Երկու խօսք ստորև ներկայացուող յօդուածի կապակցութեամբ. պանթիւրքիզմի գաղափարը, իրականում, ներկայում ոչ միայն գոյութիւն ունի, այլև բացայայտ թէ թաքուն կերպով այն իրականացնելու ուղղութեամբ աշխատանք է կատարւում։ Խօսենք օրինակներով.
Առաջին. 2009թ. հոկտեմբերի 3-ին կեանքի կոչուեց Թիւրքալեզու պետութիւնների համագործակցութեան խորհուրդ (The Cooperation Council of Turkic Speaking States), որին անդամակցում են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Թուրքիան։ Գաղափարը, իհարկէ, նոր չէ, և Թուրքիան դեռևս 1992թ. նախաձեռնել էր Թիւրքալեզու պետութիւնների գագաթաժողով (Turkic Speaking States Summit), որն ի վերջոյ յանգեցրեց վերոյիշեալ խորհուրդը կեանքի կոչելուն։ Կազմակերպութեան ծրագրերից են՝ Թիւրքական գործարար խորհրդի, Թիւրքալեզու պետութիւնների փոխադրական միջանցքների վարչական գործակալութեան, Թիւրքական գիտահետազոտական հիմնադրամի, Գոյքի ձեռքբերման օրէնսդրական ներդաշնակեցման յանձնաժողովի, Թիւրքալեզու պետութիւնների զարգացման հիմնադրամի, Թիւրքալեզու պետութիւնների միասնական իրաւարար դատարանի, Թիւրքական միջհամալսարանական միաւորման, միասնական ապահովագրական ընկերութեան հիմնում[1]։ Սա նշանակում է, որ Թուրքիան Միջին Ասիայի թիւրքալեզու երկրների հետ տնտեսական, մշակութային, գիտահետազոտական և այլ բնագաւառների ուղղութեամբ համագործակցութեան հաստատման ու զարգացման ուղիներ է որոնում։ Թիւրքական խորհրդի դրօշը:
Երկրորդ. 2012 թ. մայիսի 12-13-ը Անկարայում տեղի ունեցաւ, կազմակերպիչների բնորոշմամբ, Իրանի ազերիների առաջին խորհրդաժողովը, որին մասնակցում էին Իրանից, Ադրբեջանի Հանրապետութիւնից, Թուրքիայից, Իրաքից և այլ երկրներից ներկայացուցիչներ։ Երկօրեայ նիստերի աւարտին կեանքի է կոչուել, այսպէս կոչուած, Հարաւային Ադրբեջանի թուրքերի միջազգային ազգային խորհուրդ (International South Azerbaijani Turks´ National Council), որի խօսնակը խորհրդաժողովից յետոյ տեղի ունեցած մամլոյ ասուլիսի ժամանակ յայտարարեց, որ իրենց վերջնանպատակն է Հարաւային Ադրբեջանի անկախութիւնը։ Այս կապակցութեամբ հարկ է նշել, որ նախ՝ այսպէսկոչուած «Հարաւային Ադրբեջան» գոյութիւն չունի, և այդ անուանումը հորինած պանթիւրքական հոսանքները, Հարաւային Ադրբեջան ասելով, նկատի ունեն ԻրանիԱտրպատականը։ Երկրորդ. Իրանի Ատրպատականի բնակիչները թիւրքախօս են և ոչ թուրք, երրորդ՝ անհասկանալի է, թէ ինչ է նշանակում միջազգային ազգային խորհուրդ, ի վերջոյ այն ազգայի՞ն է, թէ՞ միջազգային։ Նիստերին մասնակցել են Ադրբեջանի Հանրապետութեան կրթութեան նախկին նախարար Ֆիրուդին Ջելիլովը (Firudin Celilov), Ադրբեջանի խորհրդարանի պատգամաւորներ Ֆերեջ Ուլուսոյը (Ferec Ulusoy) և Սաբիր Ռուստամխանլին (Sabir Rüstemxanlı), Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամաւորներ Ջեմիլ Ունալը (Cemil Ünal) և Օրհան Քայիհանը (Orhan Kayıhan), Իրաքի խորհրդարանի թուրքմէն պատգամաւոր Ֆևզի Էկրեմը (Fevzi Ekrem) և այլք[2]։ Այս կապակցութեամբ առաջանում են մի շարք հարցեր, օրինակ.


Ինչո՞ւ է Թուրքիան թոյլատրում իր հարևան երկիր Իրանից տարածքներ անջատելու և անկախանալու նպատակ հետապնդող խորհրդաժողովի գումարումը Անկարայում։ Ժողովին ինչու՞ են մասնակցում Թուրքիայի խորհրդարանի թէկուզև նախկին պատգամաւորներ և Ադրբեջանի Հանրապետութեան կրթութեան նախկին նախարարն ու խորհրդարանի  պատգամաւորներ։ Այս ամբողջը արդե՞օք չի վկայում Իրանի նկատմամբ տարածքային նկրտումներ ունեցող Թուրքիայի և Ադրբեջանի վերնախաւերում առկայ մտայնութեան մասին։

Մեր կարծիքով այս և նմանատիպ քայլերը պիտիդիտարկել որպէս պանթիւրքիզմի գաղափարի իրականացմանը միտուած քայլեր։Պանթիւրքիզմի արդի գաղափարախօսներից և ռազմավարութեան մշակողներից մէկը ՍաբիրզիանԲադրեդինն է։ Ստորև ներկայացւում է յիշեալի «Պանթիւրքիզմ. անցեալը, ներկան, ապագան» յօդուածի թարգմանութիւնը։ Յօդուածն առաջին անգամ հրատարակուել է Լոնդոնումլույս տեսնող «Թուրքմէն» (Turkoman) հանդէսի 1998 թ.դեկտեմբերի համարում։ Նկատի ունենալով յօդուածիկարևորութիւնը` այն թարգմանբար ներկայացնում ենք հայ ընթերցողին։ Վերոնշեալ օրինակները պիտի դիտարկել Բադրեդինի առաջարկած ռազմավարութեան առաջինհանգրուանի շրջագծում։ ՊԱՆԹԻՒՐՔԻԶՄ. ԱՆՑԵԱԼԸ, ՆԵՐԿԱՆ, ԱՊԱԳԱՆ[3] Սաբիրզիան Բադրեդին (Sabirzyan Badretdin)            Պանթիւրքիզմի (Pan-Turkism) զարգացումը կենսական նշանակութիւն ունի թէ թիւրքական (Turkic ) նոր պետութիւնների համար, որոնք ստեղծուել են Խորհրդային Միութեան փլուզման հետևանքով և թէ Ռուսաստանի ու Չինաստանի նման  թիւրքալեզու փոքրամասնութիւններ ունեցող ազգերի (Nation) համար։ Պանթիւրքիզմն առաջարկում է աւելի գրաւիչ տարբերակ` ծայրայեղական ազգայնականութեան, արմատական իսլամի և աշխարհիկ արևմտականացման փոխարէն։ Սակայն աշխարհի թիւրքալեզու ժողովուրդների աւելի մեծ  համարկման նպատակով յաջողութեան հասնելու համար պանթիւրքիզմը պիտի յաղթահարի այն բացասական պատկերը, որն առաջացել է արհեստական տպաւորութիւնից առ այն, որ շարժումը, Անկարայի քաղաքական հաւակնութիւններից բացի, ոչինչ չէ։ Հետևաբար նուազագոյնը մօտ ապագայում շարժումը պիտի կենտրոնանայ լեզուի, մշակոյթի և մարդու իրաւունքների վրայ։Պանթիւրքիզմի վերաբերեալ բոլորի կողմից ընդունելի սահմանում գոյութիւն չունի։ Ընդհանուր առմամբ պանթիւրքիզմը գաղափարական, քաղաքական և, որոշ չափով, մշակութային շարժում է, որի նպատակն է հասնել աշխարհի թիւրքալեզու ժողովրդների աւելի մեծ միասնութեան աստիճանի` հաւանաբար նպատակակէտ ունենալով հաստատել թիւրքական պետութիւնների համադաշնութիւն (Confederation) կամ, նոյնիսկ, թիւրքական դաշնութիւն (Federation)։ Ոմանք կարող են պատճառաբանել, որ պանթիւրքիզմը ձգտում է ազատագրել բոլոր թիւրքալեզու ժողովրդներին գաղութատիրական ճնշումից կամ ընդգրկում է այնպիսի բաներ, ինչպիսին է ընդհանուր այբուբենը կամ լեզուն, միատեսակ մշակոյթը և այլն։ Թուրքիայում պանթիւրքիզմը առաւելաբար նշանակում է Անկարայի ազդեցութեան տարածումը դէպի Արևելք։Այն պայմաններում, երբ թիւրքալեզու ժողովուրդների համարկման մշակութային երեսները որևէ մէկի կողմից սպառնալիք չեն նկատւում, պանթիւրքական քաղաքական օարակարգն առաջացնում է վախեր թիւրքական պետութիւնների հարևան երկրների մայրաքաղաքներում կամ այն երկրներում, որոնք իրենց սահմաններից ներս ունեն թիւրքական փոքրամասնութիւններ։ Այս առումով պանթիւրքիզմի սահմանումը Ռուսաստանում, Բուլղարիայում, Յունաստանում, Չինաստանում և մի քանի այլ երկրներում սովորաբար համակցւում է բացասական դարձուածքներով և ընդգրկում է այնպիսի ածականներ, ինչպէս՝ «յետադիմական», «ծաւալապաշտական», «վերադարձական» (Irredentist ) և այլն։ Անցեալ մի քանի տասնամեակում Արևմուտքում պանթիւրքիզմի բացասական սահմանումը աւելի մեծ տարածում է ունեցել։ Թուրքիան, որը չի ցանկանում իր յարաբերութիւնները Ռուսաստանի և Արևմուտքի հետ վատացնել, խուսափել է գործուն դեր ստանձնել թիւրքականութեան վերակենդանացման մէջ։ Պանթիւրքիզմի բացասական պատկերն Արևմուտքում արգելք է հանդիսացել, որ Անկարան ստանձնի թիւրքերի միաւորման գործընթացում ղեկավարի դեր։ Խորհրդային Միութեան փլուզումը և թիւրքական անկախ հինգ այլ պետութիւնների յայտնուելը, անտարակոյս, յանգեցնելու է այս երկարատև քաղաքականութեան վերարժևորմանը։
Շարունակությունն՝ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել