Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը հաճախ է հայտնվում ամենաոճային երգչուհիների տասնյակներում. նա մի անգամ խոստովանել է, որ իր տեսահոլովակների և բեմական հագուստները ինքն է ընտրում: Երգչուհին լուսանկարվել է BlogNews.am–ի նորաձևության բաժնի համար:

- Աստղիկ, ինչպե՞ս կբունաթագրես քո ոճը

 Հատուկ բնորոշում չեմ կարող տալ.  կարծում եմ՝ դա հենց Աստղիկ Սաֆարյանական ոճ է, քանի որ ես հատուկ չեմ հետևում վերջին թրենդներին, ես պարզապես հագուստի ընտրության հարցում վստահում եմ իմ ներքին ձայնին և ներքուստ եմ զգում նորաձևությունը ազդակները: Պարզապես կրում եմ այն, ինչ ինքս եմ համարում ոճային և նորաձև, հետո երբ տեսնում եմ, որ իմ մտքերը համապատասխանում են տվյալ շրջանի միտումներին՝ պարզապես հաճելիորեն ուրախանում եմ: Ես կարծում եմ, որ առավել կարևոր է զգալ նորաձևության միտումները և լինել ավելի ոճային, քան պարզապես կուրորեն հետևել նորաձևությանը և առավելևս կրկնօրինակել դրանք: Յուրաքանչյուր մարդ ունի իր ոճային առանձնահատկությունը, որն ամենից լավ է բնութագրում իրեն: Պետք է հենց դա էլ ընդգծես քո մեջ և ինքդ քեզ ավելի հարմար զգաս քո սեփական ոճի մեջ:

- Ինչպե՞ս ես ընտրում հագուստներդ: Արդյո՞ք լավ հասկանում ես կտորի որակից

- Հագուստներս բացառապես ընտրում եմ հավանելու սկզբունքով, եթե այն շատ է դուր գալիս ինձ, նշանակում է՝ այն ինձ ինչ-որ կերպով հարազատ է և պետք է տեղ գտնի իմ զգեստապահարանում, որպեսզի հետագայում համակցվի իմ մյուս հագուստների հետ: Ինձ համար բնականաբար կարևոր է, որ այն բարձրորակ լինի, բայց ավելի կարևոր է, որ առաջին հայացքից գրավի իր օրիգինալությամբ, կամ որևէ հետաքրքիր լուծումներով:

- Հագուստի գինը կարևոր է՞

- Կան մարդիկ, ովքեր առաջնորդվում են միայն գնով և կարծում են, եթե գինը թանկ է, նշանակում է՝ հագուստը լավն է: Բայց այդ «լավ» հագուստ ասվածն, ամեն մեկի համար տարբեր է, շատ անհատական և կախված, թե ինչն է քեզ համար կարևոր հագուստ ընտրելիս: Ես կարծում եմ, որ գինը երկրորդական է դառնում, երբ հագուստն իսկապես քեզ դուր է գալիս և երբ զգում ես, որ այն հաճելի է կրել:   

- Բրենդային հագուստներ սիրո՞ւմ ես

Սիրում եմ և միշտ կրել եմ և կրում եմ դեռ մանկուց: Դրանց մեջ առավել կարևորելով՝ օրիգինալությունը և բարձր որակը:

- Համաշխարհային, ո՞ր բրենդի դեմքը կցանկանայիր լինել:

- Եթե լիներ նման հնարավորություն, ապա հավանաբար Balmain-ի: Ինձ դուր է գալիս հատկապես այն խստությունը որ պարունակում է Balmain-ի հավաքածուներից մեծ մասը:  

- Նորաձևության հանդեպ սերն էր՞, որ ստիպեց քեզ ստեղծել АCO ապրանքանիշը:

- Միգուցե դա էր պատճառներից մեկը, բայց դա եղել է իմ երազանքներից մեկը և շատ ուրախ եմ, որ կարողացա իրականացնել: Լինելով գլխարկների սիրահար՝ ուրախ եմ, որ այսօր իմ ստեղծած ապրանքանիշը հանդիսանում է Հայաստանում առաջին բրենդներից մեկը, եթե ոչ հենց առաջինը, որ մասնագիտացված է հենց գլխարկների ստեծման մեջ և ներկայացնում է գլխարկների գրեթե բոլոր տեսակները, որոնք բոլորը ձեռքի աշխատանք են:

- Շոպոգոլիկ աղջիկներից ես՞

Կարծում եմ՝ շոպոգոլիկությունը ևս կախվածության մի տեսակ է՝ բնորոշ հիմնականում կանանց: Չեմ հերքի, որ հաճախ եմ գնումներ անում, բայց ամեն դեպքում կախվածություն չունեմ:

- Որոնք են եղել վերջին գնածդ իրերը

- Մի քանի աքսեսուարներ եմ գնել, որոնք պետք էին նոր տեսահոլովակիս նկարահանման համար:

- Ի՞նչ հագուստ չի կարելի գտնել քո զգեստապահարանում

- Բարդ հարց է: Իմ զգեստապահարանում կան շատ տարբեր ոճերի և տեսակների հագուստ, որոնք տարբեր լուծումներով կարող եմ ներկայացնել և կրել:

- Որոնք են քո նախընտրած գույները

- Գունային հատուկ նախընտրություններ, ինչպես նաև սահմանափակումներ չունեմ

- Գիտեմ, որ շատ սիրում ես աքսեսուարներ:

- Այո, քանի որ դրանք կարող են շատ մոդելավորված կերպարին հետաքրքիր իմիջ ապահովել և լրացնել կերպարը:

- Ոճային էքսպերիմենտներ սիրում ես՞

- Եթե դրանք ճիշտ կերպով կնդունվեն և ինձ հոգեհարազատ կլինեն, կամ էլ հաճելի կլինի ինձ և եթե զգամ, որ դա ինձ նորովի կներկայացնի, ապա այո: Բայց եթե դրանց կիրառումը պետք է սխալ ներկայացնի ինձ և կերպարը լիովին փոխի՝ նշանակում է, որ դա իմը չէ:

- Ո՞ւմից ես ոգեշնչվում, երբ օրինակ ուզում ես ոճային փոփոխություն անես:

- Ինքս ինձ ոգեշնչում եմ արվեստի տարբեր բնագավառների հետ առնչվելով, ուսումնասիրում եմ մեծ նկարիչների գործերից, լսում եմ որակյալ երաժշտություն, դիտում եմ խորը ֆիլմեր և այն զգացողությունները, որ ստանում եմ այդ ամենը վայելելիս: Հենց այդ ներքին ներդաշնակ վիճակն էլ ինձ ոգեշնչում և գաղափարներ է տալիս՝ ստեղծելու մի նոր բան՝ կլինի դա ոճային փոփոխություն, թե նոր երգ:

- Ինքդ ես ընտրում բեմական, տեսահոլովակիդ հագուստները, թե՞ ոճաբանի հետ ես համագործակցում

- Արդեն տաս տարի է ինչ ծավալում եմ իմ երաժշտական գործունեությունը, նկահանել եմ բազմաթիվ տեսահոլովակներ, ունեցել եմ բազմաթիվ ֆոտոշարքեր և բոլոր այդ աշխատանքներում միշտ ինքս եմ հանդիսացել իմ ոճաբանը, ստեղծել կերպարներ, մոդելավորում եմ շատ զգեստներ և լավագույն դերձակների օգնությամբ իրականացնում եմ իմ մտքերը, որի արդյունքում շատերն Աստղիկ Սաֆարյանին համարում են ամենաոճային երգչուհիներից մեկը, դա ինձ համար անչափ հաճելի է:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել