_75304647_tallinnantisovietdemo161188_afp1980-ականների կեսին ԽՍՀՄ-ում զգացվում էր տնտեսական լրջագույն ճգնաժամի նախանշաններ: «Սառը պատերազմի» շրջանում արևմուտքի հետ տեխնոլոգիական առաջընթացի մրցավազքի մեջ գտնվող ԽՍՀՄ-ը որևէ կերպ չէր կարողանում մրցակցել վերջինիս հետ: Դրան գումարած՝ 1979թ. Աֆղանստան ներխուժումը «կայսրության» վրա շատ թանկ էր նստում:

Միջազգային ասպարեզում սաստկացել էին ԽՍՀՄ հանդեպ կիրառվող պատժամիջոցները: Մասնավորապես, միջազգային շուկայում նավթի գների շարունակական անկումը տնտեսությունը կանգնացրել էր կոլապսի առջև: Տնտեսական վատ վիճակն իր ազդեցությունն էր թողնում ընդհանուր համակարգի գործունեության վրա: Նույնիսկ իշխող կոմունիստական կուսակցության վերնախավում գիտակցում էին համակարգային որոշակի փոփոխության անհրաժեշտությունը: Իշխանության գլուխ էր եկել Միխայել Գորբաչովը, ով սկսել էր իրականացնել այսպես կոչված «Վերակառուցման» քաղաքականություն:

Երկրում փոքր ինչ մեղմացել էր տոտալիտար համակարգը, որի շնորհիվ արդեն 1980-ականների վերջին «կայսրության» ենթակայության տակ գտնվող ժողովուրդները տարերային և համակարգված ընդվզումների շնորհիվ կարողացան վերագտնել սեփական երկրների անկախությունը: Գորբաչովյան քաղաքականությունն իր ազդեցությունն ունեցավ նաև Էստոնիայում, որտեղ հասարակական կյանքն ակտիվացել էր: 1987թ. կառավարության ֆոսֆորային հանքերի ստեղծման նախագիծը հասարակության շրջանում լուրջ ընդվզում առաջացրեց: Էստոնացի ուսանողները դուրս էին եկել երկրի խոշոր քաղաքների փողոցներ: Ընդհանարապես, պետք է նշել, որ Էստոնիայում, ինչպես նաև ողջ Մերձբալթյան տարածաշրջանում սկսվել էին բնապահպանական քաղաքացիական շարժումներ: 1987թ. օգոստոսի 15-ին ստեղծվեց «Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի» գաղտնի կետերի հրապարակման պահանջով զբաղվող հասարակական նախաձեռնություն: Նախաձեռնության ղեկավարը նախկին քաղբանտարկյալ, մշակութային հուշակոթողների պահպանման շարժման անդամ Թիդ Մադիսոնն էր: Հենց այդ նախաձեռնության շնորհիվ օգոստոսի 23-ին պակտի կնքման տարելիցին մայրաքաղաք Տալինի Հիրվե այգում տեղի ունեցավ հանրահավաք: Մարդիկ պահանջում էին պակտի գաղտնի մասերի հրապարակում և հետևանքների վերացում:

Երկրում քաղաքական և քաղաքացիական ազատությունների ավելացմանը զուգընթաց էստոնացիները սկսեցին պահանջել տնտեսական ռեֆորմներ: Մարդիկ ցանկանում էին տնտեսական անկախություն ԽՍՀՄ-ից: Հասարակական շրջանակներում այդ հարցի շուրջ քննարկումները սկսվեցին 1987թ: Հասարակական շրջանակներում քննարկվում էր անցումը դեպի ազատ շուկայական հարաբերություններ: Կրեմլը բնականաբար դեմ էր հասարակության շրջանում այդպիսի նկրտումներին: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ հասարակական շրջանակներում նմանատիպ քննարկումները բավականին լայն տարածում գտան:

1988թ. Էստոնիայում վերստին ակտիվացավ հասարակական-քաղաքական կյանքը: Ապրիլի սկզբին տեղի ունեցավ Էստոնիայի արվեստի միությունների միացյալ համագումարը, որի ժամանակ բանախոսներն ուշադրություն դարձրեցին էստոնական մշակույթի խնդիրներին և երկրի աճող ռուսաֆիկացմանը: Ապրիլի 13-ին ստեղծվեց «Ժողովրդական ճակատ»-ը, որը ժամանակի ընթացքում դարձավ ամենամասսայական շարժումը: Այդ կառույցն իր գործունեության հիմքում դնում էր խաղաղ քաղաքացիական անհնազանդությունը: Ճակատն իր գործունեության շրջանում պայքարում էր Էստոնիայի անկախության համար: Ճակատի հիմնադիրներից էր հայտնի Էդգար Սավիսարը: Այդ շրջանում Տալինի տոնակատարությունները դարձել էին յուրատեսակ երգի միջոցառումներ, որոնց մասնակցողների թիվն անցնում էր 100 հազարը: Այդ իրադարձությունները տեղի շարժմանը տվեցին «Երգող հեղափոխություն» անվանումը:

Ընդհանրապես, պետք է նշել, որ տեղի ունեցող հանրահավաքային շարժման ժամանակ մեծ տեղ էր ձբաղեցնում երաժշտությունը: 1987 թվականին, երբ սկսվել էին ֆոսֆորային հանքերի ստեղծման աշխատանքները, երգիչ Ալո Մատեյզենը և պոետ Յուրի Լեսմենտը պատրաստեցին «Ոչ մի երկիր միայնակ չէ» հայտնի ստեղծագործությունը, որն ամբողջովին բողոք էր արտահայտում այդ հանքի կառուցման դեմ: Հետագայում արդեն լայնածավալ բողոքի միջոցառումների ժամանակ երաժշտությունն ավելի ու ավելի մեծ տեղ էր զբաղեցնում: 1988թ. Տալինի հրապարակներից մեկում տեղի ունեցած «Էստոնիայի երգ» խորագիրը կրող ակցիային մասնակցեցին 100 հազարավոր մարդիկ: «Երգող հեղափոխություն»-ը մեծ դեր ունեցավ Էստոնիայի անկախության վերականգման հարցում:

1988թ. ստեղծվեց առաջին ընդդիմադիր կուսակցությունը` «Էստոնիայի ազգային անկախության կուսակցությունը», որի կորիզը կազմում էին «Մոլոտով-Ռիբենտրոպ» պակտի գաղտնի կետերի հրապարակման համար ստեղծված խմբի անդամները: 1988թ. զանգվածների ճնշման ներքով Կրեմլը ստիպված Էստոնիայի կենտկոմի քարտուղարի պաշտոնից հեռացրեց Կարլ Վայնոյին և այդ պաշտոնում նշանակեց Վայնո Վյալսոնին: Նոր կառավարությունը Վյալսոնի գլխավորությամբ, ունենալով ժողովրդի աջակցությունը, սկսեց համագործակցել երկրում առկա ընդդիմադիր ուժերի հետ: Ամռանը Գերագույն Խորհրդի որոշմամբ Էստոնիան վերականգնեց սեփական դրոշը: Նոյեմբերի 16-ին Գերագույն Խորհուրդն ընդունեց անկախության մասին հռչակագիր: Հռչակագրում ասվում էր, որ երկրում այսուհետ գործելու էին էստոնական օրենքներ, որոնք գերակա էին լինելու խորհրդային օրենքների նկատմամբ: Կրեմլը, բնականաբար, անօրինական համարեց այդ հռչակագիրը: Ի հակադրություն ծավալվող շարժման՝ էստոնական 5-րդ շարասյունը, ռուսախոս բնակչությունը՝ խոշոր գործարանատերերի գլխավորությամբ ստեղծեց «Էստոնիայի աշխատավորների միջազգային շարժում» նախաձեռնությունը, իսկ աշնանը ստեղծվեց «Աշխատավորական կոլեկտիվների միացյալ խորհուրդը»: Այս երկու միավորումները ծավալում էին 5-րդ շարասյանը բնորոշ գործունեություն: Նրանք հանրահավաքներ էին կազմակերպում անկախություն պահանջողների դեմ, ինչպես նաև փորձում էին խոչընդոտել կառավարության կարևոր որոշումներին: Այդպես նրանք փորձեցին խոչընդոտել 1989թ. լեզվի մասին օրինագծի հաստատմանը (որի ժամանակ էստոներենը ստանալու էր պետական կարգավիճակ), ինչպես նաև Էստոնիայի ազգային դրոշը Տալինում գտնվող «Երկար Հերման» աշտարակի վրա տեղադրմանը:

1989 թ. հուլիսի 15-ին «Բալթյան երկրների խորհրդի» կողմից որոշվեց պատմության մեջ նախադեպը չունեցող մի ակցիա իրականացնել, որը պետք է կրեր «Բալթյան ճանապարհ» անվանումը: Սկսվեցին ակցիայի նախապատրաստման և բնակչության իրազեկման աշխատանքները: 1989թ. օգոստոսի 23-ին Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի քաղաքացիները՝ մոտ երկու միլիոն մարդ, շուրջ 600 կմ երկարությամբ կենդանի շղթա կազմեցին՝ միացնելով Տալին, Ռիգա և Վիլնյուս քաղաքները, դրանով իսկ փորձելով աշխարհի ուշադրությունը հրավիրել 50 տարի առաջ նույն օրը կնքված Մոլոտով-Ռիբենտրոպ պակտին, որը Մերձբալթյան երկրների համար ճակատագրական նշանակություն էր ունեցել՝ ԽՍՀՄ կողմին հնարավորություն ընձեռելով օկուպացնել Մերձբալթյան տարածաշրջանը: Ակցիան նաև հստակ նպատակ ուներ. ցույց տալ Մերձբալթյան երկրների ժողովուրդների անկախության ձգտումը:

Ակցիան հսկայական արձագանք ստացավ ամբողջ աշխարհում: Աշնանն Էստոնիայում արդեն ձևավորվել էր երկու շարժում: Մշակութային հուշակոթողների պահպանման նախաձեռնության անդամները և «Էստոնիայի ազգային անկախության կուսակցության» համակիրները ստեղծեցին «Էստոնիայի բնակչության կոմիտեներ» շարժումը, որի գլխավոր նպատակը երկրի անկախության վերականգնումն էր իրավական հիմնավորումներից ելնելով: Նրանք 1990թ. կազմավորեցին «Էստոնիայի կոնգրեսս» միավորումը: 1990թ. մարտի 11-ին ընդունվեց մանիֆեստ, որտեղ նշվում էր էստոնացի ժողովրդի կամքը ԽՍՀՄ կազմից դուրս գալու վերաբերյալ: Որպես իրավական հիմնավարում ներկայացվում էր Տարտույի 1920թ. համաձայնագիրը: Երկրորդ շարժումը «Ժողովրդական ճակատն էր»: Այն երկրի գլխավոր և ամենահզոր ընդիմադիր միավորումն էր: Նրա հանրահավաքներին մասնակցում էին հարյուր հազարավոր մարդիկ: 1989թ. այն զգալի հաջողություններ գրանցեց ԽՍՀՄ պատգամավորների ընտրության ժամանակ, իսկ 1990թ. ուներ ամենախոշոր պատգամավորական ֆրակցիան էստոնական Գերագույն Խորհրդում:

Այդ ժամանակաշրջանում արդեն «Ժողովրդական ճակատը» սկսեց գլխավորել Էստոնիայի ճանապարհը դեպի անկախություն: 1990թ. արդեն երկու ուղղությունները միավորվելու նշաններ ցույց տվեցին, քանի որ իրավիճակը սրվում էր: Կրեմլը 1990թ. մարտի 11-ի որոշումը չէր ընդունում: Մայիս ամսին Էստոնիայի ԽՍՀ անվանումը փոխվեց Էստոնիայի Հանրապետության: Այնուամենայնիվ, Էստոնիան դեռևս անկախ չէր, քանի որ ԽՍՀՄ-ը Մերձբալթյան տարածաշրջանը համարում էր իր մի մասը և պատրաստ էր ամեն կերպ պահել այն: Դա ապացուցվեց 1991թ. Վիլնյուսում և Ռիգայում տեղի ունեցած արյունահեղություններով: Հիշեցնենք, որ Լիտվայում հունվարի 13-ի երեկոյան խորհրդային զորքերը գրավեցին Ներքին գործերի նախարարությանն առընթեր գործող ոստիկանության հատուկ գումարտակի շենքը: Ավելի ուշ խորհրդային տանկերը և զրահամեքենաները՝ «Ալֆա» ջոկատի ուղեկցությամբ կեսգիշերին շարժվեցին դեպի Վիլնյուսի հեռուստաաշտարակ: Անզեն լիտվացիները, որոնք փողոցներում էին սեփական երկրի անկախությունը պաշտպանելու համար, կանգնեցին խորհրդային տանկերի առջև: Խորհրդային զինուժի իրականացրած սպանդի արդյունքում 13 քաղաքացի զոհվեց:

Հարևան Լատվիայում հունվարի 13-ին 50 հազար մարդ դուրս եկավ Ռիգայի փողոցներ, ևս 80 հազարը հետագայում միացավ նրանց, և մարդիկ պետական կարևորագույն շենքերի մոտ սկսեցին բարիկադներ կառուցել, որպեսզի կարևորագույն օբյեկտները հնարավոր լինի պաշտպանել խորհրդային ագրեսիայից: Այդ օրերին Բալթյան երկրների Գերագույն Խորհուրդների ներկայացուցիչները հանդիպեցին Բորիս Ելցինի հետ: Բորիս Ելցինը դիմեց ռուս զինվերներին կոչ անելով չմասնակցել Բալթյան երկրների դեմ ռազմական ագրեսիային: Դրանից հետո նրանք կոչով դիմեցին ՄԱԿ-ին: Իրավիճակն ավելի բարդացավ այն բանից հետո, երբ «Հասարակական փրկության համալատվիական կոմիտեն» հայտարարեց, որ իշխանությունը կենտրոնացնում է իր ձեռքում: Արդեն երկրում գործող ուժայինները բացահայտորեն չէին ենթարկվում ներքին գործերի նախարարությանը, այլ գործում էին Մոսկվայի թելադրանքով: Նրանք շարունակում էին կիրառել ռեպրեսիվ մեխանիզմներ, որոնց ընթացքում մարդիկ էին սպանվում:

Այնուամենայնիվ, խորհրդային իշխանությունը չհամարձակվեց ավելի սրել իրավիճակը: Լատվիայում այդ օրերը կոչվում են «Բարիկադների օրեր», որոնք խորհրդանշում են լատվիացիների ոգու արիությունը և սեփական երկրի անկախության համար պայքարի պատրաստակամությունը: Էստոնիայում ԽՍՀՄ-ն այդ շրջանում այդպիսի գործողությունների չդիմեց: 1991թ. մարտի 17-ին Կրեմլը նախաձեռնեց այսպես կոչված «ԽՍՀՄ պահպանման հանրաքվե», որին Էստոնիան չմասնակցեց: Արդեն Էստոնիայում այդ ամիս կազմակերպված հանրաքվեի ժամանակ 77.8 %-ը կողմ ասաց անկախությանը: Էստոնիայի անկախացման գործընթացն ավելի արագացավ օգոստոսյան Պուտչի ժամանակ: Օգոստոս ամսին ԽՍՀՄ ուժային մի քանի ղեկավարներ փորձեցին կանխել «կայսրության» փլուզումը բիրտ մեթոդներով: Նրանք ժամանակավորապես հեռացնելով Գորբաչովին իշխանությունից ստեղծեցին «Արտակարգ իրավիճակների կոմիտե»՝ ԿԳԲ ղեկավար Կրյուչկովի գլխավորությամբ: Այնուհետև Մոսկվայի փողոցներում հայտնվեցին տանկեր: Նույնը կատարվում էր Միության գրեթե բոլոր երկրներում: Տալին էր ուղարկվել Պսկովյան օդային դեսանտի անձնակազմը: Տալինի օդանավակայան վայրէջք կատարեցին 50 զինվորականներ: Գերագույն Խորհուրդը սկսեց մայրաքաղաքի պաշտպանության կազմակերպումը: Տոմպեա հրապարակում կառուցվեցին բարիկադներ: Պուտչը չստացավ աջակցություն հասարակական շրջանակների և ԽՍՀՄ այլ ուժային ներկայացուցիչների կողմից: Մոսկվայում փողոց էր դուրս եկել Բորիս Ելցինը, ով ժողովրդի հետ միասին իրականացնում էր քաղաքացիական անհնազանդություն: Այդ իրավիճակում Էստոնիայի երկու գլխավոր ուժերը կարողացան ընդհանուր հայտարարի գալ: Օգոստոսի 19-ին Տոմպեայում Գերագույն Խորհրդի պատգամավորների և Էստոնական կոմիտեի ներկայացուցիչների միջև սկսվեցին բանակցություններ: Բանակցությունների թեման հետևյալն էր. հռչակել Էստոնիայի նոր հանրապետություն կամ վեականգնել 1918թ. ստեղծված և 1940թ. ԽՍՀՄ կողմից օկուպացիայի ենթարկված հանրապետությունը:

Օգոստոսի 20-ին Գերագույն Խորհուրդն ընդունեց Էստոնայի պետական անկախության մասին որոշում: Որոշում ընդունվեց նաև ստեղծել սահմանադրական ասամբլեա սահմանադրությունը մշակելու համար: Օգոստոսի 21-ին Տալինում խորհրդային զորամիավորումները գրավեցին հեռուստաաշտարակը: Կեսօրին պարզ դարձավ, որ Պուտչը տապալվել է, և բանակցություններից հետո զինվորականները լքեցին հեռուստաաշտարակը:

Օգոստոսի 23-ին Տալինում ապամոնտաժվեց Լենինի արձանը: Սեպտեմբերի 6-ին ԽՍՀՄ-ը պաշտոնապես ընդունեց Էստոնիայի անկախությունը: Մերձբալթյան տարածաշրջանի Խորհրդային օկուպցիան ավարտվեց:

Դավիթ Ֆիդանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել