Ես դիպլոմ ունեմ։ Ոչ ավել, ոչ պակաս՝ բակալավր եմ։ Այն էլ մանկավարժության և հոգեբանության։ Ասեմ ավելին, դիպլոմս 2014 թվին եմ ստացել, երբ արդեն 27 տարեկան էի։ Ինչո՞ւ այդքան ուշ։ Չէ՛, բութ չեմ , ծույլիկ չեմ եղել, սովորելիս էլ՝ լավ եմ սովորել։ Խնդիրը նա էր, որ բավականին երկար ժամանակ, իսկ ավելի կոնկրետ մի 5 տարի, ես սկզբունքորեն չէի ցանկանում դիպլոմ ունենալ և ստանալ բարձրագույն կրթություն։

Չէի ցանկանում, որովհետև համարում էի դա ժամանակի ոչ արդյունավետ տնօրինում, կորուստ և գտնում էի, որ ավելի լավ է ես այդ ժամանակը ծախսեմ աշխատելու և աշխատել ՍՈՎՈՐԵԼՈւ վրա, քան թե զուբրիտ անելու։ Ավելին ասեմ․ ես առաջվա պես համարում եմ, որ Հայաստանում (բացառությամբ մի քանի մասնագիտությունների) դիպլոմ ու ԲՈւՀ-ական կրթություն պետք չեն, որպեսզի մարդը դառնա լավ մասնագետ ու հաջող կարիերա ունենա։

Ի վերջո, այս նկատառումներս տեղի տվեցին երկու հիմնական հակափաստարկների, ու ես ընդունվեցի, հետո ավարտեցի, հիմա էլ միանգամայն այլ ոլորտում եմ աշխատում։ Որո՞նք էին այդ նկատառումները, որոնք ստիպեցին ինձ մտափոխ լինել․

1․ Հանրային ակնկալիք

Թեև դիպլոմի առկայությունը առանձնապես չի օգնում քեզ աշխատանքի հարցում և կենցաղում, բայց դրա բացակայությունն արդեն կարող է խնդիրներ առաջացնել։ Ենթադրենք, իմ պարագայում աշխատանքի խնդիր չկար, ու ես բավականին լավ աշխատանք ունեի դեռ մինչև դիպլոմ ստանալը, այ բայց կենցաղում իրավիճակն այդքան էլ անամպ չէր։ Պարզ դրվագ ասեմ․ որոշ մարդիկ մի տեսակ հիասթափություն էին ապրում, երբ իմանում էին, որ ես բարձրագույնավարտ չեմ ու դիպլոմ չունեմ։ Մի տեսակ երկրորդ սորտի մարդ ես սկսում քեզ զգալ։ Հետո պարզ փառասիրության պահը․ ինչո՞ւ ես ամոթխած ինչ-որ բան կմկմամ վաղը, երբ երեխաս հարցնի, թե ինչու իր հայրիկը բարձրագույն կրթություն չունի, իսկ իր ընկերոջ հայրիկն ունի։

2․ Ինքնակրթություն և ինքնազարգացում

Եթե սովորել ու դիպլոմ ստանալ, ապա միան գիտակցված ու միայն քո ուզած մասնագիտությունով։ Ես գերագույն հաճույքով եմ սովորել ԲՈւՀ-ում, որովհետև միշտ հետաքրքրված եմ եղել հոգեբանությամբ։ Սովորելիս էլ սովորում էի ոչ թե նրա համար, որ անպայման աշխատանք ճարեմ, կամ էլ այլ շահադիտական նպատակներով, այլ նրա համար, որ ուսումը, անկախ ամեն ինչից, զարգացնում է մարդուն և ընդլայնում է նրա մտահորիզոնը։ Ուստի, եթե կարող ես քեզ թույլ տալ այդքան ժամանակ ու միջոցներ հատկացնել կրթվելուն, ապա անպայման պետք է անել դա։

Սպանե՛ք ձեր մեջի դիպլոմամոլին ու սովորե՛ք ապրել իրական կյանքում, ոչ թե ծնողների երազած տեսլականում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել