Այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում, երբ քննարկվում էր ԸՕ-ում փոփոխությունները, ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Ելույթի մի ստվար հատվածը «նվիրված էր» Նիկոլ Փաշինյանին: Այդ հատվածում Զուրաբյանն ամեն կերպ փորձեց հեգնել ու ծաղրել Փաշինյանին:

Հարկ եմ համարում հիշեցնել, որ երեկ Փաշինյանը սուր քննադատության ենթարկեց ԸՕ-ի շուրջ կոնսենսուսի եկած ընդդիմադիր ուժերին` իր ելույթը համեմելով հեգնանքով, կատակերգական մեջբերումներով, խորհրդային ֆիլմերից հումորային մեջբերումներով: Փաշինյանը հիշել էր Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները» և նրա գլխավոր հերոս Աբիսողոմ Աղային: «ԱԺ չորս խմբակցություն+կառավարություն կանգնել են միջազգային դոնոր կազմակերպությունների դեմը, ասում են՝ եթե գոնե մի 16 մլն…»,-հեգնեց Նիկոլը: Ըստ Փաշինյանի. «Հայտարարության տակ ստորագրել են մարդիկ, որոնք ասում էին՝ մենք դեմ ենք, դա մեր արժանապատվությանը դեմ ա, որ մատները թանաքոտենք»: Նա իր ելույթն ավարտեց՝ հռետորական հարց հնչեցնելով ՀՀ իշխանություններին. «Շուրա, իսկ քեզ ինչքա՞ն է հարկավոր՝ ժողովրդավար լինելու համար»:

Լ.Զուրաբյանն իր նախկին համախմբացին 24-ժամյա կտրվածքով հակադարձեց. «Որոշ ընդդիմադիրներ ժամանակակից շոուբիզնեսից հետ չմնալու հայտեր են ներկայացնում: Քաղաքական գործիչները փորձում են իրենց դրսևորել կատակերգության, պարոդիայի ժանրերում՝ հիմնականում ոգեշնչման աղբյուր գտնելով հումորի տեղական արտադրության «գլուխգործոցներից»՝ փորձելով մեջբերումներ անել ու համեմել հին սովետական ֆիլմերով: Գեղարվեստական բնագավառում ինքնադրսևորում փնտրող բոլոր այս քաղաքական գործիչներին մաղթում եմ ստեղծագործական հաջողություններ, քանի որ քաղաքական ասպարեզում այլևս ձեռքբերումներ չկան»:

Իսկ քաղաքական դաշտի հնաբնակներից Հեղինե Բիշարյանը հայտարարեց, թե «այստեղ նստած որոշ ճղճղաններ, որ ընդդիմություն են իրենց հռչակում, որ չգիտես, թե ինչ ճանապարհ են անցնել ու հարձակվում են ընդդիմության վրա, թե՝ վայ, ստորագրել եք 4+4+4 ձևաչափով ձեռք բերած համաձայնագիրը»:

Այս առիթով Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում փաստեց, թե կան որոշ քաղաքական ուժեր, որոնք, նրա բնորոշմամբ աղանդավորական սեկտաներ են հիշեցնում. «Նրանք աղճատում են, կամ փորձում են այլասերել քաղաքական դաշտը: Նրանք անում են ամեն ինչ, որ այս համաձայնությունը չկայանա, քանի որ նրանց բացարձակ պետք չեն ազատ, թափանցիկ ընտրությունները»:

Նման քննադատական ու դատափետող հայտարարությունները խոսում են ՀՀ-ում ընդդիմության չգոյության մասին, քանզի ամենահասարակ ու պարզ հարցերում տիրում է քաոսային աղճատում:

Քաղաքական դաշտում ինքնանպատակ ու միօրինակ գործունեությունն արդեն արհեստական բնույթ է կրում, և հայրենի շատ գործիչներ փորձում են յուրաքարչյուրն ըստ էության հաստատվի ու կայանա, սակայն այն տարրական փաստը, որ քաղաքական սեկտորում ԸՕ-ի վերաբերյալ իրոք ձեռք է բերվել որոշակի լայն համաձայնություն չի կարելի անտեսել, առավել ևս ծաղրել: Ուստի առավել նպատակահարմար է քաղաքական կամք դրսևորելով հայտնել, որ որոշակի հարցերում կան ձեռքբերումներ և փաստել, որ եղել է պատմական իրադարձություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել