Խորհրդարանում ցանկացած քաղաքական ֆրակցիա փորձում է ներկայացնել տարբեր հասարակական սեկտորի շահերն ու նրա քաղաքական կամարտահայտությունը:

Հայրենի պառլամենտական ֆրակցիաներից ամենաընդդիմադիրը` ՀԱԿ-ը, 2012-ի ընտրություններից հետո ունեցավ լուրջ վերադասավորումներ: Խմբակցության ներսում առաջացել են խմբավորումներ, յոթ անդամներից միայն երեքն են բուն ՀԱԿ-ի թեզերը պաշտպանում խորհրդարանում:

Հարկ եմ համարում առանձնացնել խմբակցության ղեկավարի և քարտուղարի գործունեությունը. օրենսդիրում հենց նրանք են Լևոն Տեր-Պետրոսյանի գծի կրողներն ու խմբակցությունում առաջացած կազուսը փոքր-ինչ շտկողները, նրանք ամեն կերպ փորձում են փրկել և կարգավորել ֆրակցիայում առաջացած լճացումը:

Հիմա ըստ էության. Աժ այսօրվա նիստի ընթացքում շարունակվեց քննարկվել պետբյուջեի կատարողականը: Լևոն Զուրաբյան-Արամ Մանուկյան դուետն իսկական «հարցաելույթային ֆուրոր» կազմակերպեց: Երկու պատգամավորներն էլ ակնհայտ ակտիվություն ցուցաբերեցին, գրեթե բոլոր զեկուցողներին հարցեր ուղղեցին, ինչպես նաև` ամեն կերպ փորձեցին օգտագործել ԱԺ քաղաքական հարթակը: Եթե հաշվի առնենք, որ ընթացիկ քառօրյան վերջինն էր նախընտրական էտապի մեկնակից առաջ, ապա զարմանալի չէ, որ ՀԱԿ անդամներն ամեն կերպ փորձում են ժամանակից շուտ ազդարարել նախընտրական «սեզոնի» սկիզբը:

Զուրաբյան-Մանուկյան տանդեմը փորձում է ամեն կերպ փրկել ՀԱԿ-ը, բարձրացնել կորսված հեղինակությունը, քանի որ եթե նայում ենք լայն ասպեկտում` ներկա ընդդիմադիր հատվածում իրավիճակն ուղղակի խառնիճաղանջ է: ՀԱԿ-ն ունի ընդդիմադիր դաշտում հեգեմոն և լոկոմոտիվի դեր ստանձնելու խնդիր, այլապես հնարավոր է հայտնվի խաղից դուրս վիճակում: Սրանք թեզեր են, որ քաջ գիտակցում են թե՛ Մանուկյանը, թե՛ Զուրաբյանը:

Հարգանքով վերաբերելով և որևէ անձնական թշնամանք չունենալով նշված քաղաքական գործիչների հանդեպ, պետք է նշեմ, որ նման փուլային ակտիվացումները, ըստ իս, բավարար չեն հասարակության առաջ ըստ արժանվույն ներկայանալու համար, հնարավոր չէ միայն գործող համակարգում առկա խնդիրները վեր հանելով քաղաքական դիվիդենտներ հավաքել: Հեշտ է միայն քննադատելն ու հայտարարել, որ երկրում ամեն ինչ վատ է, կամ առկա են այս կամ այն թերությունները, ավելի դժվար է բանաձևեր և աշխատանքային մոդելներ առաջարկելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել