Այն բանից հետո, երբ Ադրբեջանում քրեականացվեց բանակին վերաբերող լուրերի տարածումն առանց Ադրբեջանի ՊՆ-ի թույլտվության, Իլհամ Ալիևի վարչակարգին ավելի հեշտ է խաբել սեփական բնակչությանը` բանակում զոհված և վիրավորված զինծառայողների, ինչպես նաև բանակում տեղի ունեցող հանցագործությունների մասին։ Զարմանալի չէ, որ պաշտոնական Բաքուն մինչև հիմա հայտատարում է, որ ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ զոհվել է երեք տասնյակից մի փոքր ավել ասկյար, այն դեպքում, երբ նույնիսկ անկախ ազերի փորձագետներն ընդունում են, որ զոհվածների թիվն անհամեմատ շատ է։ Սակայն այդ բացը լրացնում են Ալիևի վերահսկողությունից դուրս գտնվող համացանցային ԶԼՄ-ները և արտասահմանում բնակվող վտարանդի ազերի ընդդիմադիրները։ Ընդդիմադիր Meydan TV-ն այդ ժամանակահատվածում իր Facebook-յան էջում հրապարակեց 100-ից ավել հայերի կողմից ոչնչացված ազերի ասկյարների մասին տվյալներ։ Սակայն Ադրբեջանի ՊՆ-ն անդրդվելի էր։
Այսօր էլ, նույն Meydan TV-ին տեղեկություններ է տարածել այս օրերին ադրբեջանական բանակում զոհված ևս երկու ասկյարների մասին, որոնց վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ-ն լռում է։ Առաջինը՝ Աղստաֆայի շրջանի Շիխլի գյուղի բնակիչ 1992 թ-ին ծնված Մոհամեդ Ահմեդովն է։ Երկրորդը՝ Բաքվի Բինագադիի շրջանից զորակոչված, 1997 թ-ին ծնված Վիլայեթ Աբբասովն է, որն ըստ Meydan TV-իի զոհվել է Նախիջևանի "N" զորամասում։ Վիլայեթ Աբբասովի ծնողներին հայտնել են, որ իրենց որդին զոհվել է անզգուշաբար զենքից օգտվելուց, սակայն վերջիններս չեն հավատում դրան։
Հիշեցնեմ, որ նույն Meydan TV-իի շնորհիվ երեք օր առաջ ազերիները իմացան, որ Նախիջևանում զոհվել էր ավագ լեյտենանտ Ռեհիմ Ալիևը։ Meydan TV-ի լրատվական կայքի համակարգող Հաբիբ Աբդուլլաևը նաև հայտնել էր ևս երկու զոհվածների մասին՝ Աղազադե Ասիմանի և Մուստաֆաև Էլեդդինի, որոնց վերաբերյալ Զաքիր Հասանովի գերատեսչությունը ԼՌՈՒՄ է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել