Օրլանդոյի սպանդը զուտ ահաբեկչություն չէր․ այն խորտակիչ հարված էր Օբամայի ժառանգությունը, որովհետև իր մեջ ներառում է այնպիսի սիմվոլիզմ, որից փշաքաղվել կարելի է։ Ինքներդ դատեք, Օբամայի պաշտոնավարման երկու ժամկետներում հիմնական ծրագրերն ու դոկտրինները վերաբերել են Մերձավոր Արևելքին ու ԻՊ-ին, միասեռականների իրավունքներին և ահաբեկչության դեմ պայքարին։ Եվ ինչի՞ ենք մենք ականտես լինում։

Ահաբեկիչը զանգվածային սպանդ է իրացնում գեյ-ակումբում, որի արդյունքում 50 մարդ է զոհվում, ովքեր հիմնականում միասեռականներ են (ի դեպ, ամենևին չեմ հասկանում և առավել ևս՝ կիսում ոմանց բերկրանքն այս փաստի առնչությամբ)։ Այնուհետև, զանգահարում է 911 և հավատարմության երդում է տալիս ԻՊ-ին, որը առնվազն Ամերիկայի վարած մերձավորարևելյան քաղաքականության արգասիք է, իսկ առավելագույնը՝ հենց ամերիկյան հատուկ ծառայությունների կրեատուրա։ Այս ահաբեկչությունն ամենամահաբեր ահաբեկչությունն էր ԱՄՆ տարածքում՝ սեպտեմբերի 11-ից հետո ու կրկին անգամ խուճապի ալիք է բարձրացրել ԱՄՆ-ում։

Ընդ որում, շատերը այդպես էլ չեն խորանա այնքան, որ հասկանան, որ խնդիրը ոչ այնքան իսլամիստական վտանգն է, որքան գրեթե ցանկացած հրազենի ազատ շրջանռությունը նահանգներում։ Փոխարենը, միամիտ ամերիկացիները կրկին կհավատան, որ իրենց գլխավոր ռիսկը՝ իսլամն է, իսկ գլխավոր թշնամին՝ ԻՊ-ն, որն այդ կարգավիճակում կփոխարինի Ալ Ղաիդային։

Իսկ այդ միջոցին, Թրամփը ուրախ շփում է ձեռքերը, որովհետև ընտրությունների նախաշեմին ավելի մեծ «նվեր» դժվար էլ լիներ, և այժմ նրա պոպուլիզմն ու ռադիկալ հայտարարությունները նոր թափ կստանան, իսկ Դոնալդը դրանից այնպիսի շոու կսարքի, որպիսին դեռ չի եղել ԱՄՆ ընտրությունների քարոզարշավներում։ Հիլարի Քլինթոնին էլ սև օրեր են սպասվում, որովհետև անկասկած է, որ հանրապետականները չեն վարանի շան լափը նրա գլխին թափել, որովհետև Քլինթոնն անմիջական շատ մեծ պատասխանատվություն է կրում Մերձավոր Արևելքում այսօր տիրող իրավիճակի համար։ Աչքիս ԱՄՆ հաջորդ նախագահը լինի հանրապետական։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել