում վերաբնակցնելու քաղաքականությանը, պետական գանձարանից տրամադրվում էին անգամ ֆինանսական լուրջ հատկացումներ` միաժամանակ կատեգորիկ կերպով բացառելով տեղահանվածների վերադարձի գաղափարը: Ծրագրի համաձայն՝ այդ տեղահանված տարածքներում պետք է վերաբնակեցվեին կազակներ, սակայն այդ հողերի նկատմամբ նկրտումներ ունեին ոչ միայն ռուսները, այլև հույները, բուլղարները, նաև Վրաստանը: Ռեպրեսիաների արդյունքում աբխազներն իրենց երկրում հայտնվեցին փոքրամասնության կարգավիճակում, կարճ ընթացքում զրկվեցին նաև ազգային էլիտայից:

19-ի վերջին ցարական կառավարությունն աբխազների նկատմամբ փոխեց տարվող քաղաքականությունն ու վերաբերմունքը: Սա պայմանավորված էր վրացական շրջանում ինքնագիտակցության բարձրացմամբ և ինքնորոշվելու ազգայնական զգացումի աճի հետ, ինչը տվյալ փուլում, ինչպես և բոլոր ժամանակներում, դեմ էր Ռուսաստանի պետական շահերին: Ցարիզմը փորձում էր ոչ թե աբխազների հանդեպ իր մեղքերը քավել, այլ ուղղակի վրացական ազգային շարժման մեջ տեսնում էր կայսրության հիմքերը սասանող տարրեր:

Շարունակելի….

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել