Մի քանի օր առաջ հայկական հատուկենտ լրատվամիջոցներում,այդ թվում նաև BlogNews-ում անդրադարձ եղավ ՀՀ ում այս օրերին կենսաչափական անձնագրեր ստանալու հետ կապված խնդրին: Խնդիրը հետևյալն էր. քաղաքացիները, ովքեր արդեն իսկ սովորական անձնագրերը փոխարինել են ID, այսինքն  նույնականացման քարտով`  դիմում են ներկայացնում կենսաչափական անձնագիր ստանալու համար, բայց քաղաքացիների դիմումները մերժվում են: Չնայած հասարակության դժգոհությանն ու անհանգստությանը` պատկան մարմինները հավաստիացրեցին, որ խնդիրը զուտ տեխնիկական է ու ոչ մի բարդություն իրենից չի ներկայացնում, քանի որ քաղաքացու կենսաչափական անձնագիր  չունենալու փաստը խոչընդոտ չի կարող լինել նրա երկրից մեկնելու համար, որովհետև ՀՀ անձնագիրը տալիս է ՀՀ քաղաքացուն այդ հնարավորությունը: Նաև նշվեց, որ միայն այն դեպքում են առաջանում բարդություններ, երբ քաղաքացու անձնագրի հիմնական ժամկետը լրացած է և այն երկարացված է հինգ տարով: Բայց այս դեպքում էլ ըստ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանի` «Որպեսզի քաղաքացին երկրից դուրս գալու իրավունքն իրացնի`  մենք դիմում ենք ընդունում և սովորական անձնագիր ենք տալիս: Սովորական անձնագրով մարդիկ հանգիստ ճամփորդում են, խնդիրներ չունեն նաև այն մարդիկ, ում անձնագրերը դեռևս ժամկետի մեջ են»:

Իսկ հիմա կխնդրեի այս պահից ավելի մանրամասն. ո՛չ Բիչախչյանը և ո՛չ էլ այլ պատկան այլ մարմիններ չեն նշում, որ սովորական անձնագիր ստանալու համար ոչ մի արագացված կարգ չի գործում, այսինքն քաղաքացին նոր անձնագիր ստանալու համար դիմում ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրից ոչ շուտ միայն կարող է ստանալ այդ անձնագիրը: Սակայն այս ժամկետը ողջամիտ չէ այն մարդկանց համար, ովքեր դեռ ամիսներ առաջ են պլանավորել իրենց հանգիստը արտասահմանում, գնել տոմսերը կամ վճարել տուրի համար, կամ էլ պետք է արտասահման մեկնեն պլանային վիրահատության կամ բուժման կուրս ստանալու նպատակով: Այդ մարդիկ ունեին ID նույնականացման քարտ և նրանք համոզված են եղել, որ կարող են ձեռք բերել իրենց կենսաչափական անձնագիրը ընդամենը 5 օրում` վճարելով 5000 դրամ, կամ մեկ օրում` վճարելով 30 000 դրամ: Այդ մարդիկ չգիտեին և չէին էլ կարող իմանալ, որ իրենց անձնագրերի հետ կապված խնդիրների առաջ են կանգնելու, որովհետև ոչ մի պաշտոնական հայտարարություն կամ զգուշացում նախապես չի արվել պատկան մարմինների կողմից: Անձնագիրը հատկացնելու 10  աշխատանքային օրվա ժամանակահատվածը  ողջամիտ ժամկետ չէ նաև այն մարդկանց համար, ովքեր ցանկություն ունեն մեկնել արտասահման չնախատեսված հանգամանքներից ելնելով, օրինակ  հարազատի թաղմանը  մասնակցելու համար:  

 Փաստորեն ստացվում է, որ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության իրենց իսկ նշած «տեխնիկական խնդիրների» պատճառով տուժում եմ ՀՀ քաղաքացիների իրավունքները: Անելանելի թվացող այս իրավիճակից որևէ ելք գտնելու ակնկալիքով մենք որոշեցինք հարցախույզ կատարել մայրաքաղաքի անձնագրային ու վիզաների բաժիններում: Մասնավորապես` Աջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների  անձնագրային և վիզաների բաժիններում անձնագիրը արագացված կարգով ստանալու միայն մի նախապայման են առաջարկում` ներկայացնել երկրից մեկնելու անհետաձգելիությունը հաստատող փաստաթուղթ կամ դիմում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետին կամ նրա տեղակալին: Իսկ սա իրենից ենթադրում է լրացուցիչ քաշքշուկ, ժամանակի ու նյարդերի վատնում:

Եվս մեկ դիլեմա` քաղաքացին դեռ հունվարից է աշխատավայրում պայմանավորվել իր արձակուդի ժամկետների համար, այդ ժամանակ էլ նախապես գնել է ամառային հանգստի ուղեգրերը ու հիմա այդ անձնագիրը պետք է փոխվի: Այս դեպքու՞մ ինչպես է լուծվում հարցը` նորից անպատասխան: Անհարմարություններ է ստեղծում նաև այն հանգամանքը, որ քաղաքացին, որը նպատակ ունի մոտ ապագայում անձնագիրը փոխարինել ID, այսինքն նույնականացման քարտով, այժմ ստիպված է կատարել լրացուցիչ ու ըստ երևույթին անտեղի նյութական ծախս, այն է` վճարել 6400  դրամ (1000դրամ անձնագրի համար, 5000 դրամ վիզայի և 400 դրամ միջնորդավճարի համար)  միայն նրա համար, որ տեխնիկական խնդիրների պատճառով նա չի կարող միանգամից ստանալ կենսաչափական անձնագիր: Ստեղծված իրավիճակում մնում է միայն մեկ ելք. ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունը պետք է հետամուտ լինի այդ «տեխնիկական խնդրի» հրանավորինս արագ վերացմանը, որը արդեն մեկ ամիս է կաթվածահար է արել երկրից մեկնելու ՀՀ քաղաքացու տարրական իրավունքը:

նյութը` Արմինե Հայրապետյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել