Հալվա

Հալվան (حَلاوة) արևելյան ամենահայտնի քաղցրեղեն է, որի պատմությունը սկսվում է դեռ մ.թ.ա. 5-րդ դարից Իրանում: Արևելքում մինչև հիմա հալվայի պատրաստմամբ զբաղվում են հատուկ ուսուցում անցնող մարդիկ, և այդ մասնագիտությունը սովորաբար անցնում է սերնդեսերունդ: Հալվայի արտադրությունը շատ հատուկ և բարդ գործընթաց է, որը հատուկ հմտություններ է պահանջում, ուստի լավագույն հալվան ձեռքով պատրաստվածն է: Իրանում, Թուրքիայում և Աֆղանստանում հալվան պատրաստում են գրեթե ամեն մթերքից` եգիպտացորենից, ցորենից, գազարից, քաղցր կարտոֆիլից: Գոյություն ունի նաև արևածաղկից պատրաստված հալվա:

 

 Ռախատ-լոխում

Առաջին անգամ պատրաստվել է 18-րդ դարում հրուշակագործ Ալի Մուհիդդին Խաջի Բեկիրի կողմից, թուրքական սուլթանի սեղանի համար: Ճիշտ է` այս պատմության մեջ շատ անհստակություններ կան: Անհայտ է, թե ինչ առիթով և ինչ պայմաններում է նա պատրաստել այս քաղցրեղենը: Այսպես` ըստ մի տարբերակի` սուլթանը, կոպիտ կոնֆետով կոտրելով ատամը, պահանջում է, որպեսզի նրա համար փափուկ և նուրբ քաղցրեղեն պատրաստեն: Այսպես ստեղծվում է ռախատ-լոխումը, ինչը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «հարմար պատառ»: Ըստ մեկ այլ վարկածի` «հարմար պատառը» պատրաստվել է նույն սուլթանի հրամանով, պարզապես որպես հմայելու միջոց: Թուրք սուլթանը ցանկանում էր ռախատ-լոխումի միջոցով զարմացնել իր բազմաթիվ կանանց, և, կարծում եմ, դա նրա մոտ հաջողվել է: Ռախատ-լոխումի շնորհիվ հրուշակագործ Ալի Մուհիդդին Խաջի Բեկիրը շատ հայտնի ու հարուստ է դառնում: 1897-ին նրա թոռը Բրյուսելյան ցուցահանդեսին է ներկայացնում քաղցրեղենը, ինչը հմայում է եվրոպացիներին: Նա ոսկե մեդալ է ստանում և պայմանագրեր է կնքում, որոնք թույլ են տալիս ռախատ-լոխումը ներկրել Եվրոպա: Ի դեպ, Ստամբուլում այսօր էլ հնարավոր է համտեսել այն նույն «հարմար պատառները», որոնք մատուցվել էին սուլթանին:

Փախլավա

Փախլավայի ծագման պատմությունը հստակ հայտնի չէ: Ամենայն հավանականությամբ այն առաջին անգամ պատրաստել են Փոքր Ասիայում (Թուրքիա), մ.թ.ա. 8-րդ դարում, և քաղցրեղենը շուտով մեծ հայտնություն է ստացել: Այսպես` հույն առևտրականներն ու նավաստիները, հմայված փախլավայի նուրբ համով, այն տանում են Հունաստան: Ժամանակի հետ հույները կատարելագործում են փախլավայի բաղադրությունը: Դարեր են անցել, սակայն մինչ այժմ թուրքերն ու հույները պայքար են մղում փախլավան իրենց ազգային ուտեստը անվանելու իրավունքի համար:

Blog.Liberal.am | © Նյութը վերցված է Լիբերալ Բլոգ-ից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել