Aravot.am-ը գրում է.

Aravot.am-ը Հայ կաթողիկեների ժողովրդապետ Տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանից հետաքրքրվեց, թե ինչքա՞ն ուխտավորներ են եկել Գյումրի: Դեռեւս 3-4 ամիս առաջ 3000-ից ավելի ուխտավորներ էին ցանկություն հայտնել գալ ու մասնակցել Հռոմի պապի՝ Գյումրու Վարդանանց հրապարակում մատուցվելիք պատարագին:

«Թվաքանակ հստակ չենք կարող ասել, կոնկրետ մեր հյուրերի թիվը 1000-ից անցել է, բայց նկատի ունենանք, որ անգամ մեր հյուրերին չենք կարող տեղավորել Գյումրիի հյուրանոցներում: Որ հյուրանոցի դուռն ուզում ես թակի՝ տեղ չկա, բոլորն արդեն ծանրաբեռնված են: Սա նշանակում է, որ նախատեսվածից շատ ավելի մարդիկ են եկել Հայաստան: Ես գիտեմ խմբեր, որոնք եկել են ԱՄՆ-ից, Իսրայելից, իրենք իրենց նախաձեռնությամբ եկել են մասնակցելու պատարագին: Մեզ հետ կապի մեջ չեն մտել, հոսքը շատ մեծ է, ու մենք վախ ունենք՝ արդյոք Վարդանանց հրապարակում հնարավո՞ր է այդքան մարդ տեղավորել: Մոտավոր հաշվարկով՝ 30 հազար մարդ է տեղավորվում հրապարակում, մենք այդքան էինք հաշվարկել եւ մտածել էինք, որ 25 հազար մարդ լինի՝ ուրախալի կլինի, բայց շատ ավելին են: Մեզնից անգամ նեղանում են, որ չենք կարողանում հրավիրատոմս տրամադրել: Իսկապես ծանր կացության մեջ ենք հայտնվել, չգիտենք ո՞նց պիտի տեղավորենք այդքան մարդու»,- մտահոգվեց Տեր Գրիգորը:

Մեր դիտարկմանը, թե Գյումրին վաղն աշխարհի կենտրոնն է դառնալու, մեր զրուցակիցն ասաց. «Կարելի է ասել՝ այո, մի քանի ժամով Գյումրին կլինի աշխարհի կենտրոնում. «ՊանԱրմենիան»-ն ուղիղ եթեր է հեռարձակելու Հռոմի պապի այցը՝ արբանյակով, բացի դրանից աշխարհի 70 հեռուստաալիք եւս կհեռարձակեն իրենց երկրներում, մեր հանրայինն ու Վատիկանի հեռուստաալիքները կհեռարձակեն: Ուկրաինական հեռուստաալիքներից մեկն է Գյումրիում, նախապես եկել էին մեր արտգործնախարարության ու մեզ հետ համաձայնեցնելով»:

Մեր հարցին, թե Հռոմի պապին բարձրաստիճան պաշտոնյաներ ուղեկցելո՞ւ են, մեր զրուցակիցն ասաց, որ Հռոմի պապը հայտնի է որպես «անակնկալներ» անող պապ ու իրենք մինչ այս պահը չգիտեն, թե ինքնաթիռում պապի հետ ովքեր են լինելու: «Ինքը շատ է սիրում անակնկալներ ու հնարավոր է այնպիսի մի բանի ականատես լինենք, որ բոլորս էլ զարմանանք: Նա պատարագից հետո պապամոբիլով շրջելու է ժողովրդի մեջ, ինչպես Վատիկանի մեջ է շրջում, այնպես էլ Վարդանանց հրապարակում», ասաց Տեր Գրիգորը:



Շիրակի մարզպետարանից էլ տեղեկացանք, որ վաղը Գյումրի հյուրընկալվող Հռոմի պապին Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ նախագահը, ոչ վարչապետը չեն ուղեկցի, նրան կուղեկցեն Վեհափառն ու Վատիկանում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Միքայել Մինասյանը: Պատարագին կմասնակցեն մեծ թվով պատգամավորներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել