Երեկվանից սկսվել է գարնանային կիսամյակը։ Էսօր առաջին դասս էր՝ սոցիոլոգիան և արվեստները։ Էստեղ, անկախ մասնագիտությունից, պիտի առնվազն մեկ սոցիալական գիտություն առարկա վերցնես։ Դասավանդվող սոցիալական առարկաները շատ են, ու դրանցից կարող ես ընտրել ուզածդ։ Ես էլ ցուցակն ուսումնասիրել էի ու ուրախությամբ ինձ համար բացահայտել «սոցիոլոգիան և արվեստները» վերնագրով առարկան։ Ճիշտ է, սոցիոլոգիան ինքն իրենով էլ հետաքրքիր առարկա եմ համարում, առաջարկվող ցուցակում էլ ավելի նեղ ուղղվածությամբ ահագին հետաքրքիր առարկաներ կային, բայց դե արվեստից ավելի հետաքրքիր չէին ինձ համար։ 

Ինչպես բոլոր դասախոսները, պրոֆեսոր Ջուլիա Ռոթենբերգն էլ է նախ և առաջ հետաքրքրվում, թե մեզանից քանիսն են արվեստի հետ կապ ունեցող մասնագիտությամբ։ Պարզվում է՝ ընդամենը չորսս՝ ես ու ևս երեք հոգի։ Մի պահ մասնագիտությունների թեմայով խորանում ենք, տղաներից մեկն ասում է, որ ինքը դաջվածքներ անող է (tattoo artist)։ Հետո դասախոսը հետաքրքրվում է, թե մեզանից քանիսը դաջվածք չունի։ Մինչ ես ապշում եմ հարցադրման ժխտական ձևից ու ձեռքս բարձրացնում, պարզվում է՝ հարցը լավ էլ տեղին էր. էստեղ ինձ նման հետամնացներին հաշվելու համար մի ձեռքի մատներն էլ շատ են։ 

– Փաստորեն, դաջվածք չունենալն էսօր հազվագյուտ բա՞ն է,– զարմացած ասում եմ դասախոսին։ 
– Հա, բա ի՞նչ. ես մարզադահլիճ գնալիս նույնիսկ ամաչում եմ բաց շորեր հագնել, որովհետև էնտեղ միակն եմ, ով դաջվածք չունի, պատկերացնո՞ւմ ես։ 

Չեմ պատկերացնում։

– Խելագար աշխարհ է– ասում եմ կիսաձայն ու միաժամանակ լսում, թե ոնց է ինձնից ձախ նստած աղջկան իրենից ձախ նստած տղան զարմացած ասում. 
–Լու՞րջ, ոչ մի դաջվածք չունե՞ս»։ 

– Քանի՞ տարի է՝ ԱՄՆ–ում ես,– հարցնում է դասախոսս, որն արդեն պարզել է, որ Հայաստանից եմ։ 
– Հինգից ավել։
– Դե, իսկը ժամանակն է դաջվածք անելու,– ծիծաղում է։
– Չեմ էլ պատրաստվում,– ես էլ եմ ծիծաղում։

Պարզվում է՝ մենք՝ չդաջվածներս, արդեն վերացող տեսակ ենք...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել