Tert.am-ը գրում է.

Ալիևի ելույթում ինչպես միշտ տեղ են գտել տասնյակից ավելի ակնհայտ կեղծ ու խեղաթյուրված տեղեկատվություններ. Tert.am-ի հետ զրույցում խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների մասին, որոնք նա արել է զինծառայողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Ադրբեջանի նախագահը զինվորականների հետ հանդիպման ժամանակ դրական էր արտահայտվել Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած եռակողմ հանդիպման մասին և խոսել հանդիպման որոշակի մանրամասների վերաբերյալ: Ալիևն ասել էր, որ գնում են բանակցությունների առանց որևէ պայման ընդունելու, բանակցություններն իրենց համար պետք է առարկայական լինեն, իմիտացիայի համար չեն:

Դիտարկմանը, թե արդյո՞ք հստակ պայմանավորվածություններ չեն եղել հետաքննության մեխանիզմների ներդրման և ԵԱՀԿ մոնիթորինգային հնարավորությունների ավելացման մասին, Արտակ Զաքարյանը պատասխանեց.  «Սուտը երբեմն քաղաքականության մեջ տեղ ունի։ Սակայն ստի և կեղծիքի վրա կառուցվող ադրբեջանական քարոզչությունը մի օր փլվելու է հենց ալիևների գլխին, այնպես ինչպես մի անգամ արդեն փլվել է մեկ այլ ալիևների (կամ, ինչպես իրենք էին ասում, էլչիբեյների գլխին- Ա. Զ.)։ Վերադառնալով հակամարտությանը՝ նշեմ, որ բանակցային իմիտացիան միայն Ադրբեջանի ձեռագիրն է։ Մենք միշտ կառուցողական ու փոխզիջումային քաղաքականության կողմնակիցն ենք եղել, իսկ իմիտացիայի միակ հեղինակը եղել և մնում է Ադրբեջանը։

Ե՛վ Վիեննայում, և՛ Սանկտ Պետերբուրգում հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմների ներդրման ու մոնիթորինգային կարողությունների ավելացման մասին եղել են պաշտոնական հայտարարություններ, և Ալիևն էլ եղել է այդ հայտարարությունների կողմերից մեկը։ Դա նշանակում է, որ առանց նրանց համաձայնության այդ հայտարարությունները հրապարակվել չէին կարող։ Եթե այդպես քաջարի է Իլհամ Ալիևը, ապա թող հենց Վիեննայում կամ Սանկտ Պետերբուրգում պաշտոնապես հայտարարեր, որ այդ համատեղ հայտարարությունները ԵԱՀԿ ՄԽ ինքնագործ հայտարարություններ են և չեն արտահայտում Ադրբեջանի տեսակետը»։

Արտակ Զաքարյանը նշեց, որ հետին թվով բացատրություններն ու Հայաստանի ուղղությամբ հերթական հոխորտանքը հղելը վաղուց արդեն ծանոթ սցենար է. «Հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմները իրական երաշխիք կարող են լինել կայուն զինադադարի համար։ Եթե Ալիևն այդ մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն չի տեսնում, ապա դրանով դուռ է բացում Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հաջորդ ագրեսիայի համար։ Ուրեմն թող հետևանքների համար էլ պատասխանատու լինի իր ժողովրդի առաջ»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել