Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն իր եվրոպական շրջագայության վերջում ժամանել է Նիդերլանդներ։

Զարիֆն այդ երկրի պաշտոնատար անձանց հետ հանդիպումներում կոչ է արել հեշտացնել իրանական ընկերությունների հետ բանկային գործարքներն ու ամրապնդել երկու երկրների միջև առևտրային կապերը։

Հաագայում Նիդերլանդների էկոնոմիկայի նախարար Հենք Քամփի հետ հանդիպման ժամանակ Զարիֆը հայտարարել է, որ երկու երկրների միջև պետք է ստեղծվեն բավական արտոնյալ պայմաններ՝ ընդլայնելու համար տնտեսական համագործակցությունը։

Զարիֆը նաև առանձին նհանդիպել է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեին և հայտարարել է, որ ԵՄ-ի երկրների թվում Նիդերլանդներն Իրանի երրորդ խոշոր առևտրային գործընկերն է։ Զարիֆը Նիդերլանդների վարչապետին հրավիրել է այցելել Իրան։

Զարիֆը հանդիպել է նաև Նիդերլանդների խորհրդարանի՝ արտաքին կապերի հանձնաժողովի անդամների հետ: Նրանք քննարկել են միջուկային գործարքի ընձեռած հնարավորությունները ներդրումների համար, Մերձավոր Արևելքի զարգացումները և հատկապես Սիրիայի ու Իրաքի հարցերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել