Հայաստանում այս պահին 73 կուսակցություն է գրանցված: Վստահաբար, մեկ շնչին ընկնող թվով առաջատարներից ենք աշխարհում:

Երբ ԿԳ նախարար էի, հաճախ կատակում էի, որ նրանց թիվը հավասար է Հայաստանում մասնավոր բուհերի թվին: Վերջին տարիներին կրթության որակի նկատմամբ հսկողության և նոր ստանդարտների արդյունքում մասնավոր բուհերի թիվը կրճատվեց մոտ երեք անգամ, իսկ կուսակցություններինը շարունակում է աճել:

Եթե քաղաքական գործունեության որակի ստանդարտներ ներդրվեին, ապա հաստատ նրանց 90%-ը կարելի էր փակել: Կուսակցությունների նման քանակը, ցավոք, ոչ թե բազմակարծության, այլ համակարգի դեռևս վերջնական չկայացման ցուցանիշ է: Հուսամ, նոր Սահմանադրության պարագայում այս դաշտի արագ զարգացումը անխուսափելի է:

Նոր կուսակցությունների ստեղծումն էլ դիտարկեք ոչ միայն գալիք ընտրությունների տրամաբանության շրջանակներում, այլև որպես առկա քաղաքական դաշտում մրցունակ քաղաքական ուժերի սակավաթվության հետևանք:

Մեր կուսակցություններից շատ շատերը դեռ լուրջ ճանապարհ ունեն անցնելու, որպեսզի քաղաքական պրոյեկտներից, հետաքրքրությունների ակումբներից և ամբիցիոզ մարդկանց սպասարկման կենտրոններից վերածվեն երկրի զարգացման մրցակցային նախագծերի ստեղծման և տարածման մտավոր ֆաբրիկաների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել