Exclusive

Սերիալային դերասանուհի Նառա Դիլանյանը, ով այժմ նկարահանվում է «Առաջնորդները» հեռուստասերիալում, մոտ 3 տարի է՝ ամուսնացած է։ Մինչ ամուսնությունը նա և ամուսինն ընկերություն են արել մոտ 13 տարի։ Չնայած 16 տարի միասին լինելուն՝ զույգը դեռ չի ցանկանում երեխա ունենալ։ BlogNews-ի հետ զրույցում Նառան անկեղծորեն խոսել է երեխա չունենալու պատճառների, ընտանեկան կյանքի և ոչ միայն այդ ամենի մասին։

  

-Նառա, Ձեր հարաբերություններում ի՞նչ տեղ ունի խանդը։ Հովոն, կարծես թե, խանդոտ չէ, իսկ դո՞ւ։

-Ես առիթ չեմ տալիս, որ խանդի։ Արդեն 16 տարի է՝ միասին ենք և այնքան լավ ենք իրար ճանաչում, վստահում, որ խանդն անիմաստ է, թեև լինում են նաև դեպքեր, երբ առանց առիթի խանդի թեմա է բացվում։

Ես  այդքան խանդոտ չեմ, որքան եսասեր եմ։ Այն, ինչ իմն է, իմն է։ Հովոյի դեպքում ես վստահ եմ, որ չունեմ մրցակից, որովհետև իրեն շատ լավ եմ ճանաչում։ Կարծում եմ՝ եթե այդ վստահությունը չլիներ, անիմաստ կլիներ կյանքն էլ, սերն էլ։ Հովոն էլ իմ հանդեպ ունի նույն վստահությունը։ Եթե դա չլիներ, ես հիմա չէի լինի էկրաններին։ Երբ ես հայտնվեցի TV-ում, իմ անձի հանդեպ ուշադրությունը մեծացավ նաև հակառակ սեռի կողմից։ Երբ փողոցում ինչ-որ տղա մոտենում է, որ նկարվենք, Հովոն չի սրտնեղում, նույնիսկ ծիծաղում է։ Եթե ինքն այդ վստահությունը չունենար, ես հաստատ էկրաներին չէի լինի, որովհետև Հովոն հայ «ավանդական» տղամարդ է։

-Քո կողքին դժվար է հայ «ավանդական» տղամարդ մնալը։

-Դե պատկերացրու՝ տարիների ընթացքում ինչքան եմ փոխել։ Իրականում իմ բնավորությունից ելնելով Հովոն շատ է փոխվել, որովհետև գիտի՝ եթե մի բան իմ սրտով չլինի, ես կլացեմ ։)

-Դժվար չէ՞ քեզ հետ ապրելը, կարծես, կամակոր երեխա լինես։

-Շատ դժվար է, որովհետև իսկապես այդպես է, բայց մեր հարաբերություններում շատ մեծ նշանակություն ունի այն փաստը, որ մենք միասին ենք մեծացել։ Ես 17 տարեկան էի, երբ ծանոթացա Հովոյի հետ։ Մանկուց վախկոտ եմ եղել, իսկ այն տարիքում, երբ պիտի ձևավորվեր իմ ինքնուրույնությունը, Հովոն հայտնվեց իմ կյանքում ու թույլ չտվեց դա, քանի որ շատ հոգատար է։

Առհասարակ, ես մանկուց էլ պրոբլեմատիկ երեխա եմ եղել, որովհետև նորմալ չէ, որ, օրինակ, անձրևի ժամանակ երեխան վախից լացի։

-Փորձե՞լ ես հոգեբանի մոտ գնալ։

-Հա, իհարկե։ Մենք տարբեր մեթոդների ենք դիմել. և՛ հոգեբանի մոտ եմ գնացել, և՛ վախ չափելու, և՛ այլ տարբերակներ, սակայն անօգուտ է։ Դա շատ վատ բան է և մինչև հիմա խագարում է ինձ։ Հիմա արդեն անձրևի ժամանակ չեմ լացում, բայց ինչ ուզում է լինի, տանից դուրս չեմ գա։ Երբեք չեմ գնա գերեզմաններ։ Հիվանդանոց էլ չէի գնում, քանի որ բժիշկներից վախենում եմ։ «Դժվար ապրուստի» նկարահանումների ժամանակ սովորեցի գնալ հիվանդանոց, որովհետև նկարահանումների մեծ մասն այնտեղ էին։ Տարիքի հետ մի քիչ անցնում է այդ վախը, սակայն չի անցնում։

 

-Իր հետ է՞լ է դժվար։

-Իհարկե։ Յուրաքանչյուր մարդու հետ էլ բարդ է, ուղղակի տարիների ընթացքում ըմբռնում ես իր բնավորությունը ու սկսում թեթև նայել այդ ամենին։

-Դու իշխող բնավորություն չունես, սակայն ձեր հարաբերություններում, կարծես թե, դոմինանտը դու ես։

- Հովոն ավելի զիջող է։ Երևի այդպես է, որովհետև չեմ անում այնպիսի բան, որ Հովոն խանդի։ Ես մենակ չեմ գնում ժամանցի վայրեր, իհարկե, եթե հատուկ աղջկական հավաքույթ չէ, ամեն բան Հովոյի հետ եմ անում։ Ինձ ճանաչողները գիտեն, որ ես շատ ավանդապաշտ եմ՝ «տան աղջիկ»։ Եթե այնպիսի բաներ անեմ, որ իրեն դուր չեն գալիս, բնականաբար, կխանդի, խնդիր կլինի։ Եթե գիտես, որ ամուսինդ մի բան չի սիրում, պիտի չանես։ Ես 15-16 տարեկան չեմ, որ անեմ այն, ինչ կուզեմ ու չմտածեմ՝ դա  իրեն դուր կգա՞, թե՞ ոչ։ Ես էլ եմ զիջումների գնում, դա հասկանալով, նա էլ է զիջուների գնում։

-Իսկ ինչի՞ վերաբերյալ եք վիճում։

-Վայ, էնքան բան կա։ Ամեն օր էլ վիճում ենք, սակայն 5 րոպե հետո կարող է միասին ծիծաղենք, սուրճ խմենք։ Ես նյարդային մարդ եմ, անկարևոր բաներից կարող ենք վիճել, բայց դա մեզ մոտ շատ ՛շուտ էլ անցնում է։ Լուրջ թեմաներ չեն լինում։ Եթե մեզ մոտ լուրջ թեմա լինի, ես վիճեմ, այլևս չեմ բարիշի։ Ես կտրուկ մարդ եմ։

-Ի՞նչը երբեք չես ների։

-Դավաճանությունը։ Մենք շատ լավ տարիներ ենք անցկացրել միասին, միասին ենք մեծացել, քիչ զույգեր կան, որ այդքան տարիներ այդպիսի հարաբերություններ են ունեցել, բայց նույնիսկ դա չեմ ափսոսի, սակայն ոչ թե այն պատճառով, որ խանդոտ եմ, այլ որովհետև ինքս երբեք չեմ դավաճանի։ Ակնկալում եմ, որ դիմացինս էլ չպիտի անի։

-16 տարի է՝ միասին եք։ Դա բավականին երկար ժամանակ է։ Հարաբերություններում ունեցե՞լ եք անկումային փուլեր։

-Եթե ասեմ՝ չեմ  ունեցել, գուցե մարդկանց թվա՝ խաբում եմ, բայց ախր իրականում չեմ ունեցել։ Միգուցե դա ինձանից է։ Ես հասարակ մի բանից կարող եմ լացել, բայց հասարակ մի բանով էլ կարող եմ ուրախանալ։ Եթե Հովոյին մնար, նա հայ ավանդապահ տղամարդ է, երևի ինձ հետ ապրելով փոխվել է։ Արդեն չեմ էլ հիշում՝ ինչպիսին էր նա 16 տարի առաջ, բայց հաստատ այսպիսին չէր։

-Կենցաղ կիսելուց հետո հարաբերություններում ինչ-որ բան փոխվե՞լ է։

-Շատ բան է փոխվել։ Կապ չունի, որ մինչ ամուսնությունը մենք 13 տարի միասին ենք եղել։ Գուցե մենք առանձին ենք ապրում, դրանից է, բայց շատ բան եմ բացահայտել Հովոյի մեջ, նա էլ՝ իմ։ Ամուսնությունից հետո ես ավելի պատասխամանառտու եմ դարձել իր հանդեպ, որովհետև ես իր համար եմ ապրում, ինքը՝ իմ։

-Արդեն երկար տարիներ է՝ ինչ միասին եք ու հասցրել եք միասին վայելել կյանքը։ Տարիների ընթացքում գալիս է մայրանալու բնական պահանջը։ Որոշ ընտանիքներում դա նաև խնդիր է դառնում։

-Չէ, փառք Աստծո, մեզ մոտ դա խնդիր չէ։ Ես երբեք չեմ հասկացել զույգերին, որոնք կարող են երեխա չունենալու համար  կոնֆլիկտ ունենալ, բաժանվել։ Հովոն՝ նույնպես։ Չեմ կարծում, որ երեխան է կապում ծնողներին։ Ես դա կարող եմ իմ օրինակով ասել։ Ի վերջո, երեխաները մեծանում են ու ապրում իրենց կյանքով։ Ես չեմ ընդունում, որ պետք է երեխա ունենաս, որ վաղը քեզ ջուր տա կամ պահի քեզ։ Չկա նման բան։ Ես էլ չեմ պահում իմ ծնողին, աշխարհի չափ սիրում եմ իրեն, բայց ամուսնացել գնացել եմ ու իմ կյանքով եմ ապրում։ Դու երեխա ես ունենում, որ վայելես իրեն։ Մենք երկուսս էլ շատ ենք սիրում երեխաների, հարևանի երեեխաներին ենք պահում, մեր շրջապատի բոլոր երեխաները շատ սիրում են Հովոյին։ Մեր ընկերներն էլ կատակում են, որ պետք է մանկապարտեզ բացենք։)

Մարդկանց թվում է՝ ես խնդիր ունեմ, դրա համար երեխա չեմ ունենում, ուզում եմ բոլորն իմանան, որ ինձ մոտ նման խնդիր չկա։

-Այսինքն ձեր գիտակցված որոշո՞ւմն է, որ երեխա չունեք։ Նախորդ տարի մեր հարցազրույցի ժամանակ ասում էիր՝ մինչև տարեվերջ մայրանալու եմ և տպավորություն էր, որ շատ ես ուզում մայր դառնալ։

-Ես միշտ ասում եմ՝ շուտով, սակայն երբ արդեն մեծ ես, ավելի լուրջ ես մտածում երեխա ունենալու մասին։ Եթե ես լինեի 20 տարեկան, վաղուց 5 երեխա ունեցած կլինեի, բայց էս տարիքում ուզում եմ, որ երեխաս ոչնչի կարիք չունենա։ Որ ասում են՝ երեխան ծնվում է՝ «ղսմաթը» հետը, չեմ հավատում, ես միայն ինձ եմ հավատում և չեմ ուզում երեխաս ծնվի ու չտեսնի այն, ինչ ես եմ տեսել։ Ես շատ լավ մանկություն եմ ունեցել, ուզում եմ իմ երեխան էլ ունենա այդպիսի մանկություն։ Հովոն էլ է ինձ հետ համաձայն, որ մեծ տարիքում  դու կարող ես ինչ-որ բաներ չտեսնել, բայց մանկությունդ պիտի շատ լավ անցնի։

Մեզ մոտ հիմա տան խնդիրն է։ Մենք վարձով ենք ապրում, ես չեմ ուզում, որ իմ երեխան տեղափոխությունների մեջ լինի, իմ երեխան պիտի ունենա իր սեփական տունը։ Երկար տարիներ մեր չամուսնանալն էլ տան խնդրի պատճառով էր։ Այն ժամանակ բոլորին թվում էր` այլ  խնդիր կա, բայց իրականում նույն տան հարցն էր։

- Նման դեպքերում շատ զույգեր զիջումների են գնում և ժամանակավոր ապրում ամուսնու ընտանիքի հետ։ Ինչո՞ւ զիջումների չգնացիր։

-Ես կգնայի զիջումների, ուղղակի իր եղբայրն էլ էր ամուսնացած և հնարավոր չէր, որ տան մեջ ապրեր մի քանի ընտանիք։ Կարծում եմ՝ չեն կարող նորաստեղծ 2 ընտանիք ապրել միասին։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել