ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում նախատեսել է փոփոխություններ և լրացումներ, որոնցով կընդլայնվեն քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) ոլորտում քաղաքացիներին մատուցվող ծառայությունները, կբարելավվի դրանց որակը: 2014թ. սեպտեմբերի 30-ից գործում է ՔԿԱԳ միասնական էլեկտրոնային կառավարման համակարգը, որով «Մեկ պատուհանի» սկզբունքով ապահովվում է ՔԿԱԳ տարածքային բոլոր բաժինների միավորման միջոցով սեղմ ժամկետում քաղաքացիներին ցանկացած ծառայություն մատուցելու հնարավորությունը:

Նշված համակարգի կիրառման շնորհիվ մարդիկ ավելի հեշտությամբ են օգտվում պետական ծառայություններից: Միաժամանակ ապահովվում է թափանցիկությունը, ինչը կարևոր է հակակոռուպցիոն ռազմավարության գործադրման տեսակետից: Սակայն դրական տեղաշարժին զուգընթաց անհրաժեշտ է ներդնել նոր, բարելավված ծառայություններ, որոնց է միտված նաև կառավարության վերը նշված որոշման նախագիծը: Դրանով առաջարկվում է ընդլայնել նաև իրավաբանական անձանց պետական գրանցման ոլորտում մատուցվող ծառայությունների ցանկը` նախատեսելով «նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը` պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի», ինչպես նաև «վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում» ծառայությունները:

Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ ծառայության նոր տեսակների ներդրմամբ հնարավոր կլինի նաև ՔԿԱԳ ոլորտում բացառել ստվերային շրջանառությունը, քաղաքացիներին ազատել նշված ծառայություններն ստանալու նպատակով մի շարք մարմիններ դիմելու ավելորդ քաշքշուկից և մեկտեղել որոշ ծառայությունների մատուցման գործողությունները:
Նախագծի ներդրմամբ կառավարությունն ակնկալում է էականորեն նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, քաղաքացիներին հնարավորություն տալ ավելի դյուրին եղանակով և ողջամիտ ժամկետում ստանալ պատշաճ որակի ծառայություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել