«Իսլամական պետության» ԶԼՄ-ները երեկ երեկոյան տեղեկություն տարածեցին, որ Սիրիայում Իթրիա-ալ-Ռակկա ճանապարհին տեղի ունեցած ռազմգործողություններում սպանվել է 3 ռուս զինվորական: Տեղեկության հավաստիությունն ապացուցելու համար իսլամական կայքէջերը նույնիսկ տարածեցին սպանված ռուս զինվորների մոտ հայտնաբերված անձնական իրերն ու լուսանկարները:

Այս տեղեկություններին նախորդել էին Սիրիայի ալ-Ռակկա նահանգի հիշյալ հատվածում տեղի ունեցած բախումներում սիրիական բանակի անհաջողությունների, իսլամականներից կրած պարտությունների և որոշ բնակավայրերից սիրիական կառավարական ուժերի հեռանալու մասին տեղեկությունները:

Արդեն մի քանի օր է «Իսլամական պետության» զինյալները Սիրիայի այդ հատվածում հակահարվածի են անցել՝ վերականգնելով նախկինում կորցրած որոշ տարածքների նկատմամբ վերահսկողությունը:

Ալ-Ռակկայում ռուս զինվորականների կորուստը, սիրիական կառավարական ուժերի ձախողումներն ու իսլամականների առաջխաղացումը (մինչ այդ, պաշտոնական Դամասկոսի կողմից Սիրիայի կենտրոնական հատվածներում մի քանի բնակավայրերի ազատագրումը ներկայացվում էր որպես զգալի հաջողություններ՝ զուգահեռաբար հայտարարելով, որ սիրիական իշխանությունները վճռական են տրամադրված «Իսլամական պետության» կենտրոնը՝ ալ-Ռակկան ազատագրելու հարցում) կարող են ազդել Բաշար ալ-Ասադի վարչակարգի հեղինակության վրա, ինչպես նաև բացասական հետևանքներ ունենալ Սիրիայի ու Ռուսաստանի, և ընդհանրապես Սիրիայի և նրան սատարող տարածաշրջանային ուժերի հարաբերություններում:

Չէ՞ որ ռազմական թվացյալ հաջողությունները շատ արագ փոխարինվում են անհաջողություններով, և արդեն որերորդ անգամ այդ իրողության ականատեսն ենք լինում Սիրիայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել