Մենք դեռ մեծագույն պարտք ունենք այն բոլոր ազգային գործիչների հանդեպ, որոնց անունները սովետական բռնապետության օրոք հանիրավի մոռացության էին մատնված, սակայն անհերքելի է, որ հենց նրանց շնորհիվ է, որ այժմ գոյություն ունի ներկա անկախ Հայաստանը: Այդ գործիչների շարքին է դասվում նաև հայկական բանակի գեներալ-մայոր Քրիստափոր Արարատյանը (1876-1937):

Քրիստափորը ծնվել է Թիֆլիսի նահանգի Մցխեթ քաղաքի տոհմիկ հայ ազնվական գերդաստանից սերող գեներալ-լեյտենանտ Կարապետ (Գերասիմ) Ավետիքի Արարատյանի ընտանիքում: Սկզբում Քրիստափորը սովորել է Թիֆլիսի կադետային ուսումնարանում, այնուհետև՝ Մոսկվայի Լազարյան հայկական ճեմարանում: Սակայն հոր պնդմամբ նա ընդունվում է Պետերբուրգի Միխայլովյան հրետանու դպրոց և դառնում կադրային զինվորական: Այնուհետև նա մասնակցում է 1905-ի ռուս-ճապոնական պատերազմին, իսկ արդեն 1914-ից՝ գնդապետ Քրիստափոր Արարատյանը Եվրոպական ճակատում 1-ին աշխարհամարտի մղվող մարտերի ակտիվ մասնակիցն էր:

Բոլշևիկյան հեղաշրջումից հետո գիտակցելով, որ թուրքական զորքը կօգտվի իրավիճակից և մուտք կգործի Հայաստան, Արարատյանը տեղափոխվում է Երևան, որպեսզի իր ռազմական մեծ փորձով կարողանա օգտակար լինել հայրենիքին: Այդպես էլ եղավ՝ 1918-ի մայիսին Սարդարապատի հերոսամարտում Քրիստափոր Արարատյանը եղել է հայկական զորամիավորման հրետանու հրամանատարը և աչքի ընկել բացառիկ քաջությամբ: Անկախ Հայաստանի հռչակումից հետո նա նշանակվում է Հայկական առանձին հրետանային բրիգադի հրամանատար: 1918-ի դեկտեմբերին Արարատյանը իր ստորաբաժանումներով մասնակցել է հայ-վրացական պատերազմին և զգալի ներդրում ունեցել հայկական զորքերի ընդհանուր հաղթանակում:

1919-ի մարտին նրան շնորհվում է հայկական բանակի գեներալ-մայորի կոչում, և մինչև 1920-ի ապրիլը Արարատյանը ստանձնում է Հայաստանի Հանրապետության ռազմական նախարարի պաշտոնը: Ուշագրավ է վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի գնահատականը, տրված Քրիստափոր Արարատյանին. «Անհրաժեշտ է շնորհել նրան գեներալի արժանի կոչումը, ու թող Աստծո օգնությամբ տնօրինի Ռազմական նախարարությունը: Նա տաքարյուն է, կոշտ ու հայհոյող, և հայերենից բացի փայլուն տիրապետում է նաև հրամանատարական լեզվին»:

1920-ի հոկտեմբերին, երբ ռուս-թուրքական դավադրության պատճառով ընկավ հայոց բնօրրան Կարսը, Քրիստափոր Արարատյանը՝ Կարսի ռազմական պարետն էր: Նա հայտնվում է գերության մեջ, և միայն 1921-ի վերջին է վերադառնում Երևան: Արարատյանը չի լքում երկիրը և փորձում է անպայման նորից օգտակար լիներ դժվարագույն պայմաններում հայտնված հայրենիքին: Այդ տարիներին նա մասնավորապես աշխատում է Երևանի պետական համալսարանում՝ որպես ռազմական ամբիոնի վարիչ: Սակայն նախկին հայ ազգային գործիչները՝ անընդունելի էին սովետական ապազգային երկրում, և 1937-ի սեպտեմբերին Արարատյանը ձեռբակալվում է՝ «ֆաշիստական և ազգայնական խմբավորման» անդամ լինելու կեղծ ու անհիմն մեղադրանքով:

Երեք ամսվա բանտարկությունից հետո, 1937-ի դեկտեմբերի 10-ին, առավոտյան ժամը 5-ին, հայ ժողովրդի մեծագույն զավակ գեներալ Քրիստափոր Արարատյանը, և նրա հետ նաև Սարդարապատի պանծալի հերոսներ, հայկական բանակի գեներալներ Մովսես Սիլիկյանն ու Դմիտրի Միրիմանյանը, գնդապետներ Աղասի Վարոսյանը, Ստեփան Օհանեսյանը, Հակոբ Մկրտչյանն ու Հարություն Հակոբյանը՝ բեռնատար մեքենայով տեղափոխվում են Նորքի ձոր, ներկայիս Երևանի Կենդանաբանական այգու տարածք, և այնտեղ դավադրաբար գնդակահարվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել