Ես կարծում եմ՝ որևէ պարագայում տեղին չէ խոսել այն մասին, որ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի միջադեպից հետո նրա վարկանիշը սրընթաց աճ է արձանագրել: Նման կարծիքները շատերի հանճարեղ գլուխներում հաճախ առաջացնում են ֆանտաստիկ վարկածներ (ինքնախեղում, «գիտակցված մահ» և այլն), որոնք արդեն քաղաքականության կամ քաղաքականի հետ այնքան էլ առնչություններ չունեն: Դրանք արժանահիշատակ չեն կարող լինել անգամ իրավապահ մարմինների համար, որոնք պարտավոր են հաշվի առնել նույնիսկ այլմոլորակայինների միջամտությունը կամ մասնակցությունը այդ զազրելի միջադեպին: 
Նույն թեմայով երկրորդ պսևդո կարծիքը շատ թարմ է և վերաբերում է Հայրիկյանի Սահմանադրական դատարան չդիմելու փաստին, որը կարելի է վերծանել այսպես. «Եթե նա չի դիմում ՍԴ, ուրեմն գործարքի մեջ է»: Տվյալ դեպքում գործարքի մյուս կողմ կարող է դիտարկվել ով ասես` ներքին և արտաքին ուժերից սկսած, այլմոլորակայիններով վերջացրած: 
Այս վարկածների վրա հատուկ սևեռված մարդկանց կառաջարկեի թողնել բարդ կոմբինացիաներով պատճառ-հետևանքային կապեր փնտրելու անօգուտ գործը և ավելի շատ ուշադրություն դարձնել իրական քաղաքական (ընտրական) գործընթացների վրա, որոնք մտել են բավականին հետաքրքիր` դինամիկ քարոզչության փուլ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել