Քաղաքական գործընթացների մասին խոսելիս անհնար է չանդրադառնալ քաղաքական որևէ գործչի կամ որևէ կուսակցության գործունեությանը, իսկ անհատի մասին խոսելիս առաջին հերթին մտաբերում են նրա տեսքն ու ժեստիկուլիացիան: Այս ամնն ավելի ընգծված է դառնում նախընտրական կամպանիայի ժամանակ. ի՞նչ հագուստով ներկայացավ, ո՞ւմ հետ քայլեց և այլն:

Քաղաքական իմիջը (անգլերեն` political image), քաղաքական գործընթացներում ներկայացվում է որպես դրական կամ բացասական վերաբերմունք քաղաքականության, քաղաքական ծրագրի, քաղաքական գործիչների կամ կուսակցական առաջնորդների վերաբերյալ, որը կուսակցությունները ձևավորում են իրենց ընտրողների շրջանում: Այս տերմինն առաջին անգամ օգտագործվել է 20-րդ դարում, անգլիացի քաղաքագետ Գրեհեմ Ուոլլեսի կողմից: Վերջինս մարդկանց կոլեկտիվ և զանգվածային պահվածքն ուսումնասիրելուց հետո ապացուցել է, որ ընտրողների միտքը նման է «դանդաղեցված ֆոտոժապավենի», այն արտացոլում է ավելի շուտ համընդհանուր ու երկարատև ընկալում, դիրքորոշում և գնահատական տվյալ քաղաքական գործչի, կուսակցության ու ծրագրի մասին, քան ղեկավարվում է ռացիոնալ մոտեցմամբ դեպի քաղաքականության մեջ պայքարող կուսակցությունները:

Շատ մասնագետների կարծիքով` առանց անհրաժեշտ իմիջ ստեղծելու, քաղաքական գործիչը հաջողության չի հասնի: Իմիջի շրջանակներում մշակվում են քաղաքական գործչի խոսքը, արտաքին տեսքը, շարժումները: Իմիջի ստեղծման կարևորագույն պահանջներից է իրականության հետ կապը պահելը:

ՀՀ-ում քաղաքական գործիչներից շատերը սահմանափակվում են իրենց «ուրույն կերպարով», չեն թաքցնում իրենց թուլությունները, չեն զբաղվում իրենց խոսքով, արտաքին տեսքով: Թեպետ ՀՀ-ում քաղաքացիների մի մեծ մասը ընտրության ժամանակ կողմնորոշվում է, ասենք, հարազատական-կուսակցական կապերով և այլ սկզբունքներով, սակայն քաղաքական գործիչները մոռանում են, որ ընտրողների մեծ մասի համար որոշիչ կարող են լինել սանրվածքը, հագուստը, հասակը, անունը, գեղեցիկ արտաքինը և այլն:

Քաղաքական գործչի իմիջը կարող է կառուցվել զանազան առասպելների՝ հերոս-փրկչի, հանրության հոր, իմաստուն ղեկավարի, «մեր մարդ» և այլ կերպարներով:

Թվում է` ժողովուրդը հոգնում է քաղաքականությունից, բայց կասկած չկա, որ հասարակության քաղաքական ակտիվությունը ճկուն է, իսկ ազգային իրական շահերի հիման վրա իր իմիջը կառուցած քաղաքական գործիչը իսկական նվեր կլինի հանրությանը, հատկապես` ճգնաժամային իրավիճակներում, երբ առաջնային պլան է մղվում հայրենասիրության, ազգային համընդհանուր նպատակի շուրջ համախմբման գաղափարը:

Հ.գ. Քաղաքական իմիջի կերտման հարցում մեծ դերակատարում է ունեցել հեռուստատեսությունը։ Արագ զարգացող էլեկտրոնային տեղեկատվամիջոցների աճը ներկայումս ստվեր է նետում հեռուստատեսության մինչև այսօր ունեցած առանձնահատուկ դերին, որը տարիներ շարունակ ձևավորվել ու մշակվել է հանրահայտ իմիջմեյքերների կողմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել