Հունիսի 24-ին տեղացած հորդառատ անձրևն աղետալի հետևանքներ է ունեցել Շիրակի մարզի մի շարք բնակավայրերի, հատկապես Արթիկ քաղաքի համար: Ղարանղու գետի վարարման հետևանքով ջրալցվել են քաղաքի գլխավոր և երկրորդական փողոցներ, տներ, նրբանցքներ, Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, իսկ առատ կարկուտի հետևանքով Արթիկի միջով անցնող հեղեղատարերը լցվել են ջրով և խոշոր գլաքարերով: Այժմ Արթիկը գտնվում է աղետի հետևանքների վերացման փուլում: Քննարկումների արդյունքում որոշվել է աշխատանքներն իրականացնել երկու փուլով. առաջին փուլում գումարներ են հատկացվելու հրատապ լուծում պահանջող խնդիրների վերացման համար, այդ թվում՝ քաղաքացիների կրած վնասների փոխհատուցման, ինչպես նաև բնակելի տների հարակից հեղեղատարի վնասված հատվածների վերանորոգման համար, իսկ երկրորդ փուլում նախատեսվում է հեղեղատարի ամբողջական ուսումնասիրություն և համապատասխան աշխատանքների իրականացում: Ըստ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի Արթիկում 3 էքսկավատոր և 6 բեռնատար մեքենա այս պահին մաքրում են հեղեղատները և քաղաք լցված քարերը, որոնք լցվել են բնակելի տարածքներ: Քարերից և ավազից ամբողջովին մաքրվել է նաև դպրոցի սպորտդահլիճը և բակը: Նախարարի հավաստմամբ` Արթիկը պատրաստ չի եղել կլիմայական փոփոխություններին. ջրի մեծ հոսքն Արագածի փեշերից իր հետ բերել է հսկայական քանակի քարեր և ավազ ու խցանելով հեղեղատները, դրանք լցրել քաղաք: Աղետի տեղի ունենալու երկրորդ կարևոր պատճառն էլ այն է, որ քաղաքացիներն անհեռատեսորեն օգտագործել են հեղեղատների հարակից տարածքները` արդյունքում նեղացնելով ջրի համար նախատեսված ուղին: Նախարարը նաև նշել է, որ 3 բնակելի տներ ջրհեղեղի հետևանքով դարձել են բնակության համար ոչ պիտանի, ուստի պետությունը որոշել է այդ բնակարանների սեփականատերերին տրամադրել 6-10 հազար դոլարի չափով օգնություն, ինչը, հանձնաժողովի հաշվարկներով, միանգամայն բավական է բնակության բավարար պայմաններ ապահովելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել