Blognews-ը զրուցել է գնդապետ Կարեն Գրիգորյանի հետ, ով 17 տարեկանում կամավորագրվել և մասնակցել է Արցախյան պատերազմին, այժմ, ՊԲ N զորամասի  հրամանատարն է։

-Պարոն գնդապետ, Ձեր հրամանատարության ներքո ամենամեծ միավորումներից մեկն է։ Որպես մարդ՝ ով տեսել է թե՛ առաջին, թե՛ երկրորդ պատերազմը, կարո՞ղ եք համեմատության եզրեր անցկացնել՝ ինչպիսի՞ն էր շարքային զինվորն 90-ականների կռվի ժամանակ և հիմա։ Ի՞նչ առավելություններ կան և ի՞նչ  ուղղություններ կան, որ պետք է զարգացնենք։

- Այս 2 պատերազմներում տարբերությունները շատ մեծ են։ Համեմատականներ տանելիս պետք է նշել, որ  նախորդ պատերազմի ժամանակ շատ քչերն էին մարզված, չկային կանոնավորված ստորաբաժանումներ, իսկ այս քառօրյա պատերազմում կա կանոնավոր բանակ, յուրաքանչյուր ստորաբաժանում գիտեր՝ ինչ խնդիր պիտի կատարի։

Ճիշտ է, հակառակորդը հանկարծակի սկսեց քառօրյա պատերազմը, սակայն  մեր զինվորները, սպաները, յուրաքանչյուր անձ, թե ստորաբաժանում կարողացել են կատարել իր խնդիրը։

-Անկասկած կային որոշակի բացեր, որոնք կցանկանայինք, որ չլինեին։ Դուք՝ որպես հրամանատար, ի՞նչ ուղղություններ եք տեսնում, որոնք պետք է զարգացնել, ի՞նչ կարող է անել հայ հասարակությունը դրա համար։

-Բանակի գոյության ընթացքում միանշանակ թե՛ անձը, թե՛ ստորաբաժանումը յուրաքանյուր օր, յուրաքանչյուր ժամ պիտի աշխատի իր ունակությունների, գիտելիքների բարձրացման վրա։ Չկա հասկացողություն, որ ասենք՝ այսօր բանակը կամ զորամասը հասել է այն մակարդակին, որ կարող  է կանգ առնել, ո՛չ, անընդհատ պիտի կատարելագործվի, և մենք այդ խնդրի կատարման մեջ ենք։

Հաշվի առնելով, որ ժամկետային զինծառայողներ են զորացրվում, նորակոչիկներ են գալիս, կարևոր է, որ մարտունակությունը, գիտելիքներն ու ունակությունները բարձրացվեն։

Թեկուզ անցել  ենք պաշտպանության, բայց նույն խնդիրը կատարվում է, տարբեր մարզումներ են անցկացվում և՛ դիրքերի, և՛ ստորաբաժանումների հետ թե՛ հարձակողական, թե՛ պաշտպանողական։ Չի բացառվում, որ  վաղը չէ մյուս օրը կարող ենք խնդիր ստանալ՝ անցնել հարձակման։

-Զորքը պատրա՞ստ է։

-Զորքը պատրաստ է և խնդիրը կարող է կատարել բարձր մակարդակով։

-Այս օրերին մենք ականատես եղանք  հայ հասարակության աննախադեպ վերելքի, որն արտահայտվում էր ոչ միայն ինչ-որ օգնություններ ցուցաբերելով, այլև ներքին միասնությամբ։ Փոխվեց մարդկանց ինքնագիտակցությունը։ Դուք զգացե՞լ եք դա ու ինչ դրական դրսևորում կնշեիք, որ չկար մինչև ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։

- Ես այն պատերազմի մասնակից էլ եմ եղել։ 90-ականների պատերազմի ժամանակ չի եղել հայ ազգի այն միասնությունը, որ տեսել ենք այս պատերազմի ժամանակ։ Ոչ մեկս էլ չէինք պատկերացնում, որ հայ ազգը նորից կմիանա, կդառնա մի բռունցք և բոլորը միասին կանցնեն նոր խնդրի կատարման։ Թե՛ Հայաստանը, թե՛ Ղարաբաղը, թե՛ Սփյունքն օգնել են։ Ժամանակին ներկայացել են կամավորականներ տարբեր տեղերիից, 90-ականներին այդպես չէր։

- Ցանկացած պատերազմում բանակի հետ կապված ամենասենտիմենտալ կողմը «ժամկետային զինծառայող» կերպարն է։ Մենք շատ զգացմունքային ենք տրամադրված։ Ի՞նչ  կասեիք Ձեր հրամանատարության տակ գտնվող 18-20 տարեկան տղերքի ծնողներին։

-Նախ՝ բոլոր ծնողներին, իրենց ընտանիքների հետ հաջողություններ եմ ցանկանում։ Թող հպարտ լինեն, որ իրենց երեխաներն այսօր ծառայում են Պաշտպանության բանակում։ Պետք է բոլորը հպարտ լինեն, որ իրենց զինվորները կատարում են հերոսի սխրանքներ։ Այսօր մեր ժամկետային զինծառայողները՝ 18 տարեկան երեխաները, այնպիսի հերոսություններ են կատարում։ Ճիշտ է, նախորդ պատերազմի ժամանակ էլ են եղել հերոսներ, սակայն այս պատերազմի փորձը ցույց տվեց, որ ժամկետային զինծառայողը, 18-19 տարեկան տղան հանուն իր հայրենիքի ու  ժողովրդի ի վիճակի է կատարել այն, ինչ պահանջվում է։

-Ֆեյսբուքում  անընդհատ ակտուալացնում են պրոֆեսիոնալ բանակ ունենալու հարցը։ Այս պատերազմը հնարավորություն տվեց մարտական պայմաններում համեմատել պայմանագրային զինծառայողի մարտական ունակությունները, տոկունությունն ու հմտությունը ժամկետայինի հետ։ Դուք՝ որպես հրամանատար, դաշտում Ձեզ ավելի վստահ կզգայիք պայմանագրայինների՞ց, թե՞ ժամկետայիններից բաղկացած գնդի հետ։

-Պայմանագրայինի անցնելը չի խանգարում, եթե, օրինակ, լինեն պայմանագրային ստորաբաժանումներ, սակայն այնպես չլինի, որ չենք վստահում մեր ժամկետային զինծառայողին։ Որպես հրամանատար՝ ես վստահում եմ իմ ցանկացած ժամկետային զինծառայողի։ Ես կխնդրեի մեր ժողովրդին, որ ամեն մեկը զբաղվի իր գործով, նա, ով պիտի զբաղվի բանակով, զբաղվի բանակով, ով պիտի զբաղվի քաղաքականությամբ, զբաղվի  իր գործով, որովհետև այնպիսի բաներ են գրում, որոնք չեն համապատասխանում այսօրվա իրավիճակին։

Նյութը՝ Կոնստանտին Տեր-Նակալյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել