ԿՅԱՆՔԱՄԵՋՈՒՄ ՍՂՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ. Մաս 2Ինքնաթիռի` ինձ բաժին ընկած բախտն էլ Լոսի կյանքիցս շատ չի տարբերվում՝ լուռ, կծկված, շշուկով, մութ, նեղ, անհարմար, անհանգիստ, բայց արագության մեջ։ Հետն էլ մեկ-երկու հարևան փոխի։ Չէ, Հայկոյին ամենալավ հարևանի հետ չեմ փոխի, ուրախ տղա է ու լսել գիտի։ Միայն տեղներս իրար հետ փոխենք, Հայկո ջան, վիզս մի քիչ էլ աջ ծռվի: Եթե այս երեխայի լացը չկտրեն, ես էլ եմ սկսելու բարձր ձայնով լացել, Հայկո, հաստատ տանում են Հայաստանում կնքելու, ուզում ես հարցնեմ, տես որ չեմ սխալվում:

-Չի դիմանում հա՞- հարցնում եմ երեխային միջանցքով ման տվող զույգին,- փոքր է ախր, մեղք է, այսքան երկար ճանապարհը դժվար է:

 -Դե հա, բայց ուզում ենք Հայաստանում կնքել, ուզի չուզի պետք է դիմանա:

 Նայում եմ Հայկոյին, ծիծաղի փոխարեն թախիծ եմ նկատում դեմքին։ Չէ է՞, ուրեմն քո տեսակն էլ կա Լոսում, Հայկո ջան։ Մերոնք էլ մտածում են՝ մենակ չերյոզիկներ ենք մեծացրել։ Ընկերուհուս 12 տարեկան տղան անցյալ տարի տատիկի հետ գնաց Հայաստան։ Որ վերադարձավ Լոս՝ լրիվ հայաստանցի մայլի տղա էր դարձել։ Վայ, այնքան լավն էր, ոնց էր սազում։ Լիքը նոր բառեր սովորեցրեց. «լրիվ կտտցրել է, վերջն է՜, դզո՜ղ է» ։ Մի երկու օր էր եկել էր, ընկերուհիս զանգեց, թե շուտ արի մեր տուն, չեմ ուզում մենակ մեռնել։ Մի քանի հատ ծայրահեղ վատ հայհոյանք էր սովորել, հանգիստ ասում էր ամեն րոպե։ Խառնվեցինք իրար, մինչ բերանը կփակենք, մի քանի հատ էլ իմ մոտ հասցրեց։ Ասում եմ՝ դրանք ապուշ խոսքեր են, շատ-շատ վատ, էլ չասես: Ասում է՝ բա անգլերենով որ ամեն րոպե ամեն ինչ ասում են, ո՞նց է: Դե արի ու բացատրի, որ Հայաստանը մայր է կոչվում, «Մայր Հայաստան»։ Որ Հայաստանը հայրենիք է, որ «Սուրբ Հայրենիք է»։ Որ Հայաստանում հայհոյանք չեն տալիս ամեն խոսքից հետո։ Որ մեր սուրբ լեզվին մի տեսակ չի նստում, չի սազում վատ խոսքը։ Մեր լեզվով Նարեկն ու Սևակն են խոսել, Չարենցն ու Տերյանը։ Որ Հայաստանը շատ մեծահոգի հայրենիք է, կնեղանա։ Բա նման մոր զավակը կհայհոյի,՞ այ բալա։ Հայաստանը, չնայած, նեղացկոտ չէ։ Թողնում իրան, գնում ենք, բայց երբ վերադառնում ենք, մեզ կարոտած մոր նման է ընդունում։ Ոչինչ չուզելով, չպահանջելով, անշահախնդիր ու նվիրված, տաքուկ ու հարազատ մոր նման։ Այ, Սևակը մի տեղ շատ լավ է ասում. «Մայրը միշտ մայր է, որդիքն են տարբեր…»: Այ, այս տեսակ տարբերություն, արևս: Էլ չասե՛ս, հաստատ կնեղանա։

 -Արի քեզ Հայաստանում պսակենք, Հայկո, աղջիկները շատ սիրուն են, շատ կիրթ են ու խելոք։ Կմնաս Հայաստանում տնփեսա։

-Բա ինչու՞ եմ գնում, բա ընկերուհի ունեմ, քանի ամիս է խոսում ենք, ֆեյսբուքից ենք ծանոթացել։ Ընկերուհի ասելով՝ դեռ ոչ մի բառ այդ մասին չենք խոսացել։ Մտածեցի՝ ավելի լավ է լուրջ քայլը լրջությամբ անել։ Թե չէ ֆեյսբուքով ով ում ասես, ինչ ասես՝ կասի։ Բա՞:

Ամերիկա ծնված տղա։ Անգլերենին 100% տիրապետող։ Սիրուն, գրագետ։ Դե թող իտալացի կամ ֆրանսիացի աղջկա սիրեր։ Չէ, էլի, չէ, հայի սիրտը հայ է ուզում, որտեղ էլ լինի, շա՜տ լավ է, Հայկո ջան, շա՜տ։ Հայի սիրտը հայ է ուզում։ Ճիշտ մեր արտագաղթի պատկերը։ Բուրգը ո՞նց է կառուցվում, այ ճիշտ այսպես կառուցվեց մեր արտագաղթը։ Բուրգ, բայց գլխիվայր։ Մի հոգի եկավ՝ 10 հոգու բերեց։ 10 հոգին եկան՝ 100-ին բերեցին, 100-ը՝ 1000-ին… ու դեռ գալիս են։ Գալիս՝ իրենց համար Հայաստան են կառուցում այս օտար ափերում։ Էլ Հայ օգնության միություն, էլ հայկական եկեղեցիներ, էլ դպրոցներ, ռեստորաններ։ Ամբողջ քաղաքը հայկական խանութների ցուցանակներ են, դեղատների ու վարսավիրանոցների շքերթ։ Հայ երիտասարդաց միություն, Հայ տիկնանց միություն, հայ, հայ, հայ… Նույնիսկ Հոլիվուդի ամենակենտրոնական մասում թաղամաս կա՝ «Little Armenia» անվանմամբ։ Մի տեսակ ունենք մեր մեջ, որ հպարտանում են նման բաներով։ Իմ տեսակն էլ շատ ցավով է նայում։ Ամերիկյան այս «թոհ ու բոհոտ» իրականությանը դժվար հարմարվող մի ժողովուրդ, որ գիտեր ապրել ու ապրեցնել, որ մեծ էր հարգում, որ չէր խառնվում օտար ազգերին, մշակույթ էր պահպանում։ Որ ադաթներ ուներ ու գնահատում էր ընտանիքի արժեքը, այսօր տուն-տեղ թողել, եկել վարձակալել է ամերիկաներում։ Ու չի հավատում, որ Հայաստանը էլ իրենը չէ, որ Հայաստանը այնտեղ ապրող, նրա լավն ու վատը կրող մեր մյուս կեսին մնաց։ Մենք հազիվ տուրիստ գանք, մի քանի քուրջ ու փալաս հագնենք, Գառնի, Գեղարդ գնանք, Սևան, Դիլիջան: Մեր երկրի մեջ տուրիստ-տուրիստ խաղանք հերիք չէ, հին ու նոր ծանոթ, ընկեր, բարեկամներին էլ խառնենք իրար ու 15 օր հետո կերկոխ եղած՝ Զվարթնոց օդանավակայանում ծանոթ ճարենք, որ մեր նորմայից ավել բարձած ճամպրուկներն ինքնաթիռ թողնի։ Իսկ սպասասրահի բաժանման քառակուսիում արցունք թափենք, իրար գրկած լացուկոծով անջատվենք կրկին ու քայլենք հյուրընկալ Աէրոֆլոտի ուղղությամբ: Չէ է, չի փոխվելու ոչինչ, մեզանից ոչ մեկն էլ չի վերադառնալու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել