Դեռ ամիսներ առաջ, երբ սկսեցին լուրեր շրջանառվել «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ստեղծման մասին, սկսվեց շոկային մի իրարանցում և հայկական մենթալիտետին հատուկ անողոք քննադատություններ: Վատաբանել ֆիլմը դեռ չդիտած`նման էր պատերազմը չսկսած համարել, որ հաղթել ես: Ինչևիցե, կայացավ ֆիլմի պրիմիերիան, և չարախոսները հաջորդ իսկ վայրկյանին սկսեցին կարծիքները փոխած անողնաշարների պես ներողություն խնդրել ֆիլմի ստեղծագործական անձնակազմից, հնչեցված թերահավատ կարծիքների համար:
Նախընտրում եմ անցյալում թողնել կիսագրագետ քննադատներին և ծաղրանմանակումներով տեսահոլովակներ ստեղծած անբաններին:
«Գարեգին Նժդեհ» ֆիլմի դիտումից հետո ինձ մոտ սկսվեց ներքին պայքար`ներկա, անցյալ և ապագա, մեր ազգային ողջ դիմագիծը արտացոլված էր մեկ ֆիլմում: Անդադար պետք է ասել՝ եթե ապագա, ապա նժդեհական ոգով: Ֆիլում կատարվել էր գլոբալ աշխատանք, խաղում էին ոչ միայն հայ, այլև ռուս դերասաններ` Չուլպան Խամատովա, Միխայիլ Եֆրեմով: Հայտնի դերասանների կողքին նոր սերունդ` Արմեն Մարգարյան, Արմինե Հայրապետյան: Մեծ հպարտությամբ եմ նշում նրանց անունները՝ գիտակցելով, որ հանձինս նրանց ունենք ապագա դերասանական արվեստ: 
Արմեն Մարգարյանը մարմնավորել էր գրագիր Խորենի կերպարը, ով Գարեգին Նժդեհի հավատարիմ մարդկանցից էր: Արմեն Մարգարյանը հանդիսատեսին առաջին անգամ էր ներկայանում էկրաններից: Թատրոնի երիտասարդ սերնդի ամենավառ դեմքերից մեկը փայլեց նաև ֆիլմում: Այս կերպարի`գրագիր Խորենի հաջող և յուրահատուկ խաղը խթան էր ապագայի համար, նոր և ավելի հզոր դերերի կերտման համար, ոչ միայն թատրոնում, այլ նաև ֆիլմերում:
Նժդեհի կերպարը մարմնավորած Արտաշես Ալեքսանյանը և Շանթ Հովհաննիսյանը քայլում էին հայրենասեր և հզոր ոգով կերտած իրենց կերպարին համընթաց: Երկու դերասաններն էլ վառ էին և անհատապես մանրակրկիտ նվիրված իրենց կերպարին:
Արտաշես Ալեքսանյանը կարողացավ չարախոս լեզուներին ցույց տալ դերասանի բազմաբովանդակ և բազմաբնույթ կերպարների ստեղծման արվեստը: «Մի վախեցիր»-ում խաղալ ազգը ներսից քայքայող անհատ, իսկ այստեղ՝ ազգը կյանքի գնով փրկող, հայրենիքի ապագա ազատության համար իր կյանքը զոհող հերոսին` Գարեգին Նժդեհին: Կերպարները իրապես տարբեր էին միմյանցից:
Ֆիլմը հայ ժողովրդին ապացուցեց, որ ունեցել ենք և կարող ենք ունենալ մեր հերոսները: Ո՞վ ենք եղել մենք, ո՞վ ենք հիմա և ո՞ւր ենք գնում: Հայաստանը միշտ եղել է, և յուրաքանչյուր հերոս արժանի է հիշատակության, որպեսզի ապագա սերունդները մեր պատմությունը չկոչեն ֆիկցիա, միֆ, ֆանտազմագորիկ հեքիաթ:
Առանձնահատուկ կերպով չեմ կարող չնշել ֆիլում ամենահզոր կերպարներից մեկին` Պողոս Տեր-Դավթյանին, ում մարմանավորել էր Խորոն Լևոնյանը: Հայտանագործություն չեմ անի, եթե նշեմ, որ նա միշտ եղել է այն տաղանդավոր և անկրկնելի դերասանը, ում մեծ հպարտությամբ կարող ենք ներկայացնել յուրաքանչյուր պետությունում: Ռազմահայրենասիրական ոգի, պայքարողի անկոտրում կամքը ամփոփվել էին այս կերպարում, և դա Խորեն Լևոնյանի ձեռագիրն էր: Նման հայրենասերի կերտած դերասանը հետագայում մեզ պետք է ներկայանա պատմությանը հայտնի որևէ հերոսի կերպարում, հենց ինքը: Նրա դերասանական անփոխարինելի տաղանդը ֆիլմի հաջողության գլխավոր պայմաններից մեկն էր:
Յուրաքանչյուր հայ պետք է դիտի, հպարտանա և վեհացնի մեր անմահ արժեքները, և գերշռայլ կերպով պետք է գովել, ոչ թե դատափետել նման ֆիլմերը:
Ես ջատագովն եմ նման հերոսական ֆիլմերի ստեղծման: 
«Թեև մենք փոքր ազգ ենք և թվով փոքր և զորությամբ տկար և շատ անգամ օտար թագավորությունների կողմից նվաճված, բայց մեր աշխարհում էլ քաջություններ են եղել և արժանի են հիշատակության». Մովսես Խորենացի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել